– Բոլոր այն խոսքերը, որ մենք օգտագործում ենք իմաստ չունեն։ Այսինքն ունեն, բայց ոչ միշտ այն իմաստը, որն անհրաժեշտ է։ Երբեմն դրանք չեն արտահայտում այն, ինչ զգում ենք։ Վերցնենք, օրինակի համար, «լավ» բառը։ Երբ քեզ որևէ ֆիլմ է դուր գալիս, դու գիտես, որ այն քեզ դուր է գալիս, քանի որ տվյալ ֆիլմը դիտելը քեզ համար հաճելի է և լավ է։

Միգուցե այն պատճառով, որ քեզ նույնականացնում ես գլխավոր հերոսի հետ, կամ այն սիրունիկ աղջիկը քեզ հիշեցնում է քո առաջին ընկերուհուն…Մեկ ուրիշի համար ֆիլմը լավը կլինի, իր մեծ բյուջեի և շքեղ նկարահանումների պատճառով՝ միանգամից կարելի է նկատել մասշտաբային հատուկ էֆեկտները։

Երրորդի համար ֆիլմը ամենալավը կլինի միայն նրա համար, որ դիտողին կտրում է իրականությունից և հնարավորություն է տալիս հերոսների հետ միասին տեղափոխվել միջին դարերի Իտալիայի մենաստաններից որևիցե մեկը կամ ընկղմվել հեռավոր ապագայի անհրապույր և մարդատյաց միջավայր։ Մեզանից յուրաքանչյուրը անթիվ այսպիսի օրինակներ կարող է բերել։

– Այո, դե Բրասկի, Դուք ցանկանու՞մ եք ինչ-որ բան ասել – Ֆրանսուա Բլանը նկատեց, որ ուսանողներից մեկը պատրաստվում է հարց տալ։

– Շնորհակալություն մսյե Բլան։ Այո, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, բայց ինձ թվում է, որ Ձեր պնդումը ոչ միշտ է ճիշտ։ Ես կասեի՝ հիմնականում ճիշտ չէ։ Ես համաձայն եմ իհարկե, որ «լավ» կամ «վատ» բառը մեզ միշտ այն յուրովի մեկնաբանելու հնարավորություն է թողնում՝ յուրաքանչյուր մարդ իր պատկերացումներն ունի լավի և վատի մասին։

Սակայն մսյե, եկեք դիտարկենք, օրինակ, «սառնարան» բառը։ Կարծում եմ գոնե այս լսարանում գտնվողների ճնշող մեծամասնության համար այն միանշանակ տալիս է մեզ լավ հայտնի կենցաղային տեխնիկայի սահմանումը։

Լսարանով տարածվեց՝ դե Բրասկիի ճառը հավանության արժանացնող ուսանողների ծիծաղի ալիքը։

– Բրավո, դե Բրասկի։ Դուք երբեք թույլ չեք տալիս ինձ շփոթվել։ Հույս ունեմ, որ մյուս դասախոսությունների ժամանակ նույնպես այսպես զգոն եք ։ – դե Բրասկին կծեց շրթունքը՝ միանգամից երևում էր, որ նա ակնկալում էր այդպիսի հաճոյացող պատասխան։

Եվ ուրեմն, – Բլանը դեմքի արտահայտությունը վարկենական փոխվեց և նա կրկին խիստ պրոֆեսորի կերպարի մեջ մտավ – մենք խոսում էինք այն բանի մասին, որ խոսքերը կարող են տարբեր իմաստներ ունենալ տարբեր մարդկանց համար։

Կարող ենք ևս մի քայլ առաջ գնալ և պնդել, որ նույնիսկ նույն մարդու համար այդ բառերը կարող են տարբեր իմաստ արտահայտել՝ կախված նրա կյանքի փուլից, հանգամանքներից, և այլն։ Առաջին հերթին սա վերաբերում է այն բառերին, որոնք մենք օգտագործում ենք որակող կամ գնահատողական դատողություններ անելու համար։ Այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «լավ», «վատ», «բարի», «չար», «զգալի», «աննշան» և այլն։

Եկեք օգտագործենք, օրինակ, նույն «սառնարան» բառը։ Եթե ես ասեմ, որ այսօր սառնարան եմ գնել և պարզվեց, որ այն այնքան էլ լավը չի, ձեզ մոտ պետք է բնական հարց առաջանա ՝ – ինչու՞ ։

Կարող է պատահել՝ այն վատ է սառեցնում, կամ ամենալավ դիզայնը չունի, կամ, միգուցե, այն հիանալի է աշխատում և շատ գեղեցիկ է, սակայն երկու տարի առաջ է արտադրվել…

Լավ, բավական է, այսօր հերիք է սառնարանների մասին խոսենք։ – Ֆրանսուա Բլանը նայեց ձեռքի ժամացույցին. – Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Ո՞վ է կցանկանա ամփոփել այսօրվա դասախոսությունը։

Վերջին շարքում նստած մի աղջիկ ձեռքով ցույց տվեց դիմացի շարքերի վրա, ավելի կոնկրետ՝ երկրորդ շարքում նստած Ռեյմոնդ դե Բրասկիի ուղղությամբ։

– դե Բրասկի, մոտեցեք կախաղանին. – դե Բլանը ժպտաց՝ տեսնելով ինչպես Միշել Դրուան արագ հետ քաշեց ձեռքը, հետ պտտված դե Բրասկիին հնարավորություն չտալով հասկանալ, թե ով այդքան հնարամիտ ձևով առաջարկեց իր թեկնածությունը։

Դե Բրասկին ձևական դժգոհություն ցուցադրելով տեղից վեր կացավ և մի պահ լռությունից հետո սկսեց իր մտքերը շարադրել։

– Ես համառոտ կլինեմ, մսյե Բլան։ Իմ կարծիքով այսօր դուք մեզ սովորեցրիք շատ կարևոր մի բան։ Անձամբ ես նախկինում երբեք չէի մտածել, որ որպեսզի սառնարանը լավը համարվի, այն պետք է լինի և գեղեցիկ, և հուսալի աշխատող, և նոր…

Իսկ եթե լուրջ, ես հասկացա թե որքան կարևոր է բանակցությունների ժամանակ համոզված լինել, որ նույն եզրույթներն օգտագործելով բոլոր կողմերը նույն բանն են հասկանում։

Եվ իհարկե, անչափ կարևոր է կարողանալ ճիշտ օգտագործել ընդհանուր և մասնավոր հասկացությունները, որտեղ ասել ուղղակի «լավ», իսկ որտեղ՝ «լավ, որովհետև»։

– Կեցցեք դե Բրասկի, սա հենց այն է, ինչ ես ուզում էի լսել։ Ես կավելացնեի միայն նաև, թե որքան կարևոր է և միևնույն ժամանակ դժվար ընտրել՝ երբ պետք է մանրամասնել, կամ ընդհակառակը՝ ընդհանրացնել այն ինչ ցանկանում ես ասել։

– Ռեյ, չեմ հասկանում, թե ինչպես ես հաջողացնում այս ամենը –

Միշել Դրուայի հիացած ձայնի մեջ զգացվում էր թեթև ձևականություն երանգներ։ Ֆրանսուա Բլանը դասախոսական հանդիմանությամբ նայեց նրա կողմ։

– Դուք ունեիք Ձեր վերլուծական հնարավորությունները ցույց տալու նույն հնարավորությունը մադմուազել Դրուա։ Պետք էր ուղղակի ավելի նախաձեռնող լինել։ Առավել ևս, որ ես չեմ կասկածում, որ բոլոր հարցերի պատասխանները դուք ունեք։

Ուսանողները Բլանի այս նկատողությանը կրկին պատասխանեցին զուսպ ծիծաղով։ Ինքը՝ դե Բրասկին, կեղծ լուրջ արտահայտությունը դեմքին շրվեց դեպի Միշելը և ասաց։

– Իսկ եթե ոչ, ես պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին դասերից հետո։

Այդ խոսքերի հետ լսվեց զանգի ձայնը, որը խառնվեց լսարանի ուսանողների՝ այս անգամ ազատ և զրնգուն ծիծաղին և աղաղակին։

– Միայն թե ուշքներդ չգնա։ Դուք ինձ ողջ և առողջ եք պետք. շատ բան ունեմ ձեզ պատմելու։ Իսկ հիմա բոլորն ազատ են։ – խիստ տոնով ասաց դե Բլանը։

Միշելին և Ռեյմոնդին լսարանի դռների մոտ բռնացնելով, դե Բլանը խորհրդավոր ձայնով ասաց։

– Իսկ ձեզ, երիտասարդներ, կխնդրեմ այսօր դասերից հետո իմ կաբինետ գալ։ Կսպասեմ ձեզ ժամը 4-ի համար։

Դե Բլանը հանեց ակնոցները և զգուշորեն դրանք տեղադրեց պատյանի մեջ։ Նա այդ ակնոցները ընդհամենը մի քանի ամիս էր կրում և դեռ շատ խնամով էր դրանց հետևում։