<<Օրիգինալ սյուժե>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մի հատ սոված օպերատոր ա լինում՝ թատերականը հենց նոր ավարտած, երազում ա գնալ Հոլիվուդ, կինո նկարել Տարանտինոյի, Ֆելինիի ու Տարկովսկու հետ՝ առանց իմանալու, որ իրենց մի մասը արդեն մեռել են, որոշ մասը նույնիսկ Հոլիվուդում չի էլ եղել, բայց հլը որ մենակ հարսանիքի պատվերներ ա ստանում, էդ էլ ալարում ա անի։ Մտածում ա՝ գոնե սերիալներից կանչեն, սերիալներում գոնե դերասաններ կան, էն էլ չեն կանչում։

Ֆեյսբուքի սիրուն ֆռենդերին գրում ա՝ էկեք ձեզ անվճար ֆոտոսեսիա անեմ, չեն գալիս: Տենց մի քիչ ապրում ա, մեկ էլ զանգում են՝ փակ համարից, ասում են՝ քո համար գործ կա․պետք ա ամեն առավոտ ժամը յոթին արթնանաս ու դատարկ փողոցներ նկարես՝տասնհինգ րոպե, հետո էդ նկարածդ ուղարկես մեյլին՝ որը քեզ կտանք, ու ազատ ես։ Դրա համար կստանաս ամսական հինգ հազար եվրո: Ուրախանում ա դե բնականաբար, ասում ա՝ մի հատ ճշտենք էլի. ես ամեն առավոտ արթնանում եմ, տասնհինգ րոպե նկարում եմ դատարկ փողոցներ, էդ նկարածս ուղարկում եմ ձեզ ու էլ ոչ մի բան չեմ անում, դուք հինգ հազար տալիս ե՞ք, ասում են՝ հենց տենց, ասում ա՝ բա ուրիշ թաքնված պայմաններ չկա՞ն, ասենք՝ մազերիս տեղը խառը կանաչի աճի կամ եսիմ, ասում են՝ չէ, ինչ լսեցիր՝ էդքանը։ Մտածում ա ևս տասը վայրկյան ու ասում ա՝ համաձայն եմ:

Հաջորդ օրն էլ երկուշաբթի էր ու ամսի մեկը, ասումա՝ էդ ա: Քնելուց առաջ Էլվիսին պատվիրում ա ուղիղ վեցն անց հիսուն իրեն արթնացնել Jailhouse Rock- ի հնչյունների ներքո, հեռախոսը ֆիքսում ա պատվերն ու սպասում վերոհիշյալ ժամին, բայց չի հասցնում կատարել, որովհետև 6.49 ինքն անձամբ արթնանում ա ու անջատում զարթուցիչը։

Ձմեռ ա լինում՝ փետրվար ամիսը։ Տաք հագնվում ա, կամեռան վերցնում՝ տանից դուրս գալիս: Փողոցում մարդ չկա համարյա, մի երկու մեքենա գնում-գալիս են: Կամեռան դնում ա շտատիվի վրա, շտատիվը՝ փողոցի կենտրոնում, սիգարետ ա վառում, ռեքը սեղմում ա, մի երկու րոպե կանգնած ծխում ա, հետո կամեռայի դիրքը փոխում ա, էլի մի երկու րոպե, հետո կողքի փողոց ա գնում, հարմար կադր բռնում, դնում, տենց մի տասնհինգ րոպե նկարում ա։ Գնում ա տուն, համարին SMS-ով մեյլ ա գալիս, նկարածներն ուղարկում ա մեյլին, մի երկու րոպե էլ սպասում ա ամեն դեպքում, տեսնում ա էլ բան չկա՝պառկում ա քնելու:

Նույն ձև՝ մի ամիս՝ ամեն օր: Հենց մի ամիսը լրանում ա` քարտին հինգ հազար եվրո ա նստում: Ուրախանում ա, վարկերը փակում ա, իրիկունը փաբում խմում ա, նշում ա էդ կարևոր իրադարձությունը, հաջորդ առավոտ էլի գնում ա գործի՝ արդեն ավելի ուրախ, ավելի հանգիստ․գիտի՝ ճիշտ ա ամեն ինչ: Օր օրի ավելի ա ոգևորվում, աշխատում ա ավելի հետաքրքրիր ռակուրսներ ընտրել, ավելի սիրուն կադրեր բռնել: Մտքում շփվում ա անհայտ պատվիրատուների հետ, մտածում ա՝ տեսնես ո՞ր օրվա նկարածն են ավելի շատ հավանել, խորանում ա դետալների մեջ, մտածում ա՝ ոնց անել, որ կադրը ավելի էսթետիկ ստացվի:
Մի խոսքով, օրը տասնհինգ րոպե աշխատում ա, մնացած 23 ժամ 45 րոպեն՝ հանգստանում:

Անցնում ա ևս մի ամիս, նորից հաշվին նստում ա հինգ հազար եվրոն: Արդեն երջանիկ ա զգում իրան. ոչ թե ուղղակի ուրախ ա, այլ երջանիկ: Սիրտը ջերմ զգացմունքներով ա լցվում գործատուների հանդեպ, մտքում շնորհակալություն ա հայտնում, սկսում ա ավելի հետաքրքիր անցկացնել ժամանակը, ուղեղն ավելի լավ ա աշխատում, որովհետև անընդհատ ազատ ա ու եկամտի հաստատուն աղբյուր ունի: Էն բաները, ինչ առաջ չէր ստացվում մոտը, սկսում ա ավելի հեշտ անել, ոչ մի տեղ չի շտապում, սկսում ա վայելել կյանքը, գործն էլ նենց սիրով ա անում, որ մեկ-մեկ ինքն իրեն նախանձում ա էդ գործի համար: Արդեն առավոտները յանդեքս ա կանչում՝ գնում ավելի հեռու փողոցներ՝ ավելի տարբեր իր թաղի փողոցներից, որ նոր կադրեր ստանա՝ միշտ նույն բանը չանի: Մտածում ա՝ հանկարծ նենց չլինի, որ դժգոհեն իր գործից։ Անընդհատ ինքնակատարելագործման ա ձգտում էդ տանսհինգ րոպեի սահմաններում:

Անցնում ա ևս մի ամիս, նորից գերմանական ճշգրտությամբ հինգ հազար եվրոն նստում ա քարտին: Քանի որ դեռ անցած ամսվանից էլ մնում էր՝որովհետև ինքը առանձնապես շատ չի ծախսում, սկի չի էլ հանում, ստուգում ա՝գոհ սրտով գնում տուն: Տուն գնալուց ճամփին մտածում ա՝ արժի աշխատանքային գրաֆիկ գծել: Էդ տասնհինգ րոպեն աշխատանքի արդյունքը պետք ա լինի, իսկ էն մնացած ժամանակը կարելի ա օգտագործել էդ տանսհինգ րոպեին ավելի լավ պատրաստվելու համար: Ուսումնասիրում ա ինքն իր նկարածները, մանրամասն վերլուծում ա, թղթի վրա թերություններն ա գրում, նշում ա մոտը էն փողոցները, որոնք պետք չի այլևս նկարել, որովհետև սիրուն չեն ստացվում:

Մի խոսքով՝ ինչպես իսկական պրոֆեսիոնալ, սկսում ա շատ լուրջ խորանալ գործի մեջ, ու ամեն օր ավելի ու ավելի թույն կադրեր ա բռնում։ Նույնիսկ զգում ա, որ էդ տասնհինգ րոպեն չի հերիքում, բայց քանի որ էդ ժամին պարտավոր ա ուղարկել նկարածը՝ չի կարողանում երկար աշխատել։ Էդ պահի իդեաները մոտը գրանցում ա՝ հաջորդ օրն անելու համար: Անցնում ա ևս մի ամիս, նորից ստանում ա հինգ հազար եվրոն։ Արդեն քանի որ ամառ ա գալիս, ավելի շուտ ա լույսը բացվում, արդեն՝ առանց Էլվիսի օգնության, հինգն անց կես արթնանում ա, դուրս գալիս, մինչև յոթը կադրեր ընտրում, փողոցի երկայնքով գնում-գալիս ա, սիգարետի տուփեր, կոլայի շիշ- բան, հանում կադրից, նկարում, որոշում ա նույնիսկ՝ որտեղ կադրը սիրուն ա, բայց փողոցի վրա փոսեր կան՝ասֆալտ անել իր հաշվին, ու երջանկանում ա էդ մտքից:

Արդեն օրը քսանչորս ժամ մտածում ա գործի մասին՝ քնելուց առաջ, հաց ուտելու, ընկերների հետ գարեջուր խմելու, ընկերուհիների հետ սեքս անելու ընթացքում, ամեն նոր իդեայից ուժեղ կայֆ ա ստանում, սկսում ա ուսումնասիրել աշխարհի քաղաքների փողոցները, գուգլով օրը ութ ժամ ֆոտոներ ա նայում, մոտը նշում ա՝ ուր արժի գնալ, ավելի թույն կամեռա ունի արդեն, օբյեկտիվներ ա պատվիրում տարբեր, գնում ա տոմս առնելու, որ թռնի եվրոպաներով մի քիչ ման գա ու փողոցներ նկարի։ Հետո մտածում ա ՝ ժամային գոտի ա խախտում, իսկ եթե գործատուներին հենց առավոտվա կադրեր են պե՞տք, կամ հենց էս քաղաքի։ Հետ ա կանգնում էդ մտքից, բայց մեկ ա՝ սիրտը վառվում ա ուրիշ քաղաքների փողոցներ նկարելու ցանկությունից: Մտածում ա՝ տենաս ո՞նց կարելի ա կապվել գործատուների հետ, որ ճշտի՝ կարելի՞ ա քաղաքից դուրս գալ, թե չէ:

Տենց մտածելով գնում ա մի հատ շաուրմա ուտելու, մտքերն այլ ընթացք են ստանում։ Ասում ա՝ տենաս ինչի՞ համար են ուզում էս կադրերը, ինչի՞ մեջ են օգտագործում, ու տենաս մենակ ես ե՞մ, թե տարբեր քաղաքներում աշխատողներ ունեն, նպատակը ո՞րն ա: Հետո կոֆե խմելու ընթացքում նոր իդեա ա գալիս. ուրիշ երկրների սիրուն փողոցները կարելի ա ստանալ տեղում: Դե փող ունի, կարա ուզած դեկորացիան սարքի, ուզած բանը փոխի, կարճ ասած՝ կարելի ա փողոցները բեմադրել, ոչ թե ուղղակի նկարել էն՝ ինչ կա: Ու միանգամից էդ մտքի երկրորդ մասն ա գալիս. ինչի՞ նմանացնել արդեն եղածներին, եթե կարելի ա լրիվ նոր փողոցներ ստանալ, էն որ ոչ մի տեղ չկա, ոչ մի ճարտարապետի մտքով չի անցել: Կրքոտ ձայնով մատուցողուհուն կանչում ա ու դողալով խնդրում թուղթ ու գրիչ տալ իրեն։

Կաֆեում նստած՝ սկսում ա թղթերի վրա փողոցներ նկարել, զգում ա, որ երևակայությունը մի հատ նոր, լրիվ նոր լեվըլի ա անցել, գերբնական արագությամբ փողոցների գծապատկերներ են հայտնվում թղթերի վրա, մեկը մեկից ավելի գրավիչ են թվում, չի կողմնորոշվում՝ որը երբ ու որտեղ պետք ա կառուցել: Զգում ա, որ արդեն խելագար էմոցիաներից սիրտը վատ ա, դուրս ա գալիս կաֆեից՝ մտածելով, թե որ տեղանքի համար՝ ում դիմի, ու նորից էն միտքն ա գալիս, որ կարողա գործատուներին դա դուր չգա: Ինքը չգիտի՝ որն ա իր արած գործի նպատակը, հետևաբար՝ չի կարող որոշել, թե ինչ ա կարելի անել, ինչ՝ չէ: Իսկ եթե այլմոլորակայիններին են վաճառում էդ փողոցների կադրերը, ու պետք են մենակ իրական բանե՞ր, բա որ, ասենք, տենց կադրեր տա, ու գործից հանեն իրեն: Մտքերը խառնվում են իրար, էդ իրիկուն արդեն ավելի շատ ա խորանում իր գործի նպատակային կողմի վրա: Հարցը կոնկրետ ա ու պատասխան ա պահանջում: Ինչի՞ եմ ես ամեն օր՝ առավոտը յոթին, նկարում փողոցները, ու ինչի՞ են դրա համար ինձ էդքան փող տալիս: Ու՞մ ա դա պետք, ու՞մ են վաճառում, ինչի՞ համար, նպատակը ո՞րն ա…

Մի քիչ էլ խմում ա, զգում ա, որ արդեն հարցին ուրիշ տեսանկյունից ա նայում. եթե կա մեկը, ով իրեն էդքան փող ա տալիս դրա համար, ուրեմն էդ մեկը ստանում ա դրանից անհամեմատ ավելի շատ՝ էդ նույն գործի համար, որը ինքն ա անում, ու՞ր ա տանում էդ շղթան: Կամ ընդհանրապես՝ ինչի՞ հենց ինքը: Ինչի՞:

Իրեն, իհարկե, պահում ա նենց, ոնց սովորաբար։ Հաջորդ օրը նորից գնում գործն անում ա, գալիս ա, ուղարկելու ժամանակ սկսում ա ուշադրություն դարձնել մեյլին: Մեյլի անվանման մեջ ոչ մի հուշող բան չկա։ Տարբեր մասնագետների միջոցով փորձում ա կոտրել մեյլը։ Չի ստացվում։ Փակ համարի հարցով գնում ա բիլայն, ասում ա՝ ուզում եմ պարզել՝ ով ա էսինչ օրը էսինչ ժամին զանգել ինձ, ասում են՝ չենք կարող ասել։ Լիքը փող ա խոստանում, ասում են՝ հույսդ կտրի, անհնար ա իմանալ էդ համարը: Ձևեր ա փնտրում, թե ոնց կարելի ա հետ զանգել։ Չի լինում: Որոշում ա մեյլին նամակ գրել: Նստում ա, ծխում ա, երկար մտածում ա՝ ինչ գրել: Կոնկրետ հարցեր տա՞, թե՞ գրի՝ բարև ձեզ:

Համ գործը կորցնելու վախից սիրտը ուժեղ խփում ա, համ զգում ա, որ էլ տենց չի կարող շարունակվել, պետք ա իմանալ ամեն ինչ: Գրում ա։ Ասում ա՝ ուզում եմ իմանալ՝ ինչի համար են օգտագործվում իմ կադրերը, քանզի նոր գաղափարներ ունեմ առաջարկելու:

Անցնում ա մի ամիս, պատասխան չկա, բայց աշխատավարձը պարտաճանաչ փոխանցում են: Հանգիստը կորցնում ա, խելագարի պես օրը քառասունվեց անգամ ստուգում ա մեյլը,
իհարկե չի դադարում նկարել փողոցներն ու ուղարկել: Գնում ա բանկ, փորձում ա պարզել՝ ով ու որտեղից ա գումարը փոխանցում իր քարտին, չի ստացվում: Հազար ու մի հիմար պատճառաբանություն են ներկայացնում, էլ պատճառ չի մնում՝ աշխատակցուհին ընդմիջման ա գնում, բանկը փակվում ա, հաջորդ օրն ա գալիս՝ իր կտրոնի համարը չի նշվում, առանց հերթի էլ չեն սպասարկում, մի խոսքով՝ չի լինում:

Նորից գնում ա մեյլը բացում, գրում ա՝ի՞նչ կլինի, եթե էլ չնկարեմ, ասենք՝ ես եմ ու ուզում եմ գործից դուրս գամ։ Հետո էդ գրածը ջնջում ա, որովհետև էդ չէր իրեն հուզող հարցը. եթե գործից դուրս գա՝ լրիվ կկորցնի էդ ամեն ինչը պարզելու շանսը: Նորից գրում ա հարցը՝ էս անգամ ավելի կոնկրետ. ովքե՞ր եք դուք, ու՞մ համար եմ ես աշխատում, ու՞մ ա պետք իմ արած գործը, ո՞նց ու որտե՞ղ են օգտագործվում կադրերս, խի՞, խի՞, բացատրեք թե խի՞ հենց ես, ինչո՞վ եմ ես զբաղված արդեն կես տարի:

Էս նամակին էլ ոչ մի պատասխան: Ավելի ա խելագարվում, ԱԱԾ- բան խառնում ա իրար,
փակ համարը մի կերպ պարզում ա: Գիշերվա կես ա արդեն, զանգում ա։ Ռոբոտի կանացի ձայնն ասում ա՝ հարգելի հաճախորդ, խնդրում ենք զանգել աշխատանքային ժամերին: Հեռախոսը խփում ա պատին՝ ջարդում, պառկում ա քնելու: Չի ստացվում քնել։ Սկսում ա տան մեջ հետ ու առաջ քայլել մինչև առավոտվա յոթը, յոթին դուրս ա գալիս փողոց, կադրերը նկարում ա, գալիս, ուղարկում, մի հատ դառը նեսկաֆե ա սարքում՝չնայած որ կոֆեն քաղցր էր խմում, վերցնում ա ջարդված հեռախոսը, միացնում ա, զանգում ա նույն համարով:

Ըհն, զանգը գնաց: Մի զանգ, երկու, երեք… քրտինքը ճակատից կաթում ա նեսկաֆեի մեջ, սրտխփոցն արդեն ականջներում ա: Պատասխանում են: Ճանաչում ա կես տարի առաջ լսած ձայնը: Ասում են՝ ի՞նչ հարցով ես զանգել: Ասում ա՝ ուզում եմ իմանալ իմ գործի նպատակը, իմաստը ո՞րն ա, ինչի՞ համար եմ ես վարձատվում, ու՞մ ա պետք իմ արածը, խի՞ հենց ես, խի՞ հենց փողոց, խի՞ առավոտը ժամը յոթին: Ձայնն ասում ա՝ ինչ-որ բանից դժգո՞հ ես, միգուցե աշխատավարձի բարձրացու՞մ ես ուզում, կամ ինչ-որ խնդիր ա առաջացել, որը քեզ խանգարում ա շարունակել գործը: Ասում ա՝ չէէէ, ուզում եմ իմանալ, թե ձեր ինչին ա պետք էդ ամեն ինչը, ո՞վ եք դուք, իմ նկարած կադրերն ինչի՞ համար են էդքան թանկ վարձատրվում։

Ձայնն ասում ա՝ եթե գործի պայմանները քեզ ձեռք են տալիս, խոսակցությունը շարունակելու իմաստ չկա, իսկ եթե դժգոհություն ունես կամ հոգնել ես, ուզում ես գործից դուրս գալ՝ ասա: Գժվում ա, գոռգոռում ա, հետո մի կերպ հանգստանում, ասում ա՝ ես շատ պարզ ու կոնկրետ հարց ունեմ, որն արդեն տվեցի, իրավունք չունե՞մ իմանալ պատասխանը։ Ասում են՝ չէ, եթե դժգոհություն չունես՝մնացածը չպետք ա իմանաս, որովհետև իմաստ չունի դա իմանալը, դա գործի բնույթի կամ որակի հարցում ոչ մի բան չի փոխում, գործի պայմանները քեզ պարզ են, աշխատավարձից գոհ ես, մնում ա աշխատել կամ հրաժարվել։ Ասում ա՝ մեկ ա պարզելու եմ։ Ասում են՝ խորհուրդ չենք տա։ Ասում ա՝ ես բանական էակ եմ, գիտակցություն ունեմ, պետք ա իմանամ՝ ինչի համար եմ անում էն ինչ անում եմ, գոհ լինելը բավարար չի, ես կենդանի չեմ, մարդ եմ, ես պետք ա հասկանամ՝ ինչի համար եմ դա անում։ Ասում են՝ իմանալը ոչ մի լավ բանի չի բերելու։ Նորից խելագարվում, հեռախոսը խփում ա պատին, էս անգամ վերջնական ջարդում:

Էդ ամբողջ օրը չի կարողանում վերականգնել մտքերի նորմալ ընթացքը, ավտոն խփում ա, ( դե չորրորդ աշխատավարձին մի հատ աջ ղեկ տոյոտա էր առել ), ոչ մեկի հետ չի շփվում, գիշերը մղձավանջների մեջ տանջվում ա, առավոտը յոթին բնազդով հելնում ա փողոց, մի քանի րոպե նկարում ա, հետո անջատում: Սիգարետ ա վառում, կանգնում, ծխում մի քանի րոպե, ասում ա՝ թքած, ոչ նկարելու եմ, ոչ էլ ուղարկեմ: Երկրորդ սիգարետն ա վառում, ծխում մի երկու րոպե, հետո դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում ա, ինչ-որ բան ա մտածում, նորից ռեքը սեղմում ա ու կանգնում կամեռայի դիմաց։ Նայում ա կամեռային, ասում ա՝ եթե սա ստանալուց անմիջապես հետո ինձ չտաք հարցերիս պատասխանները, ես կանեմ մի բան, որը հաստատ չեք պլանավորել, ու լավ չի լինի: Ռեքն անջատում ա, վազելով գնում տուն, ուղարկում նկարածներն ու սպասում: Երկու րոպեից մեյլին նամակ ա գալիս։

Դողացող մատներով մի կերպ նամակը բացում ա, գրած ա՝ տեղի է ունեցել սխալ. ուղարկված նյութի տևողությունը վեց րոպե է՝ պահանջվող տասնհինգի փոխարեն, խնդրում ենք ուղղել սխալը կամ ներկայացնել սխալի պատճառը: Անզորությունից խելագարված՝ վերցնում ա նոթբուքը, խփում պատին, վազելով դուրս գալիս տնից, ոտքով խփում շտատիվին, կամեռան վրայից թռնում, ցխվում ա ասֆալտին, շտատիվը վերցնում ա, ինչքան ուժ ունի մի քանի անգամ խփում գետնին, ջարդուփշուր անում, հետո նստում ա, սկսում լացել:

Հանկարծ նկատում ա, որ կողքը կանգնած ինչ-որ մեկը կա։ Սկզբից ոտքերն ա տեսնում, վերև ա նայում։ Դեմքին նենց արտահայտություն ա առաջանում, որը մինչև էդ պահը երբեք չէր եղել։ Քանի դեռ ինքը էդ անբացատրելի հայացքով նայում ա վերև, ճակատին ինչ-որ կարմիր կետ ա հայտնվում ու մի վայրկյան հետո նույն կետին կրակոց՝ գլուխը պայթում ա։ Մեռած ընկնում ա ասֆալտին՝իր ջարդված շտատիվի կողքը:

Կրակողը երևի ինչ-որ դիպուկահար էր, որովհետև նա, ով կանգնած ա իր գլխավերևում, ձեռքերում զենք չունի:

Իմացության պտուղը ճաշակելուց հետո ոչ մեկը դրախտում չի մնացել:

Էս տեքստն ասելուց հետո անզեն արարածը մեծ քայլ ա անում դիակի վրայով ու հեռանում:

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։