Բոլորիս հետաքրքիր է, թե ինչ է կատարվում աշխարհի մյուս կողմում՝ Ավստրալիայում. մեր տեսանկյունից ամեն ինչ թվում է գլխիվայր՝ ձմեռն ամառ է, գիշերը՝ ցերեկ, փողոցներում կենգուրուներ ու թունավոր կենդանիներ, մարդիկ նման հայտնի կոկորդիլոս Դենդիին։
Այս պատկերացումները վերանում են, երբ Երևանից գործուղվում ես Մելբուրն ու ծանր գրասենյակային աշխատանքային օրվանից հետո սկսում ուսումնասիրել շրջակայքը։
Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այն ամենով, ինչ հասցրինք տեսնել։
Great Ocean Road և 12 Apostles
Ավստրալիայում տեսարժան վայր կարող է համարվել, ոչ թե կոնկրետ կետ, այլ օվկիանոսի ափով ձգվող մի ամբողջ ճանապարհ։ Սա առաջին հայացքից կարող է ձանձրալի թվալ, բայց իրականում երկար ճանապարհը 243 կիլոմետրանոց արկած է՝ լի անսպասելի ու բազմազան տեղանքներով ու տեսարաններով, ինպիսիք են Փարոսը, էվկալիպտի անտառները, անտառում գտնվող գողտրիկ ջրվեժը, Լորն հանգստավայրը, ծառերից կախված կոալաները և այլն։
Սակայն այս ամենը խամրում է, երբ հասնում ես ճանապարհի գրեթե վերջում գտնվող 12 Apostles (12 Առաքյալներ) կոչվող՝ օվկիանոսից վեր խոյացող քարե ապառաժներին։
Հիացեք ինքներդ՝
Միայն նշեմ, որ սա այն քիչ վայրերից է, որտեղ իրական պատկերն աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում և մի քանի անգամ ավելի տպավորիչ է, քան ամենագեղեցիկ նկարներն ու ունեցած սպասումները։
White Night Melbourne
Մելբուրնը բազմազան ու բազմադեմ քաղաք է և դժվար է ընտրել ճշգրիտ բառեր այն նկարագրելու համար։ Այստեղ ամենուր զգում ես ակտիվ, երիտասարդ, արտիստիկ շունչ ու ազատություն։
Ի տարբերություն այլ խոշոր քաղաքների՝ Մելբուրնը, լինելով ակտիվ բիզնես կենտրոն ու ժամանցային քաղաք, բացարձակ սթրեսային չէ, ինչին հավանաբար նպաստում է քաղաքի անվտանգությունն ու մեղմ կլիման։
Բացի այդ, այստեղ ժամանցի միլիոնավոր տարբերակներ կան՝ սկսած տարատեսակ բարձրակարգ ռեստորաններից, համերգներից, թատրոններից ու պատկերասրահներից մինչև պատմական ճարտարապետություն ու շքեղ բնություն։
Այս հագեցած քաղաքը մինչև վերջ բացահայտելն անհնար է նույնիսկ մշտական բնակիչների համար։ Հանդիսանալով գեղարվեստական նորարության միջազգային կենտրոն՝ Մելբուրնը հիանալի վայր է աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող Սպիտակ Գիշերների անցկացման համար, որին, բարեբախտաբար, մենք հասցրեցինք ներկա լինել։
Այս միջոցառման ընթացքում, որն անցկացվում է տարին մեկ անգամ, ողջ քաղաքը վեր է ածվում մեծ բեմի՝ ամենուր շքեղ լուսային շոուեր են, նորաձության ցուցադրություններ, բուրլեսկ, փայլեր․․․ մի խոսքով՝ իսկական խենթություն։ Նույնիսկ մեր Կամո Բլոգի Կամոն կնախանձեր։ Ահա կարճ հատվածներ այդ անմոռանալի գիշերից՝
Բնություն, մշակույթ, ստերեոտիպեր
Շատերս ենք լսել Ավստրալիայի անկրկնելի ու բազմազան կենդանիների՝ դե իհարկե կենգուրուների, կոալաների, էմու ջայլամների, կոկորդիլոսների, շնաձկների, բազմաթիվ օձերի և այլ թունավոր կենդանիների մասին։
Հասնելով այնտեղ ես էլ անհամբեր սպասում Էի տեսնել այս ամենը, սակայն ձեզ հիասթափեցնեմ․ Մելբուրնի կենտրոնում կենգուրուներ չեն ցատկոտում, շենքերից էլ կոալաներ կախված չեն, օձեր ու մեծ սարդեր էլ չէին երևում։ Վտանգները ձեզ սպասում են հիմնականում քաղաքից դրսում, սակայն ամեն տեղնախազգուշացնող ցուցանակներ են տեղադրված։
Ավստրալացիները սիրում են բողոքել կենգուրուների առատությունից, բայց մենք ստիպված եղանք բավական հեռանալ քաղաքից կենգուրու տեսնելու, ինչպես նաև ․․․ ուտելու համար։
Այո, այստեղ ուտում են կենգուրուի միս, սակայն ոչ այնքան հաճախ ինչքան կարող ենք պատկերացնել։ Փոխարենն այստեղ շատ տարածված են ասիական և միջերկրածովյան խոհանոցները, ինչը պայմանավորված է ներգաղթյալների հոսքով նշված տարածաշրջաններից։
Ահա այսպին էր իմ Ավստալիան այս անգամ։ Նա դիմավորեց ինձ ամառային ջերմ ժպիտով և վաղուց սպասված արձակուրդների պատրանքով։ Հույս ունեմ հաջորդ անգամ այցելել այնտեղ որպես զբոսաշրջիկ և ավելի շատ ժամանակ ունենալ ուսումնասիրելու հեռավոր մայրցամաքի արդեն հարազատ դարձած գեղատեսիլ վայրերը և քաղաքային ջունգլիները։
Belinda May
հատուկ [80օր]-ի համար