<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2023
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ՄՐՑՈՒՅԹ
Երկիր՝ 2137թ․ Լավրասիայի հարավային սահման
Ձմռան պարզ առավոտ է։ Քաղաքը դեռ քնած է։ Վաղ առավոտի լռությունը խախտում են միայն ձյան վրա տպվող ոտնահետքերի ձայները։ Կիսամութի մեջ նշմարվում է անհանգիստ առաջ ընթացող ուրվագիծ, որը ևս երկու քայլ անելուց հետո կանգ է առնում բազմահարկ շենքի բակում հավաքած ձնակույտի մոտ։
– Գրանցում եմ տվյալները․ օրը՝ դեկտեմբերի 10, ժամը՝ առավոտյան 06։40, ջերմաստիճանը՝
– 21 աստիճան ըստ Ցելսիուսի։
Աղջիկը ձեռքը տարավ վերարկուի գրպանը և այնտեղից հանեց փոքրիկ սրվակ լցված բաց շագանակագույն երանգ ունեցող հեղուկով։
– Հուսամ այս անգամ կստացվի,- այս ասելուց հետո բացում է սրվակը, պարունակությունը դատարկում ձնակույտի մեջ։ 06։50 է, այժմ պարզ կդառնա փորձի արդյունքը և ահա ձյան գորշ կույտը վառ վարդագույն երանգ ստացավ։
– Չէ էլի, ոչ այս անգամ,- աղջիկը մեկ այլ դատարկ սրվակով նմուշ վերցրեց վարդագույն ձյան կտորից և հեռացավ։
Նեբուս 2137թ․
Չնայած նրան որ այսօր կարևոր օր է Դիելն անհանգիստ չէ, այլ ընդհակառակը այժմ նա զգում է ոգևորություն որը երկար ժամանակ չէր զգացել։
Արթնանալուց հետո նա անմիջապես գնաց դեպի ուլտրամանուշակագույն ճառագայթների խցիկ վնասակար բակտերիաներից ազատվելու համար, ապա ջուր խմեց և ագահաբար շնչեց ողջ օրվա համար նախատեսված հելիումի պաշարը, որպեսզի օրվա ընթացքում այլևս սնվելու անհրաժեշտություն չառաջանա։ Նա հագավ ամենաշքեղ, բայց միևնույն ժամանակ հարմարավետ կոստյումը, ընտրեց ամենարագընթաց, ձյունաճերմակ փետուրներով թևերն ու թռավ դեպի «Հետախուզության լաբորատորիա-ակադեմիա»։
Ահա և րոպեներ անց տեղի կունենա սպասված վիճակահանությունը որը որոշիչ դեր կունենա իր կյանքի առաջիկա հինգ տարիների և ով գիտե գուցե ողջ կյանքի համար։
-Վերջապես,- ասաց երիտասարդն ու ներս անցավ։
Երկիր 09:40
– Սելին արի նախաճաշելու։
Աղջիկն անշտապ քայլերով գնաց խոհանոց ու լուռ նստեց ազատ աթոռներից մեկին։
– Բարի լույս աղջիկս։
– Բարի լույս պապ, մամ։
– Ինչ որ մեկն այսօր այնքան էլ լավ տրամադրությամբ չի արթնացել։
– Ամեն ինչ կարգի՞ն է։ Տեսա թե ինչպես 08:30-ին մոտ վերադարձար տուն, զբոսնելու չէիր գնացել չէ՞։
– Ջրի մաքրման համար նախատեսված նոր հեղուկն էի փորձարկում, այն պետք է մաքրեր ջուրը պինդ, հեղուկ, և գազային վիճակներում այսօր փորձը կատարեցի ձյան վրա և ինչպես նախորդ երկու դեպքում այս անգամ էլ այն ձախողվեց և փոխանակ ձյան քիմիական բաղադրությունը մաքրվեր և ստանար սպիտակ երանգ, այն դարձավ վարդագույն, ինչ որ անհասկանալի քիմիական բաղադրությամբ, բարեբախտաբար թունավոր չէր։
– Դեռ կարող ես այլ բաժին ընտրել, շարունակել ուսումդ այլ մասնագիտությամբ։
– Պապ գիտես որ բնապահպանությունն ընտրել եմ սիրելով, շատ ես ինձ պատմել պապիկիդ պատմություններից թե ինչպիսին էր աշխարհն այն ժամանակ երբ ծովերը կապույտ էին, գետինը ծածկված էր կանաչ խոտով ու բազմերանգ ծաղիկներով, իսկ հիմա բնության աղտոտվածության պատճառով շուրջբոլորն ամեն ինչ մոխրագույն է ու դեռ այն ժամանակ երբ փոքր էի․․․
– Այո, այժմ մեծ աղջիկ ես ու լավ կլինի որ կարևոր որոշումներ կայացնելուց առաջ լավ մտածես։
– Ախր․․․
– Սելին լավ գիտես որ ես էլ հայրդ էլ ուզում ենք որ դու լավ ու որ ամենակարևորն է անվտանգ ապագա ունենաս։
– Գիտեմ և ուզում եմ որ ինձ ժամանակ տաք, երեք օրից կսկսվի նոր կիսամյակը, եթե կիսամյակի ավարտին հաջողությամբ հանձնեմ բոլոր քննություններս ու գիտական նախագիծս հաջող արդյունք ունենա ես կշարունակեմ սովորել իմ ընտրած մասնագիտությամբ և մենք այլևս չենք խոսի այս թեմայով, հակառակ դեպքում ես այլ մասնագիտություն կնտրեմ։ Ի՞նչ կասեք։
– Համաձայն եմ։
– Պապ հույս ունեմ չհամաձայնվեցիր միայն այն պատճառով որ մտածում ես թե գիտափորձս նորից կձախողեմ։
Լուռ հայացքներ փոխանակելուց հետո երեքը միասին ծիծաղում են։
Նեբուս
Հետախուզության լաբորատորիա-ակադեմիայի լսարաններից մեկում
– Հարգելի ուսանողներ այսօրվա մեր դասը «Երկիրը և երկրացիները» թեմայի ամփոփումն է թե երբ և ինչպես է ստեղծվել Երկիրը լավ գիտեք, այդ պատճառով անցնենք թեմայի հիմնական և մեզ առավել անհրաժեշտ հատվածին։
Դեռ 2000 տարի առաջ երբ մեր հետախուզությունը պարզեց որ Երկրի վրա կյանք կա ու ուսումնասիրվեցին նաև բնակիչների խնդիրները այդ օրվանից փորձել ենք օգնել նրանց։
Երկրացիները բազմաթիվ անգամներ մերժել են մեր՝ նեբուսցիների հետ բանակցություններ վարելու բոլոր առաջարկները, նրանք ամեն անգամ հրաժարվել են օգնությունից։
– Ի դեպ ո՞վ կարող է նշել ձախողված բանակցությունների թիվը։
– 3541 ձախողված փորձ, պրոֆեսոր։
– Ճիշտ է։ Եվ այսպես այժմ Երկրի վրա գոյություն ունի երկու խոշոր պետություն՝ Լավրասիան և Գոնդվանան, սակայն սահմանների որոշ հատվածներում լիակատար խաղաղություն չի հաստատվել, խնդրեմ նշեք որո՞նք են այդ շրջանները
– Լավրասիայի հարավ-արևմտյան մասում գտնվող Ա․ մարզը իր շրջակա երկու քաղաքների հետ միասին Գոնդվանայի հյուսիս-արևմտյան Բ մարզի հետ ունեցած տարածքային խնդիրների պատճառով արդեն երեսունյոթ տարի է տարբեր մասշտաբի ռազմական գործողություններ են իրականացնում և առավել վտանգավոր գոտի է երկու պետությունների արևելյան սահմանը իր ողջ երկայնքով (Լավրասիայի համար՝ հարավ-արևելյան, Գոնդվանայի համար՝ հյուսիս-արևելյան)
– Պատասխանը ճիշտ է։ Մեր նեբուսցիների գլխավոր խնդիրներից է Երկրի վրա խաղաղություն հաստատելը և քանի որ բանակցությունները բացարձակապես արդյունք չեն տվել Նեբուսի գլխավոր լաբորատորիայի կողմից մշակվել և կյանքի է կոչվելու հատուկ ծրագրի նոր փուլը։
Երկիր
«Z 213-ը՝ մարտական ռոբոտների նոր մոդելն արդեն պատրաստ է, ռոբոտների փորձարկումը նախատեսվում է հաջորդ շաբաթ ընթացող զորավարժությունների ժամանակ։ Ռոբոտաշինության ռազմական բաժնի ղեկավարը նշում է որ այս մոդելը նախորդներից տարբերվում է իր արագությամբ և ճկունությամբ»։
Սելինը հեռուստացույցը անջատեց և շտապ գնաց հյուրասենյակ։
– Պապ խնդրում եմ դուք էլ եկեք ինձ հետ, հենց նոր նորություններն էի լսում ու․․․
– Գիտեմ, նախ պետք չէ անհանգստանալ միայն զորավարժությունների պատճառով, և հետո եթե նույնիսկ ռազմական գործողությունները նոր թափով սկսվեն դա ոչ մի նշանակություն չի ունենա գիտես այստեղի ապաստարանները անվտանգ են, բացի այդ չեմ կարող հենց այնպես թողնել իմ փոքրիկ, հին քաղաքը։
– Պապ խնդրում եմ ձեր իսկ անվտանգության համար։
– Ավելի լավ է իրերդ հավաքես, պատրաստվես մեկնելուն։
– Ախր իրավիճակը ավելի է բարդանում ու փոքրիկ օդի զտիչ սարքերը կարող են օգուտ չտալ, խնդրում եմ եկեք ինձ հետ։
– Սելին առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա, խոստանում եմ տեղափոխվել միայն եթե անհրաժեշտություն առաջանա:
Նեբուս
– Հարգելի հետախույզներ երկու օր անց դուք ուղևորվելու եք Երկիր, կատարելու կարևոր և պատասխանատու առաջադրանք, պատասխանատու որովհետև 2000 տարիների ընթացքում մեզ դեռ չի հաջողվել լեզու գտնել այդ մոլորակի բնակիչների հետ, Ձեր կատարած աշխատանքը բարենպաստ հող կնախապատրաստի հետագա աշխատանքների իրականացման համար, բացի այդ Ձեզ բախտ է վիճակվել առաջին անգամ փորձարկելու լաբորատորիայի կողմից մշակված նոր սարքը։ Ինչպես գիտեք նախորդ մոդելը իրենից ներկայացնում է հաղորդալար երկու կողմից գլխիկներով որի մի կողմը միանաում է երկրացու գլխին, ավելի կոնկրետ ճակատի հատվածին մյուսը հետախույզի, որից հետո այն ակտիվանում է և անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցում հետախույզին, բայց սարքի գլխավոր թերություններից մեկն այն էր որ միանգամյա օգտագործման համար էր նախատեսված, բացի այդ անմիջական կերպով հնարավոր չէր հավաքած տեղեկությունները սարքից փոխանցել գլխավոր տեղեկատվական կենտրոնի համակարգիչներին, ստեղծվում էին ավելորդ բարդություններ իսկ հիմա օգնականս Ձեզ կներկայացնի սարքի նոր մոդելը։
– Օ՜, չեք պատկերացնի թե ինչքան եմ սպասել այս պահին։
– Ներկայացրե՛ք, խնդրեմ։
– Նոր մոդելը՝ հիանալի, նոր դիզայնով, փոքրիկ ուղղանկյունաձև, բաց վարդագույն երանգ ունեցող, համարյա թափանցիկ կրիչ է․ ի տարբերություն նախորդի այն աշխատում է առանց հաղորդալարի, տասը րոպեի ընթացում կլանում անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, սակայն նախորդի նման այն նույնպես պետք է փակցնել մարդու ճակատին քնած ժամանակ հակառակ դեպքում ուղեղից եկող ուժեղ ազդակները կվնասեն այն։ Սարքը զգայուն է նաև արտաքին վնասվածքների նկատմամբ մեկ քերծվածք և այն այլևս պիտանի չէ հենց այդ պատճառով էլ ստեղծվել են այս ճամպրուկները որոնք կօգնեն անվնաս տեղափոխել սարքերը՝ մինչև լաբորատորիան գտնի լուծում՝ փոքրիկ թերությունը շտկելու համար։
– Այսքանը կապված սարքերի հետ, Երկրում կողմնորոշվելու համար անհրաժեշտ կոորդինատները ներմուծված են Ձեր ժամացույցներում, ջրի և հելիումի անհրաժեշտ պաշարը, արտակարգ դեպքերը գրանցելու համար նախատեսված էլէկտրոնային օրագրերն ու այլ անհրաժեշտ իրերն արդեն անձնական տիեզերանավերում են։
Հիշեցո՛ւմ, չմոռանաք օգտագործել անտեսանելիության փոշին տիեզերանավերը թաքցնելու համար, կարևոր է աննկատ մնալ առաջադրանքը կատարելիս։ Վաղն ամբողջությամբ տրամադրվելու է ևս մեկ անգամ գիտելիքների ստուգմանը, իսկ մյուս օրը թռիչքն է։ Հաջողություն եմ մաղթում։
Երկիր
– Արդեն հինգ օր է Երկրի վրա եմ, իսկ մինչ այդ քսան տարի միայն ուսումնասիրել եմ այս մոլորակի պատմությունը, բնակիչներին, գոյություն ունեցող ու մեռած բոլոր լեզուները, բայց միևնույն է ոչինչ չեմ հասկանում։ Ինչու՞ են գծում սահմաններ որոնք հետո խախտելու են պատերազմով։
– Դիել ես արդեն տասը տարի Ձեր անձնական օրագիրն եմ հավաքելով Ձեզնից լսած ողջ ինֆորմացիան և հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այն որ առաջադրանքը կատարելու համար ունեք տասը օր, բայց համարյա ավարտել եք ողջ աշխատանքը՝ թույլ են տալիս ինձ ենթադրել, որ դուք բավականին հետաքրքիր մտքեր ունեք ինչպես անցկացնել ազատ ժամանակը։
– Իհարկե, աշխատանքս ավարտելու համար ժամացույցում նշված հասցեներից մնացել է վերջինը, հարյուրերրորդ մարդուց կստանամ անհրաժեշտ ինֆորմացիան, տասներորդ օրը կապ կհաստատեմ Բիենի հետ կրիչներով ճամպրուկը կփոխանցեմ նրան։ Ես առայժմ կմնամ այստեղ պատճառաբանելով, որ տիեզերանավը անսարքություններ ունի ու կկարողանամ վերադառնալ միայն այն նորոգելուց հետո։
– Ենթադրենք ծրագիրն աշխատեց, իսկ հետո՞։
– Ծրագիրը կաշխատի․ մեր հետախույզների խմբում ամենալավը ես եմ տիեզերանավ նորոգում, հետևաբար ոչ ոք չի մնա ինձ օգնելու։ Երբ նրանք թռնեն Նեբուս ես կլրացնեմ ջրի և հելիումի պաշարը ու կգնամ հեռու, հնարավորինս հեռու Նեբուսից։
– Օ՜, դուք պատրաստվում եք փախչել։
– Ոչ ուղղակի այս գործը կորցրել է իր հետաքրքրությունը ծանոթանալ մի նոր մոլորակի ողջ պատմությանը, բնակիչներին, բանակցությունների փուլի ավարտից հետո գաղտնի կամ բացահայտ տարբեր առաքելություններով այցելել այդ մոլորակներ․․․ չգիտես ինչու։
– Փախուստի հիանալի ծրագիր։
– Կրկնիր ևս մեկ անգամ և ես կվերանայեմ քեզ ինձ հետ տանելու գաղափարը։
– Դե լավ, ես կլռեմ Ձեր մասին մտածելով, մենակ հո չեք խելագարվելու,- ասաց ու ծիծաղեց արհեստական ինտելեկտին բնորոշ ծիծաղով։
Օր վեցերերորդ
– Ամեն ինչ կարգին է մամ, չէ Շառլոտան այսօր ու առաջիկա շաբաթվա ընթացքում տանը չի լինելու երկու ամսից համերգ են ունենալու, հետո նոր երաժշտական ալբոմի ձայնագրությունն է, անընդհատ աշխատում է։
Հա մամ դասերս լավ են, ես լավ եմ արդեն ասացի, կարող եք հանգիստ լինել։ Մամ իսկ հայրիկը չմտափոխվե՞ց տեղափոխվելու հարցում։ Լավ ամեն ինչ պարզ է, կխոսենք վաղը,- տեսազանգից հետո Սելինը նորից ստուգեց գիտական նախագծի վրա կատարած վերջին փոփոխությունները, ապա գնաց քնելու։
Սելինն արդեն խորը քնած էր, երբ սենյակում հայտնվեց հյուրը, ում գոյության մասին նա նույնիսկ չէր էլ կասկածում։
Դիելն առանց դժվարության անաղմուկ հայտնվեց սենյակում, պատրաստեց կրիչը մոտեցավ քնած օբյեկտին և երբ պատրաստվում էր այն ամրացնել, աղջիկը հանկարծ սկսեց խոսել․
– Արի՛ գնանք, տե՜ս այնտեղ ծովը բաց կապույտ երանգ ունի, ծառերի տերևները կանաչ են․․․
Դիելը հանկարծակիի եկավ, օբյեկտը քնած էր ինչպե՞ս հանկարծ սկսեց խոսել, անսպասելիությունից կրիչը ձեռքից սահեց, հայտնվեց գետնին ու փշրվեց։ Նա արագ թաքնվեց բազկաթոռի հետևում հանկարծ չբռնվի, բայց աղջիկը չարթնացավ։
«Գրողը տանի նա քնած ժամանակ է խոսում, չէի՞ր կարող պարզապես քնել, իսկ ես հանգիստ կավարտեի առաջադրանքը»,- մտածեց Դիելը, ապա ճամպրուկից հանեց կրիչի նախորդ մոդելը համոզվեց որ աղջիկը քնած է ամրացրեց կրիչի մի կողմը աղջկա գլխին մյուսը իր, ակտիվացրեց սարքը։ Տասը րոպե և նա կազատվի իր համար արդեն անտանելի պարտականություններից, բայց այս օրը ևս մեկ անակնկալ է պատրաստել հետախույզի համար։ Վեց րոպե անց վատ երազի պատճառով Սելինը վեր է թռչում տեղից սարքը խափանվում է:
-Ա՜, ո՞վ ես դու, գնա քանի ոստիկանություն չեմ կանչել։
– Հանգիստ ես գող չեմ։
– Ավելի վատ, ուրեմն մարդասպան եք, չհամարձակվե՛ք մոտենալ։
– Գրողը տանի, ես պարզապես այլմոլորակային եմ։
– Հա՜, հա՜, հա՜ կարող էիք ավելի լավ սուտ մտածել։
– Պարզապես մոռացեք որ տեսել եք ինձ և ես կգնամ, ու մի բան էլ ոչ ոք ոչինչ չպետք է իմանա, չնայած միևնույն է ոչ ոք ձեզ չի էլ հավատա։
– Ինքս չեմ հավատում որ դուք․․․ ա՜, գլուխս։
Սելինը կշարունակեր չհավատալ եթե աչքի առաջ չհայտնվեին անծանոթ, չափից դուրս իրական, բայց միևնույն ժամանակ անհավանական թվացող պատկերները։
– Ի՞նչ եք արել ինձ հետ, ի՞նչ տեսա հենց նոր կարո՞ղ եք բացատրություն տալ ձեր արածին։
– Հասկացա՜, ես սխալվում էի, դուք գող չեք։
– Վերջապես տեղ հասավ։
– Դուք այլմոլորակային մարդասպան եք։
– Չհասավ։ Մենք պարզապես մտածում ենք այս մոլորակի ապուշ բնակիչներին օգնելու մասին, ահա թե որն է մեր գլխավոր խնդիրը, պատերազմում եք դուք, իսկ ձեր մոլորակի փրկության մասին մտածում ենք մենք։
– Դե եթե այդպես է, ու դուք իրոք ուզում եք օգնել մեր մոլորակին ինչու՞ Նեբուսում չեք ստեղծում մի սարք որով կջնջեք բոլոր մարդկանց հիշողությունը ու ստեղծում նոր հիշողություն որից հետո կսկսվի նոր էջ մարդկության պատմության մեջ։
– Ես չասացի իմ մոլորակի անունը, ինչպե՞ս իմացար այն ու մնացած ամեն ինչի մասին։
– Չգիտեմ, սա ինձ սկսում է վախեցնել։
– Դե իհարկե՜,- Դիելն ասես շանթահարվեց,- պատճառը կրիչն է․ խափանման պատճառով տեղի է ունեցել ինֆորմացիայի հակառակ հոսք լրիվ կամ մասնակի, որն այժմ կստուգենք, միայն չվախենաս, երբ վերջացնենք քո սիրելի սուրճից կպատրաստեմ։ Փաստորեն ինֆորմացիայի փոխանակում է կատարվել։
– Հիմա ի՞նչ է լինելու։
– Կփորձեմ ինչ որ կերպ շտկել կատարվածը իսկ այժմ ինքդ էլ կապատասխանես հարցիդ թե ինչու՞ չենք կարող ջնջել բոլորիդ հիշողությունը։
– Նեբուսի կանոնադրությունն արգելում է որոշ մոլորակներում նման մեծամասշտաբ գործողություններ իրականացնել, և Երկիրը այդ մոլորակների շարքում է, վերջին նման փորձի ժամանակ Ավստրալիայում լուրջ հրդեհ էր բռնկվել։
– Ի՞նչ ենք արտադրում մարսեցիների համար։
– Անտեսանելիության փոշի Երկիր մոլորակի բնակիչներից թաքնվելու համար, փաստորեն Մարսում կյանք կա ո՞վ կմտածեր։
– Առայժմ կարող ես ապրել լուսավորված լրացուցիչ գիտելիքներով, վաղը կվերադառնամ կփորձեմ շտկել այս սխալը և երկուսս էլ կմոռանանք այն ինչ չպետք է իմանայինք։
– Արդեն չեմ վախենում ու չեմ ուզում որ շտկես այս հաճելի սխալը, այն կարող է օգտակար լինել նոր գիտական նախագծերիս համար։
– Վաղը կգամ։
– Չափազանց լուրջ ես։
Օր յոթերորդ
Դիելը փորձում էր նորոգել սարքը, բայց ապարդյուն։
-Լսի՛ր, ողջ օրվա ընթացքում մտքերդ խանգարել են ինձ դրանց պատճառով չեմ կարողացել սարքը նորոգել, փոխարենը գտել եմ հարցերիդ պատասխանը, ահա այն նյութը որը կմաքրի ջուրը վնասակար նյութերից պինդ, հեղուկ և գազային վիճակներում, սա նյութի օգտագործման եղանակն է, որպեսզի ոչինչ չխառնես։ Իսկ այժմ գնում եմ սարքը նորոգելու։
Դիելը պատրաստվում էր հեռանալ նույնքան անսպասելի ինչպես հայտնվել էր, սակայն Սելինի խոսքերը կանգնեցրին նրան։
-Իսկ ես գիտեմ թե դու ինչու ես տխուր ու ինչու ես ուզում հեռանալ քո մոլորակից, դու շատ հրաշքներ ես տեսել, բայց դրանք քո համար սկսել են կորցնել արժեքը, որովհետև դու չունես շատ կարևոր հարցի պատասխան, չգիտես թե ինչու ես անում այս ամենը, ինչու ես օգնում մյուսներին իսկ ինչու-իդ պատասխանը գտնելու համար պետք է վերադառնաս այնտեղ որտեղից սկսվում է պատմությունդ, հետո միայն կորոշես ինչ անել։
Դիելը չկարողացավ ոչինչ ասել ու լուռ հեռացավ։
Օր ութերորդ
Սարքն արդեն նորոգված է, պետք է գնա ուղղելու սխալն ու հեռանա վերջապես, բայց անծանոթ մի զգացողություն առայժմ հետ է պահում նրան, նա երբեք նման բան չէր զգացել ասես մեկը մեխել էր ոտքերը հողին։ Նա անձնական օրագրում նոր բացատրություն տվեց տուն բառին ու հեռացավ։
Մինչ սարքը գործի դնելը Սելինն ու Դիելը գնում են սահելու, վերջինս չկարողացավ հրաժարվել երկրացի միակ ծանոթի առաջարկից, չնայած հրավերն ընդունեց նաև այն պատճառով որ ինքն էլ դեռ չէր շտապում հեռանալ ու իհարկե շատ հետաքրքիր և հաճելի ժամանակ անցկացրեց։
Օր իններորդ
Դիելն ամրացրեց սարքը Սելինի գլխին, ինֆորմացիայի փոխանակումը և աղջկա հիշողությունների խիստ որոշակի մասի ջնջման գործընթացը բարեհաջող ավարտվեց։
-Նորից կսկսեմ մենակ մտածել,- ցածրաձայն ասաց Դիելն ու հեռացավ։
Օր տասներորդ
Դիելը վերադարձավ Նեբուս իր մոլորակի գաղտնիքը պարզելու։
Սելինն արթնացավ սովորականի պես գնաց լվացվելու ձեռքի ափի մեջ նկատեց մի գրություն «Ես նա եմ» օճառով մաքրեց այն այդպես էլ չհասկանալով դրա նշանակությունը։ Միայն ամիսներ անց գտավ լավ պահված էլէկտրոնային մի թղթապանակ որտեղ Նեբուս անունով մոլորակի կոորդինատներն էին և այլ մանրամասներ, նաև ինչ-որ մեկի նկարը սահադաշտում սահելիս ու հիշողությունները անսպասելի անակնկալ մատուցեցին նրան։