Տանգո՜…չէ՛, արգենտինական տանգո…Ահա <<տանգո>> բառն այսպես է ամբողջական հնչում, քանի որ մարդկանց ընկալումներում այս բառերն իրար լրացնում են ու երբեմն անգամ հոմանիշներ են:
Տանգոն այսօր իր մեջ կրում է ճաշակ, որակ, բարձրաշխարհիկ էլեմենտներ: Իսկ գիտեի՞ք, որ նախկինում տանգո պարում էին Բուենոս Այրեսի պոռնկանոցներում և աղքատների հավաքատեղիներում: Այո՛, այո՛, մի՛ զարմացեք: Այն սկզբում համարվում էր ցածր խավի պար:
Իսկ սկիզբ ասելով` նկատի ունենք հեռավոր 1800-ականների վերջն ու 1900-ականների սկիզբը, երբ զանգվածային միգրացիայի արդյունքում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես լցվեցին տարբեր տեղերից ժամանած բազմաթիվ ստրուկներ, ովքեր կարողացան ազդեցություն ունենալ տեղի մշակույթի վրա:
Աֆրիկյան տանգանոյի ռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայի հաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը միաձուլվեցին հայրենիքի կարոտի, դժբախտ սիրո, կրքի և միայնության հետ` ստեղծելով տանգոն:
Ու պատահական չէ, որ տանգոն համարվում է նաև միայնակների ու տխուր պար, քանի որ այն սկզբնական շրջանում պարում էին տնից-տեղից կտրված աղքատ միայնակները, ովքեր գաղթել էին Արգենտինա՝ իրենց համար ավելի լավ բախտ որոնելու:
Ասում են՝ հենց տանգո բառն ունի աֆրիկյան արմատներ և նշանակում է <<փակ տարածք>> կամ <<պատվիրված տեղ>>: Ոմանք էլ պնդում են այդ բառի` պորտուգալերեն արմատների մասին. լատիներեն <<տանգուերե>>, որ նշանակում է հպվել:
Աֆրիկյան ստրուկներն ու ազատ սևերը հավաքվում էին իրենց հավաքատեղիներում և իրար հպվելով պարում տանգո: Չնայած բարձրաշխարհիկ հասարակությունը վերևից էր նայում տանգո պարողներին ու այդ վայրերին, սակայն հարուստ տղաները դեմ չէին գնալ այնտեղ ու զվարճանալ տանգո պարող կանանց հետ:
Տանգոյի պատմության մեջ առանձնանում են մի քանի հոգի, որոնք նպաստել են դրա զարգացմանը:
Հիշատակման է արժանի Էդուարդո Արոլասը, ով բանդոնեոնն ու տանգոն միացրեց իրար: Բանդոնեոնը ակորդեոնի նմանվող երաժշտական գործիք է, որը բերվել էր Գերմանիայից: Նա պնդում էր, որ այդ գործիքն ամբողջովին նկարագրում է այն հոգեվիճակը, որն ունեին այդ ժամանակվա տանգո պարողները` տխրություն, կարոտ, հույս, կիրք:
Ի դեպ, ավանդական տանգո երաժշտությունն ամբողջական է իր սոլո կիթառով, կիթառ դուոով կամ այսպես կոչված անսամբլով, որի մեջ մտնում են երկու ջութակ, ֆլեյտա, դաշնամուր, կոնտրաբաս և առնվազն երկու բանդոնեոն:
Հաջորդ քայլը, որն արվեց տանգոյի զարգացման մեջ, պոետ Ռիկարդո Գուիրալդեսինն էր: Նա Արգենտինայում հայտնի էր որպես փլեյբոյ, ով իր երեկոներն անց էր կացնում իր բոհեմական ընկերների հետ ու զվարճանում տանգոյի վայրերում:
Եվ երևի իր խրախճանքների ազդեցության տակ էլ գրել էր <<Տանգո>> պոեմը: 1910թ.-ին նա մեկնում է Եվրոպա շրջագայության, որի ընթացքում էլ ներկայացնում է տանգոն ինչպես պոեզիայի, այնպես էլ պարի տեսքով ու այդպես ցնցում Փարիզը:
Մյուս կարևոր մարդը տանգոյի զարգացման գործում դերասան Ռուդոլֆ Վալենտինոն է, ով 1926թ.-ին <<Ապոկալիպսիսի չորս ձիավորները>> ֆիլմում խաղացել է գաուչոյի դեր՝ լայն տաբատով, կաշվե գոտիով, մեխակը բերանին ու մտրակն էլ ձեռքին: Այդ ֆիլմում նա պարեց տանգո, որն էլ այցեքարտ դարձավ ինչպես իր, այնպես էլ տանգոյի համար: Դրանից հետո անգամ տանգո պարողները նմանակում էին նրա` գաուչոյի կերպարին:
1930-ականներին սկսվեց Արգենտինայի Ոսկե դարաշրջանը, որի ժամանակ երկիրը դարձավ աշխարհի 10 ամենահարուստ երկրներից մեկը, որի ընթացքում պոեզիան, երգն ու մշակույթը ծաղկում ապրեցին:
Եվ տանգոն դարձավ արգենտինական մշակույթի ներկայացման հիմնաքարը: Չնայած ոսկե դարաշրջանը տևեց մինչև 40-50-ականները, տանգոն մնաց Արգենտինայի խորհրդանիշը ու այժմ էլ շարունակում է գերել բազմաթիվ մարդկանց սրտեր:
Տաթևիկ Հովհաննիսյան