Ի տարբերություն շատ այլ միլիարդատերերի Ջորջ Սորոսը ոչ թե անհասանելի մեծահարուստ է, այլ առաջադեմ իդեալներին նվիրված՝ երբեմն սադրիչ մտածող, ինչը նրա սայթաքումները դարձնում է այդքան պատկերավոր և ուշագրավ։

2018-ի մայիսին ամերիկյան ABC հեռուստաալիքը հեռացրեց հաղորդավարուհի Ռոզան Բարրիին՝ Օբամայի աշխատակազմի նախկին պաշտոնյաներից մեկի հասցեին ռասիստական թվիթի համար։ Այդ նույն օրը Բարրին երկրորդ համառոտ թվիթն է գրում «Չելսի Սորոս Քլինտոն»․ նա գիտեր այս կոմբինացիայի ուժը։ Բիլ Քլինտոնի դուստրը իհարկե պատասխանեց, որ նրա ամուսինը Ջորջ Սորոսի զարմիկը չէ, և, չնայած դրան, նա հարգում և գնահատում է Սորոսի և Բաց Հասարակության Հիմնադրամների կատարած աշխատանքը։

Բարրիի արձագանքը երկար սպասել չտվեց՝ «Ներիր քո մասին սխալ տեղեկատվություն տարածելու համար։ Ի միջի այլոց, Ջորջ Սորոսը նացիստ է, ով իր հարազատ հրեաներին մատնում էր ֆաշիստներին և դատապարտում մահվան համակենտրոնացման ճամբարներում ու տիրանում նրանց ունեցվածքին, դու գիտեի՞ր այդ մասին։ Բայց մենք բոլորս սխալվելու իրավունք ունենք, այնպես չէ՞ Չելսի»։

Բարրիի թվիթը արագ տարածվեց ԱՄՆ հանրապետական կուսակցության համակիրների կողմից, այդ թվում և Դոնալդ Թրամփ կրտսերի։ Աջ ծայրահեղականների մոտ Սորոսը նույնքան ատելի է, որքան քլինտոնները։ Նա խոսքի մաս է, բոլոր անցքերը փակող բանալի։ Ինչպես արհայատվել է մի նախկին հանրապետական՝ Սորոսի անունը «հուզական աղաղակ է արթնացնում կարմրամիս ամբոխի մոտ»։

Այսպիսի ամբոխը Սորոսին դիտարկում է ինչպես «ստվերում գործող մի չարագործ»։ Այս հակասեմիթական ծաղրանկարը արդեն տասնամյակներով հետապնդում է բարերարին։ Սակայն վերջերս ծաղրանկարը արդեն ավելի շատ նմանեցվում է Ջեյմս Բոնդի հրեշավոր հակառակորդներից մեկին։ Նույնիսկ այն հանրապետականները, ովքեր չեն ընդունում աջ ծայրահեղականների գաղափարները, Սորոսին ընկալում են որպես գլոբալիստ միլիարդատեր, ով ցանկանում է Ամերիկան վերածել լիբերալ տափաստանի։

Սորոսավախի մոլուցքի ընդլայնման հետ մեկտեղ՝ հասարակության մեջ զարմանալիորեն քիչ հետաքրքրություն կա նրա իրական մտքերի և գաղափարների նկատմամբ։ Սա այն դեպքում երբ, ի տարբերություն ծեծված և դատարկ մտքեր հայտնող, խոշոր հաշվով հասարակական կյանքից կտրված ապրող այլ մեծահարուստների, Սորոսը իրոք մտավորական է։ Նրա գրքերից և հոդվածներից ակնհայտ է դառնում, որ վերջինս անհասանելի պլուտոկրատ, իշխանավոր մեծահարուստ չէ, այլ հետևողական և հանդուգն գաղափարներ ունեցող մտածող, ով նպատակ է դրել աշխարհը տանել կոսմոպոլիտ (աշխարհաքաղաքական) ուղղությամբ, որտեղ ռասիզմը, եկամուտների անհավասարությունը, ամերիկյան կայսրությունը, և ժամանակակից կապիտալիզմի արատները կմնան անցյալում։

Նա չափազանց մեծ ուշադրություն է դարձնում ազատ շուկայական հարաբերություններին, ինչպես նաև ԱՄՆ իշխանության կողմից ստեղծվող արտաքին և ներքին սահմանափակումներին, և խոսում իրական ժողովրդավարական իշխանությանը սպառնացող վտանգների մասին։

Այս պատճառով է, որ Սորոսի ձախողումները այդքան մեծ արձագանք են ստանում․ դրանք ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ դասակարգի, մի ամբողջ աշխարհընկալման ձախողումն է։

Հետպատերազմյան Լոնդոնում բանկիր լինելու ժամանակից ի վեր Սորոսը հավատում էր կապիտալիզմի և կոսմոպոլիտանիզմի շաղկապվածությանը։ Նա, ինչպես նաև իր մտերիմներն ու ԱՄՆ դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը համոզված էին՝ ազատ հասարակությունը կախված է ազատ շուկայից։ Սակայն այս ենթադրությունները սխալ էին։ Սառը պատերազմի ավարտին հաջորդած տասնամյակները ցույց տվեցին, որ իր գոյությանը սպառնացող թշնամու բացակայության պայմաններում կապիտալիզմը հակված է խարխլել փոխադարձ վստահության և կարեկցանքի մշակույթը՝ հարստությունը կուտակելով փոքրաքանակ մարդկանց ձեռքին։

1990-ականների սկզբներին այընտրանք չունեցող կապիտալիստական «պատմության ավարտ» ուտոպիայի փոխարեն ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հետևողականորեն կազմաքանդում է «միջազգային լիբերալ կարգը»՝ այն աշխարհակարգը, որը ենթադրաբար պետք է կառավարեր խաղաղ, բարգավաճ և միավորված աշխարհը։

Չնայած Սորոսը շատերից առաջ էր գիտակցել հիպերկապիտալիզմի սահմանափակումները, նրա դասակարգային ինքնությունն ու հարստությունը նրան թույլ չեն տվել ամբողջ ուժով առաջ տանել իր երազանքի աշխարհի ստեղծման համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները։ Այն համակարգը, որը Ջորջ Սորոսին թույլ է տվել այդքան հարստություն կուտակել ապացուցել է, որ կոսմոպոլիտիզմը այդ համակարգում երբեք իր կայուն տեղը չի գտնի։


Սորոսի կենսագրության վառ դրվագները քաջ հայտնի են հանրությանը։ Այսպես, Գյորգի Շվարցը ծնվել է 1930թ․-ին Բուդապեշտի միջին խավի հրեական ընտանիքներից մեկում։ Նրա հայրը 1936-ին ստիպված է եղել ազգանունը փոխել Սորոսի՝ հակասեմիթական խտրականությունից խուսափելու համար։ Գյորգին երջանիկ մանկություն է ունեցել մինչև Երկրորդ Համաշխարհայինը, երբ Հունգարիան գրավվել է նացիստների կողմից, և նրա ընտանիքի անդամները ստիպված են եղել քրիստոնեական ինքնություն որդեգրել և ապրել կեղծ անուններով։ Սորոսի ընտանիքը հրաշքով կենդանի է մնացել պատերազմի ընթացքում՝ խուսափելով կիսել Հունգարիայի հրեաների երկու երրորդի դաժան ճակատագիրը։

Նոր կոմունիստական կարգերից խեղդվելով՝ Սորոսը արտագաղթել է Մեծ Բրիտանիա, որտեղ Լոնդոնի Տնտեսագիտական (LSE) համալսարանում ուսանելու տարիներին հանդիպել է ծնունդով ավստրիացի փիլիսոփա Կարլ Փոփփերին: Վերջինս ճակատագրական ազդեցություն է ունեցել Սորոսի վրա՝ դառնալով նրա ամենակարևոր զրուցակիցը և գաղափարական ներշնչանքի աղբյուրը։

1956-ին Սորոսը ֆինանսական կարիերա սկսելու նպատակով տեղափոխվել է Նյու Յորք։ Wall Street-ի տարբեր կազմակերպություններում տասը տարուց ավել անցկանցնելուց հետո՝ 1960-ականների վերջին, Սորոսը հիմնադրում է Quantum Fund-ը, որը ապագայում կդառնա աշխարհի ամենահաջողված հեջ ֆոնդերից (Hedge Fund) մեկը: Այս ֆոնդի միջոցով հսկայական գումարներ աշխատելուն զուգընթաց Սորոսը դառնում է աշխարհահռչակ թրեյդեր (տարադրամի և արժեթղթերի առքուվաճառք իրականացնող)։ Նրա ամենահաջողված գործարքներից է «Անգլիայի Բանկի կոտրելը»․ 1992-ի նոյեմբերին նա 1 մլրդ դոլարի շահույթ է ստացել անգլիական ֆունտ ստեռլինգի և գերմանական մարկի փոխարժեքը ճիշտ կանխատեսելով։

Այսօր Սորոսը, Բիլ Գեյթսի և Մարկ Ցուկերբերգի հետ մեկտեղ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից, ինչպես նաև քաղաքականապես ամենաազդեցիկ բարերարներից մեկն է։ Սակայն, ի տարբերություն Գեյթսի և Ցուկերբերգի, Սորոսը իր ծրագրերի գաղափարական հենք է դիտարկում հստակ ակադեմիական և փիլիսոփայական մոտեցում։

Կարլ Փոփփեր․ այն մարդը ումից Սորոսը լսել է բաց հասարակության գաղափարի մասին: Լուսանկարը: Popperfoto

Սորոսի ծրագրերն ու բարեգործությունը խարսխված են «բաց հասարակության» գաղափարի շուրջ՝ եզրույթ, որը ստեղծվել և տարածվել է Կարլ Փոփփերի կողմից իր դասական՝ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» աշխատության մեջ։
Ըստ Փոփփերի՝ բաց հասարակությունները երաշխավորում և պաշտպանում են անհատի ազատությունները, մինչդեռ փակ հասարակությունները մարդկանց ստիպում են հնազանդվել կրոնական, քաղաքական, կամ տնտեսական իշխանությանը։


1987-ից ի վեր Սորոսը տպագրել է 14 գիրք և մի շարք հոդվածներ, որոնցում հստակ ընդգծվում է, որ Սորոսի, ինչպես նաև տարբեր երկրներում 1990-ականներին ականավոր դեմոկրատ պաշտոնյաների համար հիմնական գաղափարական սկզբունքը ինտերնացիոնալիզմն է՝ միջազգայնությունը։ Սորոսի համար, ժամանակակից մարդկային գոյության նպատակն է կառուցել աշխարհ, որը կսահմանվի ոչ թե ինքնուրույն, ինքնիշխան երկրների գոյությամբ, այլ գլոբալ հասարակությամբ, որի անդամներից յուրաքանչյուրը կարևորում է մնացած բոլորի ազատությունը, հավասարությունն ու բարգավաճումը։

Իր պատկերացմամբ միայն այդպիսի գլոբալ հասարակության ստեղծման միջոցով մարդկությունը կարող է դիմակայել գոյաբանական այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու միջուկային զենքի տարածումը։

Ի տարբերություն Բիլ Գեյթսի, ում բարեգործական նախագծերը հիմնականում ոլորտային բարելավման բնույթ ունեն (մալարիայի դեմ պայքար և այլն), Սորոսը իսկապես ցանկանում է վերափոխել ներքին ումիջազգային քաղաքականությունն և հասարակությունը։ Արդյո՞ք նրա տեսլականը կարող է հաղթել ԱՄՆ-ում ու Եվրոպայում վերելքի ապրող հակաիսլամական և այլատյաց աջ ազգայնական շարժումներին դեռ պարզ չէ։ Մեկ բան է հստակ՝ Սորոսը իր կյանքի մնացած ժամանակը ծախսելու է այդ հաղթանակին հասնելու համար։

Ջորջ Սորոսը իր բարեգործությունը սկսել է 1979-ին, երբ իր իսկ խոսքերով «որոշակի մտորումներից հետո հասկացա, որ արդեն բավականաչափ գումար ունեմ» և հետևաբար կարող էր լծվել աշխարհը ավելի լավը դարձնելու գործին։ Այդ նպատակով է նա հիմնել «Բաց Հասարակության Հիմնադրամը», որը կարճ ժամանակում վերածվել է միջազգային ցանցի։

Թեև այս հիմնադրամները մի քանի դրամաշնորհներ են ուղղել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդից տուժած սևականներին կրթաթոշակների համար, սակայն Սորոսի հիմնական թիրախը եղել են արևելյան Եվրոպայի կոմունիստական բլոկի երկրները։ 1980-ականների վերջին Բաց Հասարակության հիմնադրամներ են բացվել Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում և նույնիսկ Սովետական Միությունում։

Հետևելով Փոփփերի օրինակին՝ Սորոսը արևելյան Եվրոպայի երկրները համարում էր փակ հասարակության տիպիկ, ծայրահեղ օրինակներ։ Եթե նա կարողանար «բացել» այդ երկրների ռեժիմները, նա կկարողանար աշխարհին ապացուցել, որ փողի օգնությամբ, առնվազն որոշ դեպքերում, կարելի է խաղաղ ճանապարհով տապալել երկրում տիրող ռեժիմը՝ առանց կիրառելու սառը պատերազմի առաջնորդների կողմից սիրված զինվորական միջամտության և քաղաքական հեղաշրջման գործիքները։

1984-ին Սորոսը իր առաջին արտասահմանյան հիմնադրամը բացում է Հունգարիայում, և նրա ջանքերն այդտեղ կարելի է ընդունել որպես հիմնական մոդել այդ ժամանակաշրջանի գործողությունների համար։ 1980-ականներին նա կրթաթոշակներ է տալիս հունգարացի մտավորականներին նրանց ուսումը ԱՄՆ-ում կազմակերպելու համար, քսերոքսի սարքեր է նվիրում գրադարաններին և համալսարաններին, գրանտներ հատկացնում թատրոններին, գրադարաններին, գիտնականներին, արվեստագետներին և փորձարարական դպրոցներին։

1990թ․ թողարկված «Սովետական համակարգի բացումը» գրքում Սորոսը գրում է, որ համոզված էր, որ Բաց Հասարակության Հիմնադրամը «Հունգարիայում օգնեց կազմաքանդել դոգմայի մոնոպոլիան՝ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր տրամադրելով քաղաքակրթական և հասարական գործունեության համար», ինչն էլ իր պատկերացմամբ, որոշիչ դեր խաղաց կոմունիստական համակարգը փլուզելու գործում։

Սորոսի կողմից «դոգմա» բառի օգտագործումը նրա գաղափարական համոզմունքների երկու կարևոր կետ է մատնանշում․ նրա անմնացորդ հավատն առ այն, որ մտքերն ու գաղափարներն են ազդեցություն ունենում կյանքի վրա՝ նույնիսկ տնտեսական գործոններից առավել, ինչպես նաև նրա վստահությունն առ այն, որ մարդկությունն առաջընթացի պոտենցիալ ունի։

Ըստ Սորոսի, փակ հասարակություններին բնորոշ դոգմատիկ մտածելակերպը այս հասարակություններին հնարավորություն չի տալիս հարմարվել փոփոխվող պատմական իրողություններին։ Փոխարենը, «օբյեկտիվ պայմանների փոփոխության» ժամանակ փակ հասարակություններում ապրող մարդիկ ստիպված էին հնազանդվել ժամանակավրեպ և հնացած, գնալով պակաս համոզիչ դարձող գաղափարախոսությունը։

Սորոսը պնդում է, որ, երբ այդ դոգման չափազանց ակնհայտ կտրված է դառնում իրականությունից, փակ հասարակության ավարտն ազդարարող հեղափոխություն է տեղի ունենում։

Ի հակադրություն՝ բաց հասարակությունները ավելի ճկուն էին և կարողանում էին շտկել ուղղությունը, երբ դոգման չափազանց շատ էր կտրվում իրականությունից։


Խորհրդային Միության 1989-1991թթ․ անկումը տեսնելով՝ Սորոսը պետք է պատասխաներ հետևյալ հարցին․ այժմ, երբ արևելյան Եվրոպայի փակ հասարակությունները արդեն սկսել էին բացվել, ի՞նչ անելիք ուներ իր հիմնադրամը։

Խորհրդային Միության կազմաքանդման նախօրեին Սորոսը տպագրում է իր «Սովետական համակարգի բացումը» գրքի նոր տարբերակը, որը կոչվում է «Ապահովագրելով ժողովրդավարությունը» (Underwriting Democracy): Այստեղ բացահայտվում է վերջինիս նոր ռազմավարությունը․ նա ինքն իրեն կնվիրի հակակոմունիստական շարժումների հիմքում ընկած մտքերի և գաղափարների հարատևման, դրանք պաշտպանող ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործին, և կշարունակի դա անել նախկինում հաջողված մեթոդներով։

Այս հաստատություններից ամենակարևորը 1991-ին Բուդապեշտում բացված Կենտրոնական Եվրոպական Համալսարանն էր (Central European University)։ Սորոսի կողմից ֆինանսավորված այս համալսարանը միտված էր կրթել և դաստիարակել նոր, միջազգային, եվրոպական աշխարհ և դառնալ միջազգային, եվրոպական էլիտայի ստեղծման և վերապատրաստման կրթօջախ։

Ակտվիստը հեռացնում է անտի-Սորոս պաստառը Բուդապեշտում։ Լուսանկարը՝ Bernadett Szabó/Reuters

Ինչպե՞ս կարող էր Սորոսը համոզված լինել, որ նոր բացված հասարակությունները կշարունակեն ազատ մնալ։ Սորոսը մեծացել էր Լոնդոնում և հիշում էր այն ժամանակը, երբ պատերազմից հետո Ամերիկան հանրահայտ Մարշալի Պլանը մեծ գումարներ էր տրամադրում պատերազմից քայքայված եվրապական երկրների վերակառուցման համար։

Այս պատմական օրինակը միայն ուժեղացնում էր Սորոսի այն համոզմունքը, որ թույլ և անկայուն հասարակությունները կարող են վերականգնվել միայն անընդհատ ու արատաձեռն արտաքին ֆինանսավորման պայմաններում, ինչն էլ թույլ կտա ստեղծել ժողովրդավարության և ճիշտ գաղափարների ծաղկմանը նպաստող անհրաժեշտ նվազագույն պայմաններ տվյալ երկրում։

Այս պատճառով է, որ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Սորոսը պնդում էր, որ միայն «արևմտյան օգնության deus ex machina»-ի օգնությունը (անհույս թվացող իրավիճակում անսպասելի եկած օգնություն) կարող էր ամրապնդել արևելյան բլոկի ժողովրդավարությունը։ «Ողջ կյանքը բռնատիրական համակարգում ապրող մարդիկ կարող են իրենց երազանքները իրականություն դարձնել միայն արտաքին օգնության պայմաններում» – համոզված էր Սորոսը։

Սորոսն ասում էր, որ Ամերկան և Եվրոպան պետք է Արևելյան Եվրոպայի երկրներին խոշորածավալ ֆինանսական աջակցություն ցոցաբերեն, նրանց եվրոպական ընդհանուր շուկա մուտք գործելու հնարավորություն տան, և նպաստեն արևմուտքի և արևելքի միջև «բազմակարծության հիմքի վրա կառուցվող հասարակությանը վայել» մշակութային և կրթական կապերի ընդլայնմանը։ Այս ծրագրի արդյունքում կայացած արևելաեվրոպական երկրներին Արևմտյան Եվրոպան պետք է ընդուներ եվրոպական երկրների միություն, ինչի շնորհիվ կկանխվեր Եվրոպայի ապագա քաղաքական տրոհումը։

Սորոսի բարձրաձայնած այս հարցերն արևմուտքում ուշադրության չարժանացան։ 1990-ականներից ի վեր նախկին արևելյան բլոկում գողապետական կարգերի ստեղծումը և ծայրահեղական ազգայնականների հաջողությունները նա պայմանավորում է այդ ժամանկաշրջանում արևմուտքի ճակատագրական կարճատեսությամբ և քաղաքական կամքի բացակայությամբ։

«Ժողովրդավարությունները,» – գանգատվում է նա 1995-ին, – «արժեքների պակասի խնդիր ունեն ․․․ [և] չեն ցանկանում որևէ ջանք գործադրել, երբ նրանց կենսական շահերը անմիջական սպառնալիքի տակ չեն գտնվում։»։

Սորոսի կարծիքով Արևմուտքը ձախողել է այդ ճակատագրական հարցում և, դրանով իսկ, բացահայտել իր կարճատեսությունն ու անպիտանությունը։

Սակայն այս դեպքում միայն քաղաքական կամքի բացակայությունը չէր, որ սահմանափակել էր Արևմուտքի արձագանքը։ «Շոկային թերապիա» կոչվող տխրահռչակ գործընթացի տարիներին, երբ հետկոմունիստական պետական ակտիվները կոպեկներով սեփականաշնորհվում էին, արևմտյան կապիտալը հոսեց դեպի արևելյան Եվրոպա, սակայն ժողովրդավարական հաստատությունների ստեղծման և հանրային գիտակցության բարձրացման օժանդակության փոխարեն և այն հիմնականում ներդրվեց մասնավոր հատվածում, ինչը և օգնեց տարբեր տրամաչափի գողապետերին և հակաժողովրդավարական ուժերին զավթել իշխանությունը։

Սորոսը բացահայտեց այս խորքային խնդիրը, սակայն չկարողացավ կանխատեսել և ըմբռնել, որ կապիտալիզմը, իր բուն էությամբ շահույթը ամեն ինչից վեր դասելով, անհամատեղելի է ժողովրդավարական նախագծերի հետ։ Սորոսը այդպես էլ մնաց սերտ կապված այն համակարգին, որին հաղթել էր։


Սառը պատերազմի ավարտին Սորոսը փորձում է հասկանալ և ուսումնասիրել գլոբալ բաց հասարակության ստեղծմանը խոչընդոտող միջազգային խնդիրները։

1997թ․ հարավ-արևելյան Ասիայի երկրներում առաջացած ֆինանսական ճգնաժամի հետևանքով արտարժույթի փոխարժեքի անկումը ուժգին հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը։ Այս իրադարձություններից հետո Սորոսը գրքեր է գրել, որոնցում անդրադարձել է բաց հասարակությունը վտանգող, իր կարծիքով երկու հիմնական սպառնալիքիներին․ հիպերգլոբալիզացիա և շուկայական ֆունդամենտալիզմ՝ երկու ուղղություն, որոնք կոմունիզմի տապալումից հետո գերակա դիրք են զբաղեցնում աշխարհում։

Սորոսը պնդում էր, որ հետսառըպատերազմյան պատմությունը, ինչպես նաև իր՝ որպես միջազգային ամենահաջողակ թրեյդերի անձնական փորձը ցույց են տալիս, որ չկարգավորված գլոբալ կապիտալիզմը բաց հասարակությունը վտանգում է երեք տարբեր ուղղություններով․

Առաջին․ քանի որ կապիտալը կարող է տեղափոխվել այլ տեղ հարկերից խուսափելու համար, արևմտյան երկրները զրկված էին քաղաքացիներին հանրային բարիքներ մատուցելու համար անհրաժեշտ հարկային ռեսուրսներից։

Երկրորդ․ քանի որ միջազգային վարկատու կազմակերպությունները ինչպես հարկն է չէին վերահսկվում, հաճախ «անհիմն վարկային գործարքների» մեջ էին մտնում՝ ինչը սպառնում էր միջազգային ֆինանսական կայունությանը։

Եվ վերջապես, քանի որ այս իրողությունները խորացնում էին ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային անհավասարությունը, Սորոսը վախենում էր, որ դա ի վերջո մարդկանց կդրդի տարբեր «հուսահատ գործողություների» անցնել, ինչը ևս կվնասի գլոբալ համակարգի կենսունակությանը։

Սորոսը իր ձախ-կենտրոնամետ գործընկերներից շատերից առաջ հասկացավ 1990 և 2000-ականների ֆինանսականացված և ապակարգավորված «նոր տնտեսության» խնդիրները։

Նա իր բոլոր լիբերալ համախոհներից ամենաշուտը գիտակցեց, որ կապիտալիստական գաղափարախոսության ամենածայրահեղ դրսևորումներին հետևելը կարող է ԱՄՆ-ին դրդել իրականացնել մի քաղաքականություն, որը կվնասի ժողովրդավարությանը և կվտանգի երկրի, ինչպես նաև միջազգային խաղաղությունը։

Սորոսի կարծիքով, կապիտալիզմը ինքն իրենից փրկելու միակ ճանապարը միջազգային ֆինանսները վերահսկող և կանոնակարկող «քաղաքական որոշումներ կայացնող գլոբալ համակարգի» ստեղծումն է։

Մինչդեռ Սորոսը դեռ 1998-ին էր գիտակցել, որ գլոբալ հաստատությունների հիմնական հակառակորդը հենց ԱՄՆ-է։ Ամերկացիները արդեն հացրել էին մերժել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի(International Court of Justice) վճիռների ընդունումը, մերժել էին ստորագրել ականների արգելման Օտտավայի համաձայնագիրը, ինչպես նաև բազմիցս միակողմանի և կամայական ձևով տնտեսական պատժամիջոցներ կիրառել տարբեր երկրների նկատմամբ։

Չնայած այս ամենին Սորոսը դեռ հույս ուներ, որ ամերիկյան իշխանավորները կգիտակցեն, որ առաջին հերթին իրենց իսկ շահերից է բխում առաջնորդել ժողովրդավարությունն աշխարհում և աջակցել «բաց հասարակությունների ստեղծմանն ու գլոբալ բաց հասարակության համար անհրաժեշտ միջազգային իրավունքի և հաստատությունների ուժեղացմանը»։

Սակայն Սորոսը չուներ ծրագիր, որի միջոցով կփոխվեր ամերիկյան էլիտայի թշնամանքը միջազգայնության այն դրսևորումների նկատմամբ, որոնք չէին ծառայայում սեփական ռազմական հզորացմանը կամ տնտեսական շահերին։ Սա զգալի բաց է Սորոսի տեսության մեջ, մանավանդ, եթե հաշվի առնենք պատմական փոփոխություններ առաջացնելու գործի մեջ մտքերի և գաղափարների գերակայության մասին նրա համոզվածությունը։

Այս խնդրի լուծման մասին մտածելու փոխարեն Սորոսը պարզապես հայտարարեց, որ «փոփոխությունը պետք է սկսի ընկալումների փոփոխությունից, ինչը հետզհետե կբերի քաղաքականության փոփոխության»։

Սորոսի հիփեր-էլիտայի անդամի ստատւսը և նրա համոզմունքն առ այն, որ չնայած բոլոր շեղումներին պատմությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, նրան թույլ չտվեցին ամբողջ ծավալով գիտակցել այն գաղափարական արգելքները, որ կանգնած են իր պատկերացրած ինտերնացիոնալիզմի ճանապարհին։


2001թ. սեպտեմբերի 11 դեպքերին հաջորդած Ջորջ Բուշ կրտսերի ռազմական պատասխանը Սորոսին ստիպեց իր շեշտադրումները տնտեսական դաշտից տեղափոխել քաղաքականություն։ Բուշի աշխատակազմի գաղափարախոսությունը կարծես անեծք լիներ Սորոսի համար։ 2004-ին տպագրված «Ամերիկյան գերակայության փուչիկը» գրքում Սորոսը Բուշի և իր խմբակի որդեգրած քաղաքականությունը որակում է որպես «հասարակական Դարվինիզմի անտաշ տեսակ», որի համաձայն «կյանքը գոյատևման պայքար է, և գոյատևելու համար հույսներս պետք է դնենք միայն ուժի կիրառման վրա»։

Մինչդեռ մինչև Սեպտեմբերի 11-ը՝ «այս կեղծ իդեալոգիայի ավելորդությունները սահմանափակվում էին մեր նորմալ գործող ժողովրդավարության շնորհիվ», իսկ դրանից հետո Բուշը «ջանասիրաբար տարածեց վախի մթնոլորտը երկրում» որպեսզի լռեցնի ընդդիմությանը և շահի հասարակության աջակցությունը իր անարդյունավետ ռազմատենչ և միակողմանի քաղաքանության հանդեպ։

Սորոսի համար «դուք կամ մեր կողմից եք, կամ ահաբեկիչների կողմից» նման պնդումները չարագուշակորեն նմանվում են նացիստական կամ սովետական կոչերին, որոնք, նա հույս ուներ, մնացել էին անցյալի Եվրոպայում։

Սորոսն իրավացիորեն անհանգստանում էր, որ Բուշը արտաքին միջամտություններով և ներքին ճնշումներով երկիրը կներքաշի ուղեկցվող «պերմանենտ պատերազմական վիճակի» մեջ։

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։ Շնորհակալություն։

Մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել հետևյալ եղանակներով․
1. Կատարելով քարտային փոխանցումներ ArCa համակարգով։
քարտի համար 5501 0401 0009 7350 (GAREGIN HARUTYUNYAN)
2. Բաժանորդագրվելով PATREON-ում այս հղումով
3․ Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։
4. PayPal։ garegin1@gmail.com

Հետևաբար նախագահը սպառնալիք էր հանդիսանում ոչ միայն աշխարհի խաղաղության, այլև բաց հասարակության բուն գաղափարի համար։ Անուամենայնիվ Սորոսը վստահ էր, որ Բուշի «ծայրահեղական գաղափարախոսությունը» չէր արտահայտում ամերիկացիների մեծամասնության սպասելիքներն ու արժեքները, և ակնկալում էր, որ 2004թ. Նախագահական ընտրություններում կհաղթի Ջոն Կերրին։

Կերրիի հաղթանակը, ըստ Սորոսի, կհանգեցնի «աշխարհում Ամերիկայի դերի խորքային վերանայմանը», որի հետևանքով քաղաքացիները կմերժեն միակողմանի քաղաքականությունը և կընտրեն միջազգային համագործակցության ճանապարհը»։

Սակայն Կերրին չհաղթեց, ինչը բարերարին առաջին անգամ ստիպեց կասկածի տակ դնել շարքային ամերիկացիների քաղաքական խորաթափանցությունը։ 2004-ի ընտրություններից հետո Սորոսը հավատքի ճգնաժամ ապրեց։ 2006-ին թողարկված իր «Սխալմունքի դարը» գրքում Սորոսը Բուշի վերընտրվելը բացատրում է այն փաստով, որ ԱՄՆ-ն իրենից ներկայացնում էր «ամեն ինչ լավ է» հասարակություն, որը չի ցանկանում առերեսվել տհաճ իրականությանը»։

Սորոսն ընդգծում էր, որ ամերիկացիները կնախընտրեն «չարաչար մոլորեցված լինել Բուշի ադմինիստրացիայի կողմից», քան կընդունեն Աֆղանստանի, Իրաքի, և ահաբեկչության դեմ պայքարի ձախողումները։ Շուկայական ֆունդամենտալիզմի և դրա «հաջողության» մոլուցքի ազդեցության տակ գտնվելով՝ ամերիկացիները ցանկանում էին լսել քաղաքական գործիչների պնդումներն առ այն, որ երկիրը կարող է հաղթել մի այնպիսի աբսուրդ պատերազմ, ինչպիսին էր ահաբեկչության դեմ պատերազմը։

Բուշի հաղթանակը հավաստիացրեց Սորոսին, որ ԱՄՆ-ն կգոյատևի որպես բաց հասարակություն միայն եթե ամերիկացիները սկսեն ընդունել, որ «ճշմարտությունը կարևոր է», հակառակ դեպքում նրանք կշարունակեն պաշտպանել ահաբեկչության դեմ պատերազմը և դրան ուղեկցող սարսափները։ Թե ինչպես էր Սորոսը պատրաստվում փոխել ամերիկացիների մտածելակերպը, հայտնի չէր։


2007-2008թթ. ֆինանսական ճգնաժամը Սորոսին քաջալերեց կրկին սևեռվել տնտեսության վրա։ Փլուզումը նրա համար անակնկալ չէր, նա այն դիտարկում էր որպես շուկայական ֆունդամենտալիզմի կանխատեսելի հետևանք։ Փոխարենը, նա համոզված էր, որ շուտով աշխարհը կտեսնի, ինչպես նա ձևակերպել էր իր 2008թ. «Ֆինանսական շուկաների նոր պարադիգմը» գրքում, «այն հարաբերական կայունության ժամանակաշրջանի ավարտը, որում ԱՄՆ-ն դոմինանտ ուժն է և դոլարը միջազգային հիմնական պահուստային միջոցը»։

Ամերիկայի անկումը կանխատեսելով՝ Սորոսը սկսում է գլոբալ բաց հասարակության ստեղծման գործում մեծ հույսեր կապել Եվրոպական Միության հետ՝ չնայած Միության որոշ անդամներին ուղղված նրա նախկին քննադատությանը՝ 1990-ականներին Արևելյան Եվրոպային լիարժեք չաջակցելու հարցում։

Թեև նա ընունում էր, որ ԵՄ-ը լուրջ խնդիրներ ունի, սակայն ամեն դեպքում դա այն կազմակերպությունն էր, որի անդամ-երկրները կամովի «համաձայնել էին հրաժարվել ինքնուրույնության չափաբաժնից» հանուն ընդհանուր եվրոպական բարօրության։ Այդպիսով այն տարածաշրջանային մոդել էր հանդիսանում գլոբալ, բաց հասարակության սկզբունքների հիման վրա գործող հասարակության համար։

ԵՄ-ի հետ կապված Սորոսի հույսերը, սակայն, շատ արագ չքացան Միությանը կայունությունը վտանգած երեք ճգնաժամերի հետևանքով. կանգ չառնող միջազգային տնտեսական անկում, փախստականների ճգնաժամ, և Ղրիմի դեպքերը։

Թեև Սորոսը հավատում էր, որ արևմտյան երկրները տեսականորեն կարող են դիմակայել այս ռիսկերին, սակայն նա եզրահանգում էր, որ հետխորհդային տարիների պես, նրանք հազիվ թե միավորվեն դա անելու համար։

Վերջին տասը տարում Սորոսը հիասթափված էր այն փաստից, որ արևմուտքը չցանկացավ ներել Հունաստանի պարտքը, ձախողեց փախստականների հարցով համընդհանուր քաղաքականության մշակումը, և չուժեղացրեց ճնշումը Ռուսատանի վրա՝ Ուկրաինային լրացուցուցիչ ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելով։

Լրացուցիչ անհանգստություն էր այն, որ ԵՄ մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայից մինչև Լեհաստան, նկատվում էր պատմության գիրկն անցած համարվող աջակողմյան ազգայնական ուժերի վերածնունդը։

Երբ 2016-ին Անգլիան ԵՄ-ից դուրս գալուն կողմ քվեարկեց, Սորոսը համոզվեց, որ «ԵՄ-ի կազմաքանդումը պրակտիկորեն անշրջելի է»։ ԵՄ-ն չդարձավ այն մոդելը, որի վրա կարող էր հույս դնել Սորոսը։

Սորոսը սեփական մաշկի վրա էր զգացել վերջին տասնամյակում ոչ միայն ԵՄ-ն, այլև ժողովրդավարությունը Եվրոպայում վտանգող ազգայնական ավտորիտարիզմի շունչը։ 2010թ․ ի վեր բարերարը բազմիցս ընդհարվել էր Հունգարիայի՝ ներգաղթի դեմ կոշտ պայքարող ավտորիտար վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Վերջերս Սորոսը Օրբանին մեղադրել էր Հունգարիայում «Առաջին և Երկրորդ Համաշխարհայինների միջև ընկած ժամանակահատվածի նման կեղծ ժողովրդավարություն վերահաստատելու» մեջ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի խորհրդարանում ներկայացնում է “ստոպ-Սորոս” հականերգաղթային օրենքը։ Լուսանկարը՝ Tamás Kaszás/Reuters

2018թ․ սկզբում իր հաջողված ընտրարշավի ընթացքում Օրբանը ժամանակի մեծ մասը դեմոնիզացնում էր Սորոսին՝ կիրառելով հակասեմիթական փոխաբերություններ և ակնարկներ, ինչպես նաև պնդում, որ Սորոսը միլիոնավոր իմիգրանտների է պատրաստվում ուղարկել Հունգարիա։

Օրբանը սպառնում էր փակել Եվրոպական Կենտրոնական Համալսարանը, որին իշխանությունը բազմանշանակ անվանում էր «Սորոսի համալսարան», իսկ արդեն հունիսին Հունգարիան հականերգաղթային նոր օրենք է ընդունում, որը հայտնի է որպես «Ստոպ Սորոս»։

Սակայն մինչդեռ Օրբանը սպառնում է Հունգարիայի բաց հասարակությանը, Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում բաց հասարայության գաղափարին ամբողջ աշխարհում։ Սորոսը Թրամփի ընտրվելը բացատրում է շուկայական ֆունդամենտալիզմի և տնտեսական ճգնաժամի ամերիկացիների համար քայքայիչ ազդեցությամբ։

2016թ․ դեկտեմբերին լույս տեսած իր հոդվածում Սորոսը պնդում էր, որ ամերիկացիները իրենց ձայնը տվեցին «ծաղրածու և պոտենցիալ դիկտատոր» Թրամփին, քանի որ նախորդ «ընտրված առաջնորդները չարդարացրեցին ընտրողների հույսերն ու սպասումները, և այդ ձախողումը ընտրազանգվածի մոտ խորը հիասթափություն առաջացրեց գործող ժողովրդավարության և կապիտալիզմի նկատմամբ»։

Գլոբալիզացիայի շնորհիվ ստեղծված հարստության արդար վերաբաշխման փոխարեն, նշում է Սորոսը, կապիտալիստ «հաղթողները» չկարողացան «փոխհատուցել աղքատներին», ինչն էլ բերեց հասարակության եկամուտների շեշտակի տարբերությանը և – ցասմանը։

Թեև Սորոսը կարծում էր, որ ԱՄՆ «Սահմանադրությունն ու հաստատությունները․․․բավականաչափ ուժեղ են գործադիր իշխանությանը դիմակայելու համար», նա անհանգստանում էր, որ Թրամփը կհամագործակցի Պուտինի, Օրբանի և այլ ավտորիտար ղեկավարերի հետ, ինչը գլոբալ բաց հասարակության կառուցման գործը գրեթե անհնարին կդարձնի։

Հունգարիայում, ԱՄՆ-ում, և շատ այլ՝ Սորոսի ուշադրությանը և ներդրումներին արժանացած երկրներում նրա պրոյեկտը մեծ հաջողություններ չի գրանցում։ Դրան զուգահեռ, վերջերս նա 500 միլիոն դոլար է հատկացրել փախստականների գլոբալ ճգնաժամի լուծմանն օժանդակելու համար։ Նա նաև աջակցում է ամերիկյան որոշ սենատորներին արդարադատության համակարգի ռեֆորմների իրականացման մեջ։

Հայտնի չէ, թե ինչ կբերի ապագան Սորոսին։ Եթե նա շարունակի ֆինանսավորել իսկապես առաջադեմ նախագծեր, դա զգալիորեն կնպաստի բաց հասարակությանը, սակայն եթե նա կրկին որոշի սատարել անհետաքրքիր Դեմոկրատ թեկնածուների՝ ինչպես 2016-ին Հիլարի Քլինտոնին, նա միայն կնպաստի ամերիկյան հասարակական կյանքի ներկայիս դեգրադացմանը։

Իր կարիերայի ընթացքում Սորոսը մի շարք իմաստուն և հետաքրքիր միջամտություններ է իրականացրել։ Ժողովրդավարության տեսանկյունից, սակայն, միայն մեկ մեծահարուստ մարդու՝ պետական միջազգային գործերին միջամտության հնարավորությունը աղետալի է

Սորոսն ինքն էր ընդունում, որ «ժողովրդավարության և կապիտալիզմի միջև կապը լավագույն դեպքում աննշան է»։ Իր նման միլիարդատերերի հետ խնդիրը նրանում է, թե ինչ են նրանք անում այս տեղեկության հետ։ Բաց հասարակությունը ենթադրում է աշխարհ, որտեղ բոլորը ճանաչում են մյուսների մարդ լինելը և իրար վերաբերվում են ինչպես հավասարների։ Եթե մարդկանց մեծամասնությունը, սակայն, պայքարում են մշտապես փոքրացող տորթի վերջին կտորների համար, դժվար է դառնում հասկանալ ինչպես մենք կարող ենք կառուցել այն աշխարհը, որում Սորոսը, և իհարկե մեզանից շատերը կցանկանային ապրել։

Ներկայումս Սորոսի կոսմոպոլիտան երազանքները այդպես էլ մնում են երազանք։
Հարցերի հարցն է՝ ինչու՞, և պատասխանը կարող է լինել հենց այն, որ բաց հասարակությունը հնարավոր է միայն այն աշխարհում, որտեղ ոչ ոքի՝ կլինի դա ինքը Սորոսը, կամ Գեյթսը, կամ ԴեՎոսը, կամ Ցուկերբերգը, կամ Բաֆետը, կամ Մասկը, կամ Բեզոսը, թույլատրված չի լինի դառնալ այնքան հարուստ որքան հիմա են։

Նյութի հեղինակ և սկզբնաղբյուր՝

Դենիել Բեսներ

https://nplusonemag.com/online-only/online-only/the-globalist/