Մեծ պոտենցիալ ունեցող պամվածքներ

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արտիֆեքսը կորցնում էր իր սթափ դատելու կարողությունը։ Ուր էլ, որ փախչեր, նա լսում էր «արևապաշտների» երգի ու պարի հնչյունները, ծիծաղը ու մինչ այն պահը, երբ Տենեբրիսի ձայնը կլռեցներ նրանց։ Մեծ էկրանի միջոցով Զորդայի բոլոր անկյուններում հեռարձակվում էր խավարի դեմ պայքարող Մեծն Տենեբրիսի խոսքը՝ ուղղված իր հետևորդներին։

-Նույնիսկ այժմ, – սկսեց իր խոսքը Տենեբրիսը, – երբ մեր մայր Սոլեուսը մեզանից հեռացել է, այն շարունակում է մնալ մեր հոգում։ Փողոցներում դեռ վխտում են մարդիկ, ովքեր չեն ցանկանում ընդունել Սոլեուսին, փառաբանել նրան, բայց ես գիտեմ, որ մի օր ամեն ինչ կփոխվի, և նրանք նույնպես կլսեն իմ կոչը:

Մենք բոլորս գիտենք, որ 3001 թվականին մենք զրկվել ենք արևի լույսից։ Գիտնականները ստեղծեցին «Արևալույսը», որը իր հզորությամբ գերազանցում էր միջուկային զենքին, դրանից հետո ստեղծված Քոնդրիալ զենքին ու Նակամա զենքին։ Արևի էներգիան գիտնականները օգտագործեցին որպես զենք։

Նրանք այնքան հանդուգն էին, որ կարծում էին, թե ի վիճակի կլինեն կառավարել արևի էներգիան: Նրանք, այդ թվում նաև ես, սխալվում էին: Ես՝ Տենեբրիսը, ձեր առաջնորդը, հավատում էի, որ դա կբերի խաղաղության ամրապնդմանը, որ ոչ ոք այդ զենքը չի օգտագործի: Զենքը պետք է լիներ խաղաղության երաշխիք, ապացույցը մարդու ինտելեկտուալ գերակայման: Մեզ հայտնի էր, որ Քոնդրիալը ու Նակաման երբեք չէին գործարկվել, ուստի նոր ստեղծված «Արևալույս» զենքը նույնպես չպետք է գործարկվեր: Բայց մենք սխալվել էինք:

Ես իմ ձեռքերով ստեղծեցի այդ զենքը (սա արտաբերելու ժամանակ Տենեբրիսը հայացք նետեց իր դողացող ձեռքերին՝ կարծես դրանք կեղտոտ էին և ներկված արյունով): Եվ դա բերեց յոթից վեց մոլորակների ոչնչացման։

Որոշ մարդիկ արտագաղթեցին դեպի Զորդա, իսկ մեծ մասը մահացավ։ Բայց մենք դեռ ողջ ենք և դա մեր Սոլեուսի պարգևն է։ Ես հավատում եմ, որ նույնիսկ Զորդայում, որտեղ Արևը չի լուսավորում երկինքը, Սոլեուսը մնում է մեր մասնիկը: Եղբայրներ և քույրեր, եկեք չսգանք, եկեք պարենք, երգենք այնպես, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր խավարում են, հաղորդակից լինեն մեր լույսին։ Ուրախությունը ծնում է լույս: Ես վստահ եմ, որ մի օր Արևը կվերածնվի կրկին, Զորդայում կշողա մեզ հարազատ աստղը: Ուստի, եկեք փառաբանենք նրան այժմ և միշտ` քանի դեռ մենք ողջ ենք….քանի դեռ …

Տենեբրիսը իր խոսքը ավարտեց ձեռքերը վերև պարզելով՝ այնպես կարծես վերևում, Զորդայի անամպ դեղին երկնքում գտնելու էր արևին: Էկրանից Տենեբրիսի պատկերը անհետացավ: Մարդիկ պարում ու երգում էին ավելի մեծ եռանդով, ավելի անտանելի Արտիֆեքսի համար։ Նրանցից որոշները մահացած ընկնում էին՝ թքելով արյուն, հենց պարի ընթացքում՝ ժպիտը դեմքներին…

«Այո, պարեք, երգեք, ինչու՞ ոչ։ Եվ դու՛, հայր, որ այժմ քեզ անվանել ես արևապաշտների առաջնորդ, դու պարու՞մ ես, – մտածում էր Արտիֆեքսը, -Քո էկրանը անջատվել է, ոչ ոք չգիտի, թե դու ինչ ես անում այժմ: Միգուցե դու հետևում ես քո կապկած հասարակության ցնծությանը, կամ հետևում ինձ՝ անհավատասիս: Դու հետևու՞մ ես: Եվ ինչպե՞ս կարող էիր։ Մինչև Արևալույսի գործարկումը դու լավագույն գիտնականն էիր՝ Վիկտոր Սոլյանը: Իսկ այժմ դու այլ մարդ ես…Դու Տենեբրիսն ես, ինձ համար օտար, արևապաշտ…

Դու հանձնվել ես, և այս խելագառ ամբոխը նույնպես, ով մահանում է պարելով»։

Ժամանակը սահում էր աննկատ և Արտիֆեքսը հերթական անգամ ընկավ հիշողությունների գիրկը։ Իր հարցերի պատասխանը թաքնված էր անցյալում ու պետք էր նորից ընկնել այդ ամենակուլ հրեշի՝ հիշողության, դամբարանը, վեր հանել այնտեղ կուչ եկած ուրվականներին, փորձել վերծանել նրանց լռության գաղտնիքը….

***
Երբ փոքր էր, Արտիֆեքսը ցանկանում էր դառնալ հոր՝ յոթ մոլորակների կայսրության լավագույն գիտնական Վիկտոր Սոլյանի նման հայտնի և հարգված անձ։ Բայց այժմ իր հայրը զբաղված էր այլ՝ ըստ Արտիֆեքսի, ոչ կարևոր գործերով։ Վիկտոր Սոլյանը կամ այժմյան Տենեբրիսը, հրաժարվել էր գիտությամբ զբաղվել՝ ընտրելով զղջումների ու ինքնախարազանման ուղին:

3001 թվականի դեպքերից հետո Արտիֆեքսը կորցրել էր իր մորը, իսկ Տենեբրիսը իր սիրելի կնոջը։ Երբ «Արևալույսը» գործարկվեց, Վիկտորի ընտանիքը գտնվում էր Ձոլո մոլորակի վրա, որը մարդկանցով բնակեցված յոթ մոլորակներից մեկն էր։ Արևալույսի գործարկումից հետո, Ձոլոն վերջինն էր, որ հարված ստացավ, ուստի բնակիչները հասցրել էին արտագաղթել Զորդա՝ ամենահեռավոր մոլորակը, որը համարվում էր նաև յոթ մոլորակներից ամենավատ զարգացածը։

Ոչ ոք, նույնիսկ Վիկտորը, չէր պատկերացնում, որ Արևալույսը այդքան հզոր կգտնվի ու մարդկության հույսը կմնա այդ հեռավոր, անապատային մոլորակը:
Մինչ այժմ, Արտիֆեքսը սարսուռով էր հիշում խմբված, կուչ եկած մարդկանց դեմքերը: Սնունդը, ջուրը չէին հերիքում բոլորին. շատերը մահանում էին տեղափոխումից կարճ ժամանակ անց:

Եվ ովքեր ողջ էին մնացել, պետք է պայքարեին նոր վտանգի դեմ: Զորդայում տարածվում էր նոր, մինչ այդ մարդկությանը անծանոթ վիրուսային վարակ: Վիրուսը ընտրում էր իր զոհերին. վարակում էր միայն որոշակի նուկլեոտիդային հաջորդականություն ունեցող մարդկանց: Այդ մարդկանց թվում էր նաև Արտիֆեքսի մայրը:

Մոր մահվանից երկու շաբաթ անց, հայրը կանչել էր որդուն իր գրասենյակ:

-Քեզ վտանգ չի սպառնում, Արտիֆեքս: Դու չունես վիրուսով վարակվելու համար անհրաժեշտ թիրախային հաջորդականությունը: Ամեն դեպքում, Կլաուսն այդպես է կարծում: Եթե հաջողվի, Կլաուսը կստեղծի հակավիրուսային պրեպարատը, եթե ոչ՝ ապա Զորդան կլինի մարդկության վերջին կայանը: Ես վստահ չեմ, որ Կլաուսի դիտարկումները ճիշտ են, սակայն ես հույս ունեմ, որ նա չի սխալվում: Քո մորը փրկել չհաջողվեց, ցավում եմ:

Հայրը թեքեց գլուխը դեպի իր առջև դրված հաստափոր գիրքը. դա նշան էր, որ Արտիֆեքսը կարող է գնալ:

-Հայրիկ…ես…

Արտիֆեքսը ցանկանում էր ասել, որ չի մեղադրում հորը ոչ մոր մահվան համար, և ոչ էլ Արևալույսի գործարկման համար: Ի վերջո զենքը գործարկելը եղել էր կառավարության որոշումը և եթե ոչ նա, ապա հենց նույն Կլաուսը կամ այլ գիտնական կստեղծեր նոր սերնդի զենք: Բայց Արտիֆեքսը ոչինչ չասած և հեռացավ սենյակից: Նրա համար անտանելի էր տեսնել հորը կոտրված ու հուսահատ: Երկար ժամանակ Արտիֆեքսին տանջում էր դա, բայց պահը արդեն բաց էր թողնվել….

Երկու ամիս անց, պարզ էր դարձել, որ վիրուսին հաղթելը հնարավոր չէ: Վիրուսը փոխվում էր և փոխվում էին նրա թիրախները: Մի թիրախային խմբից մյուսին արագ անցումները հնարավորություն էին տալիս վիրուսին վարակել մարդկանց նոր խմբեր: Կլաուսը ձախողվել էր. նրա ստեղծած պրեպարատը ոչ մի ազդեցություն չուներ ու մարդիկ շարունակում էին մահանալ: Կլաուսի ձախողումից հետո, Արտիֆեքսը այլևս երբեք չտեսավ հորը…

***

Արտիֆեքսին իր մտորումների մռայլ աշխարհից արթնացրեց Դոդոն: Դոդոն առնետ էր, ավելի շուտ առնետի կլոն, որին ստեղծել էր Արտիֆեքսը: Նա շրջում էր Արտիֆեքսի շուրջը՝ պահանջելով իր բաժին սնունդը: Արտիֆեքսը կերակրեց առնետին և գնաց դուրս:

Պարող մարդիկ արդեն ազատել էին փողոցները՝ թողնելով մահացած մարդկանց դիակները: Այդ դիակների կույտի մեջ Արտիֆեքսը ճանաչեց Կլաուսի դեմքը. այն գիտնականը, ով պետք է ստեղծեր հակավիրուսային պրեպարաը, այժմ ընկած էր ժպիտը դեմքին: Արտիֆեքսին թվաց, որ Կլաուսի ժպիտը ուղղված էր իրեն. այն մարտահրավեր էր նետում Արտիֆեքսին՝ կարծես հարցնելով.

«Իսկ դու՞, դու կկարողանա՞ս հաղթել պարող մահվանը»:

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։