<<Լավագույն մտահղացում>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

<<Քրիստոս… Մուհամեդ… Բուդդա…

2300 տարի. ահա թե մարդկությունից որքան ժամանակ պահանջվեց այս անունները վերջնականապես մոռանալու համար:

Խոսելով կրոնի մասին՝ չի կարելի չնկատել, որ խոսում ենք մարդու վախերի մասին: Կրոնն էր այն լծակը, որով նախկինում սահմանափակվում էին մարդկային արատավոր երևույթների դրսևորումները: Կրոնն էր, որ միաժամանակ վախ էր ներշնչում և ապրելու իմաստ տալիս: Սակայն այս ամենը նախկինում…

Մարդկությունն այնուամենայնիվ չկարողացավ համատեղել կրոնն ու գիտությունը…

Հավերժական հակառակորդների պայքարում վերջիվերջո հաղթեց գիտությունը: Աստծո գոյության խնդիրը ավելի ու ավելի վիճելի էր դառնում, և, օրըստօրե, մարդկային փխրուն հոգու վրա նկատելի ճաքեր էին ավելանում: Ահա թե ինչը հիմք դրեց Աթեիստական շարժմանը, որի կարգախոսն էր՝ <<Չկան փաստեր, չկա Աստված>>:

Այդ ամենը կատարվեց Քրիստոսից հետո 23-րդ դարում:

Կասկածը աստիճանաբար խուժելով մարդկային սահմանափակ գիտակցության մեջ, այնպիսի հիմքեր գցեց, որ կրոնը ստիպված եղավ զիջել իր դիրքերը:

Մեկը մյուսի հետևից բացահայտվում էին այն երևույթները, որոնք, նախկինում չստանալով իրենց տրամաբանական բացատրությունը, վերագրվում էին Աստծուն:

Հասան այն ժամանակները, երբ <<գաղտնիք>>, <<առեղծված>>, <<անհայտ>> հասկացությունները քիչ-քիչ կորցրեցին նախկին նշանակությունը՝ իրենց տեղը զիջելով <<մեկնաբանելի>> կամ <<դեռևս չբացահայտված>> եզրույթներին:

Հանուն արդարության պետք է նշել, որ դեռ մնում էին մարդիկ, ովքեր հանդգնում էին կանգնել գիտության <<արդար>> ճանապարհին և ատամներով կառչած էին մնում իրենց Աստծուց:

Ի վերջո, Համընդհանուր Աթեիստական Շարժումը(ՀԱՇ) վերածվեց համաշխարհային ուսմունքի: ՀԱՇ-ը դարձավ բոլոր կրոնների <<արժանի>> իրավահաջորդը՝ իր աքսիոմա-կանոնադրությամբ:

Այսօր ժամանակագիրները վիճում են, թե կոնկրետ երբ ՀԱՇ-ը վերածվեց համաշխարհային ուսմունքի, բայց մի բան աներկբա է. ՀԱՇ-ը դարձավ մարդկային նոր մտածողության հիմնաքարը:

Մոլորակի այն ժամանակվա քսան միլիարդ բնակչությունը փրկված էր(կամ էլ դատապարտված) առանց կրոնի շարունակելու իր գոյությունը…>>

Մոտավորապես այսպիսի տեսք ուներ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդու ճառը, որն այդքան հուզել էր բոլորին, և որի մասին գրում էին Թերթերում…

<<Թերթեր>> բառը նախկինում ունեցել է հետևյալ իմաստը. լրատվամիջոցների կողմից հայթայթված լուրերը տպագրվում էին թուղթ կոչվող նյութից պատրաստված էջերի վրա…

<<Իհարկե մեզ համար խորթ է <<թերթեր>> բառի նախնական իմաստը, բայց բոլոր բառերը չեն, որ ունեն տրամաբանական ծագում>>:

Այժմ <<Թերթեր>> է կոչվում Միջտիեզերական Ինֆորմացիոն Կենտրոնը, որն, ի դեպ, իր հիմնական գործառույթից՝ մարդկանցով բնակեցված 6 մոլորակներն ու արբանյակները սինթետիկ սննդով ապահովելուց զատ՝ երբեմն էլ հրապարակում է անհայտ հետազոտողների հեղափոխական հայտնագործությունների մասին հոդվածներ, կարծես փորձելով հիշեցնել իր անվանն առնչվող նախկին գործառույթները…

<<Երբ մեր նախնիները վերջապես հաղթեցին <<քաղցկեղ>> կոչվող անբուժելի համարվող հիվանդությանը(ժամանակին այդպիսի հիվանդություն կար)՝ համակվեցին երանության զգացումով, ինչը սակայն չհարատևեց և որին հաջորդեց Դատարկության ժամանակաշրջանը: Մարդկությանը նոր մարտահրավերներ էին պետք, քանզի բնությունն է մեզ այդպիսին ստեղծել:

Նոր բացահայտումները սակայն երկար սպասեցնել չտվեցին:

Մարկ Կինգսլի անունով մի ֆիզիկոս, հայտարարեց, որ լուծել է գրավիտացիոն հավասարումը՝ վերջ դնելով սև խոռոչների մասին բոլոր բանավեճերին:

Ինչպես գիտեք, հարգելիներս, պարոն Կինգսլին ապացուցեց, որ սև խոռոչները նոր և խոստումնալից աշխարհների հետ կապող միջանցքներ են…

Հայտնի է, որ Կինգսլին իր հայտնագործությունը հրապարակեց Գրիգորյանների օրացույցով 2253 թվականի հունվարի 13-ին՝ կարևոր օր մարդկային պատմության մեջ:

Երիտասարդ Կինգսլիի հայտնագործությունը հերթական հեղաշրջումն էր: Նրա աշխատությունը փոխեց աշխարհը…

Տիեզերքի գաղտնիքները բացահայտվում էին նույնքան արագ, որքան արագ նախկինում կարելի էր թերթել հնամաշ գրքերի քրքրված էջերը:

Կինգսլիից դեռ 50 տարի չանցած, մարդկությունը մի նոր հաղթանակ գրանցեց. վերջնականապես հաղթահարվեց <<կենսաբանական մահ>> կոչվող երևույթը, որը թերևս, մենք ունակ չենք ընկալելու:

Կյանքն այնքան արագ էր զարգանում, որ նույնիսկ հնարավոր չէր լինում նկատել այնպիսի չնչին փոփոխությունները, ինչպիսիք են Արհեստական բանականության ստեղծումը կամ կանաչ Մարսի վրա առաջին քաղաքի հիմնադրումը:

Զարմանալի է, բայց մի ժամանակ Մարսը, որի վրա հիմա ավելի շատ մարդ է ապրում, քան այն ժամանակ Երկրի վրա, համարվել է կյանքի համար անպիտան մոլորակ: Ինչքա՜ն ենք հեռացել մեր նախնիներից…

Սակայն ցավով պետք է նշեմ, որ մենք այդպես էլ չկարողացանք մարդուն մեր արեգակնային համակարգի սահմաններից դուրս ուղարկել: Ասեմ ավելին, մենք ոչ միայն չկարողացանք, այլև համոզվեցինք միջաստղային ճամփորդությունների անհնարինության մեջ: Չէ՞ որ դեռ պարոն Կինգսլիից շատ տարիներ առաջ եղել են գիտնականներ, ովքեր ապացուցել են, որ տեղափոխությունը լույսի արագությամբ հնարավոր չէ բոլոր այն մարմինների համար, որոնք զանգված ունեն:

Իհարկե, մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս զարգացնել մինչև լույսի արագության մեկ երրորդին հավասար արագություններ, բայց գաղտնիք չէ, որ մարդկային օրգանիզմը ի վիճակի չէ դիմանալ նման արագությունների:

Այն 6 մոլորակներն ու արբանյակները, որոնք մենք զբաղեցրել ենք, հիմա նույնքան սուղ են թվում, որքան նախկինում Երկիրն էր: Եվ ես իսկապես չգիտեմ, թե ինչպես կարող ենք լուծել գերբնակեցման խնդիրը: Մեր ընկերությունը արեգակնային համակարգով մեկ կերակրում է շուրջ 100 միլիարդ մարդու: Մենք վերահսկում ենք բառացիորեն ամեն ինչ:

Չնայած թվացյալ ամենակարողությանը՝ այդպես էլ չկարողացանք գտնել մարդկային գոյության և ընդհանրապես կյանքի իմաստը: Թերևս միակ բանը, որը կմնա չբացահայտված…

Ես՝ Էրիկ Փարքինսոնս(արեգակնային համակարգի ամենահարուստ մարդը), տեսնում եմ, որ մարդը հերթական անգամ կանգնել է նույն խնդրի առջև: Մենք կանգնած ենք Դատարկության մի նոր դարաշրջանի առջև…

Տիեզերքում հավանաբար մենակ ենք, քանզի այսօրվա՝ 2776 թվականի դրությամբ, տիեզերքի և ոչ մի կետում գիտակցական կյանքի նշույլներ չենք հայտնաբերել:

Մեր քաղաքակրթությունը հիրավի հասել է իր զարգացման գագաթնակետին, որից անդին վախենում եմ ենթադրություններ անել…

Միգուցե <<ՄԱՀ՞>>

Բառ, որի նշանակությունը այդքան ուզում եմ հասկանալ…

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։