Վարդան Ասլանյանի բլոգում (Philotheus) կարող ենք կարդալ ճապոնական հիասքանչ պոեզիայի և դրա մեջ աշնան արտացոլանքի մասին ահա այսպիսի մի հրաշալի հոդվածի։ Այն ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ։ Շնորհակալություն Վարդանին այս գերազանց անդրադարձի համար։
—
Եթե երբևէ դիտել եք ֆիլմեր կամ նկարներ Ճապոնիայի մասին, ապա կարող եք պատկերացնել աշնան գեղեցկությունը Ճապոնիայում:
Թվում է՝ խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների կուսական գեղեցկությունը, բայց ճապոնացի բանաստեղծներին այնուամենայնիվ հաջողվել է դրոշմել աշնան այս չքնաղ պատկերները համառոտ տողերում:
Ճապոնական պոեզիայում առանց ավելորդ պաճուճանքների ներկա են և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ ճապոնական ավանդական կրոնից՝ սինտոիզմից բխող բնապաշտական պատկերացումները:
Քանի որ անհնարին է մեկ հոդվածով սպառել այս ընդգրկուն թեման, խոսենք միայն “հայկու” եռատողերի մասին: Այո, սրանք այն համեստ եռատողերն են, որոնք կարող են ծիծաղ հարուցել ընթերցողի մոտ՝ առաջին հայացքից անկապակից ու ոչինչ չասող բովանդակության պատճառով, բայց մտքում ստեղծված պատկերների վերլուծումը և հեղինակին ապրումակցումը օգնում է բացահայտել քիչ թվով բառերի ետևում թաքնված փիլիսոփայական իմաստը:
“Հայկու”-ն կամ “հոկկու”-ն ճապոնական պոեզիայում XIV դարում սկզբնավորված բանաստեղծական ժանր է (այս ժանրում ստեղծագործող բանաստեղծը “հայդզին”-ն է):
Ինքնին հասկանալի է, որ հայկու եռատողը ենթարկվում է տաղաչափության որոշակի կանոնների, թեև երբեմն շեղումներ թույլ տրվել են տարբեր հեղինակների կողմից:
Դասական հայկուն բաղկացած է 17 վանկից, որոնք կենտրոնական (հատող) բառով կիսվում են 5:12 կամ 12:5 հարաբերակցությամբ: Հայկուն եռատողի է վերածվել միայն արևմտյան աշխարհի լեզուներով թարգմանության մեջ, իսկ բնագրում այն հիերոգլիֆների սյունակ է:
Հետաքրքրական է, որ ավանդաբար հայկու բանաստեղծության մեջ պետք է պարտադիր նշված լինի տարվա եղանակը, այսինքն այն կարելի է բանաստեղծության “եղանակային” ժանր համարել:
Հայկուի նյութ կարող է դառնալ բնության ցանկացած պատկեր, որն այս կամ այն կերպ առնչվում է մարդու կյանքի հետ, ըստ որում այդ ամենը շարադրվում է ներկա ժամանակում:
Թեև հայկուն զուրկ է արևմտյան պոեզիային բնորոշ արտահայտչամիջոցներից և այս բանաստեղծություններն անգամ անվանումներ չունեն, բայց կարծում եմ ժանրի հանճարեղությունը հենց սեղմ ծավալում մեծ բովանդակություն փոխանցելու մեջ է:
Համաձայնեք, որ ընդամենը մի քանի բառով հոգեվիճակ փոխանցելը հեշտ գործ չէ: Հատկանշական է, որ ճապոներենով լույս տեսնող հայկու ժողովածուներում ամեն բանաստեղծական տողը տպվում է առանձին էջի վրա, որպեսզի ընթերցողը կարողանա, մի պահ կտրվելով ամեն ինչից, խորհել գրվածի մասին:
Ստորև ձեզ եմ ներկայացնում հայկու ժանրի ամենանշանավոր բանաստեղծ Մացուո Բասյոի և այլ հեղինակների աշնան հայկուներից կատարած իմ ծաղկաքաղ թարգմանությունը.
Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին…
* * *
Փոթորկում է աշնան քամին…
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին…
* * *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
Սոճի է նկարում տուշով…
* * *
Օ՜ թխկենու տերևներ…
Դուք չվող թռչունների
Թևերն եք այրում…
* * *
Աշնան լուսին…
Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել
Իբրև բլրի գագաթին աճող սոճի…
* * *
Ինչպե՜ս է սուլում աշնան քամին…
Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,
Երբ գիշերեք բաց դաշտում…
* * *
Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը…
Տե՛ս, խմում է անհագ
Խրիզանթեմի վրա հայտնված ցողը…
* * *
Թառամեցին աշնանը ծաղիկները…
Թափվում ու ցրվում են սերմերը,
Ասես արցունքներ լինեն…
* * *
Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը
Նոր հնձված հասկերի վրայով…
Աշուն է գյուղում…
Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև…
Բայց աշնան քամին
Սառնություն է շնչում անխնա…
* * *
Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա…
Զուր դողում է թրթուրը
Աշնան քամուց…
* * *
Տերևները թափվել են արդեն…
Ողջ աշխարհը միագույն է,
Միայն քամին է գվվում…
* * *
Այգում ծառեր են տնկել…
Նրանց ոգեշնչելու համար
Կամացուկ շշնջում է աշնան քամին…
* * *
Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով
Ուշ աշնանը կրկին
Բացվել են ծաղիկները…
* * *
Ամպը կախվել է արևի վրա…
Շեղակի թռչում են ահա
Չվող հավքերը…
Ընկերների զրույցը
Հեռու է վանել և ջախջախել է
Աշնան մառախուղը…
* * *
Ինչո՞ւ ես այս աշնանը
Այսպես ուժգին զգացի ծերությունը…
Ամպեր և թռչուններ…
* * *
Տերևն ընկնում է տերևի վրա…
Թափվել է ամեն բան
Եվ անձրևն ապտակում է անձրևին…
* * *
Աշնանային փոթորկի պոռթկում…
Ինչպե՜ս է դողում ու թրթռում
Բաղեղի յուրաքանչյուր տերևը…