Չինաստանի «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնությունը համարվում է մարդկության պատմության մեջ ամենահավակնոտ ենթակառուցվածքային ներդրումների ծրագիրը։ Արդյո՞ք այն կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն աշխարհում։

2013-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց Արևելյան Ասիայից Եվրոպա ձգվող ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային  միանգամից երկու՝ «21-րդ դարի ծովային մետաքսե ճանապարհ» և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» ծրագրերի մեկնարկի մասին։ Ժամանակի ընթացքում «Գոտի և Ճանապարհ» (Belt and Road Initiative (BRI)) կամ  «Նոր մետաքսե ճանապարհ» անվանումը ստացած այս նախաձեռնությունը ենթակառուցվածքների ֆինանսավորման երբևէ գոյություն ունեցած ներդրումային ամենախոշոր ծրագրերից է։ Այն հիշեցնում է անցյալի Մետաքսե ճանապարհը, որը դարեր առաջ, միացնելով Եվրոպան և Ասիան, հարստացնում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ընկած պետություններին ու առևտրականներին։

Որոշ վերլուծաբաններ այս ծրագիրը դիտարկում են որպես Չինաստանի աննախադեպ հզորացման հետևանք։ Նախագծերից շատերի գնի բարձրացումը դժգոհության ալիք է բարձրացրել մասնակից երկրներում։ Դրա հետ մեկտեղ,  ԱՄՆ-ն կիսում է ասիական որոշ երկրների մտահոգություններն առ այն, որ Գոտի և Ճանապարհ նախաձեռնությունն իրականում կարող է տրոյական ձի լինել, որը չինական զինվորական և քաղաքական ազդեցությունն ընդլայնելու և Չինաստանի կողմից ուղղորդվող կազմակերպություններն առաջ մղելու միջոց է։

Ի՞նչ էր պատմական Մետաքսե ճանապարհը
Մետաքսե ճանապարհը ստեղծվել էր Չինաստանի Հան դինաստիայի իշխանության օրոք արևմուտք տարածվելուն զուգընթաց (206 Մ․Թ․Ա․–220 Մ․Թ․)։ Այս գործընթացի արդյունքում առևտրային հսկա ցանց էր ձևավորվել այսօրվա Աֆղանստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի տարածքներում։ Հարավում այն ներառում էր ժամանակակից Հնդկաստանն ու Պակիստանը։ Այս ճանապարհային ցանցը ձգվում էր 4,000 մղոնից ավելի և հասնում մինչև Եվրոպա։

Կենտրոնական Ասիան գլոբալիզացիայի առաջին ալիքներից մեկի էպիկենտրոնն էր։ Այն միացնում էր արևելյան և արևմտյան շուկաները, ահռելի հարստություններ տարածում և հանդիսանում էր խառնարան ամենատարբեր մշակութային և կրոնական դրսևորումների համար։ Չինական թանկարժեք մետաքս, համեմունքներ, նեֆրիտ և այլ ապրանքներ գնում էին արևմուտք, իսկ դեպի Չինաստան էր հոսում ոսկին, արծաթը, թանկարժեք մետաղներ, փղոսկրը և այլ ապրանքներ։ Մետաքսե ճանապարհի փոխադրումների ծավալն աննախադեպ աճեց և այն առավել նշանավորվեց առաջին հազարամյակի ընթացքում, նախ՝ հռոմեական, հետո նաև բյուզանդական, ինչպես նաև չինական՝ Թանգ դինաստիայի (Մ․Թ․ 618–907) տիրապետության օրոք։

Սակայն հետագայում, խաչակրած արշավանքների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում մոնղոլական նվաճումների արդյունքում Մետաքսե ճանապարհի ողջ երկայնքով առևտուրը սկսեց նվազել։ Արդյունքում ժամանակակից Կենտրոնական Ասիայի երկրները տնտեսապես մեկուսացված են իրարից և տարածաշրջանային առևտուրը կազմում է միջսահմանային առևտրի ընդամենը 6․2 տոկոսը։ Այժմ այս երկրները մեծապես կախված են Ռուսաստանից, հատկապես դրամային փոխանցումների հարցում։

Ի՞նչ է ծրագրում Չինաստանը Նոր մետաքսե ճանապարհի հետ կապված
Նախագահ Սին առաջին անգամ հայտարարեց այս ծրագրի մասին 2013-ին Ղազախստան և Ինդոնեզիա կատարած իր այցերի ընթացքում։  Սկզբում դիտարկվում էին երկու առանձին նախագծեր՝ ցամաքային «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտին» (Silk Road Economic Belt) և «Ծովային մետաքսե ճանապարհ» (Maritime Silk Road)։ Երկուսը միասին կոչվեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One Belt, One Road), սակայն ի վերջո տարածում գտավ «Գոտի և ճանապարհ նախաձեռնություն»` ԳՃՆ (Brick and Road Inititative, BRI) անվանումը։

Սիի տեսլականը ենթադրում էր երկաթգծերից, էներգետիկ խողովակներից, մայրուղիներից և ժամանակակից սահմանանցման կետերից կազմված հսկայածավալ ցանցի ստեղծում։ Այն տարածվելու էր Չինաստանից դեպի արևմուտք՝ նախկին սովետական հանրապետությունները ներառելով, ինչպես նաև դեպի հարավ՝ Պակիստան, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա։ Այսպիսի ցանցը կխթաներ չինական ազգային արժույթի՝ ռենմինբիի միջազգային շրջանառությունն ու օգտագործումը, ինչպես նաև Սիի խոսքերով՝ «կվերացներ ներասիական կապերին խոչնդոտող սահմանափակումները» (Ասիական Զարգացման Բանկի տվյալներով տարածաշրջանում տարեկան 800 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների պակասորդ է լինում)։ Ֆիզիկական ենթակառուցվածքներից զատ նախատեսվում է ստեղծել հիսուն հատուկ տնտեսական գոտիներ։ Դրանք կգործեն 1980-ին Դեն Սյաոպինի բարեփոխումների արդյունքում ստեղծված Ժենշենի տնտեսական մոդելի օրինակով։

2013-ին Ինդոնեզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի ժամանակ Սին հայտարարեց «21րդ Դարի Ծովային Մետաքսե Ճանապարհ»-ի ստեղծման մասին։ Ծովային կամ ջրային բեռնափոխադրումների ավելացող ծավալը կառավարելի դարձնելու նպատակով Չինաստանը ներդրումներ կկատարի Հնդկական օվկիանոսի ողջ երկայնքով՝ Հարավարևելյան Ասիայից ընդհուպ մինչև Արևելյան Աֆրիկա։

Մինչև 2027թ․ Չինաստանը ԳՃՆ իրականացման վրա կարող է ծախսել 1․2-1․3 տրիլիոն դոլար

Չինաստանը ապշեցուցիչ հավակնություններ ունի ԳՃՆ ծրագիրը կյանքի կոչելու հարցում։ Ցայսօր, աշխարհի բնակչության երկու երրորդն ընդգրկող վաթսունից ավելի երկիր հետաքրքրություն ու պատրաստակամություն են հայտնել մասնակցել ԳՃՆ նախագծերին։ Վերլուծաբանների տվյալներով դրանցից ամենախոշորը 68 միլիարդ դոլար արժողությամբ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքն է, որը իրենից ներկայացնում է Չինաստանը Պակիստանի Գվադար նավահանգստին կապող նախագծերի փաթեթ։ Մոտավոր հաշվարկներով Չինաստանը այսպիսի նախագծերի իրականացման համար արդեն իսկ ծախսել է 200 միլիարդ դոլար։ Մորգան Սթենլի ներդումային բանկի կանխատեսումների համաձայն մինչև 2027թ․ Չինաստանը ԳՃՆ իրականացման վրա կարող է ծախսել 1․2-1․3 տրիլիոն։

Ինչի՞ է ձգտում հասնել Չինաստանը
Չինաստանն ունի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական դրդապատճառներ։ Սին միշտ ձգտել է ներկայացնել ավելի պահանջատեր և թելադրող Չինաստան, միչդեռ երկրի դանդաղող տնտեսական աճը ղեկավարությանը ստիպում է նոր շուկաներ որոնել չինական սպառողական ապրանքների և գերհագեցած արդյունաբերական հզորությունների համար։

Փորձագետների կարծիքով ԳՃՆ-ն, Made in China 2025 տնտեսական զարգացման ռազմավարության հետ միասին Սիի պատկերացրած Չինաստանի հիմնական հենասյուներն են (2015-ին ընդունված Made in China 2025 փաստաթղթում հռչակվում է, որ 2025-ին Չինաստանը պետք է էժանագին և կասկածելի որակ ունեցող ապրանքներ արտադրող երկրից վերածվի աշխարհի առաջատար բարձր տեխնոլոգիական երկրներից մեկը [80օր])։

Սիյան․ Չինաստան․ Նոր Մետաքսե Ճանապարհի մեկնարկային կետը։ Zhang Peng/LightRocket via Getty Images

Մյուս կողմից Սիի համար ԳՃՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ասիայում ավելի ակտիվ վարվող քաղաքականությանը դիմադրելու ձև է, ինչպես նաև նոր ներդրումային հնարավորություն՝ արտաքին շուկաներ բացահայտելու և չինացիների եկամուտներն ու ներքին սպառումը խթանելու գործիք։

Այս իմաստով, Սին նման ագրեսիվ մոտեցմամբ տարբերվում է իր նախորդներից, ովքեր հետևում էին Դեն Սյաոպինի հայտնի՝ «Թաքցրու ուժդ և համբերիր» կարգախոսին։ Council on Foreign Relations պարբերականի հեղինակներից մեկը գրում է՝ «Սիի ղեկավարությամբ Չինաստանն ակտիվորեն ջանքեր է գործադրում վերափոխել միջազգային հարաբերություններում ընդունված նորմերն ու հաստատությունները և հանդգնորեն հաստատել իր կայուն ներկայությունը գլոբալ թատերաբեմում»։ Իսկ ահա Far Eastern Economic Review ամսագրի նախկին խմբագիրը ԳՃՆ-ն անվանում է 21րդ դարում ուժային դիրքից հանդես եկող Չինաստանի հավակնությունների բացահայտ մարմնացում, ավելացնելով, որ Պեկինի նպատակը գլոբալ աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունն է։ Մյուսները ավելի մեղմ ձևակերպումներ են օգտագործում, նշելով, որ Չինաստանի կառավարությունն ուղղակի հույս ունի, որ ԳՃՆ-ն կբարելավի երկրի ընկալումն իր հարևանների մոտ և կօգնի թարմացնել նրանց տնտեսությունները։

Որոշ փորձագետներ ԳՃՆ-ն դիտարկում են 2011-ին Ասիայում Օբամայի ադմինիստրացիայի ակտիվացմանը պատասխան քայլ։ Պեկինում շատերը ԱՄՆ-ի այս քայլը ընդունեցին որպես ամերիկյան տնտեսական կապերը դեպի Հարավարևելյան Ասիա տարածելու, ինչպես նաև Չինաստանին զսպելու միջոց։ Պատահական չէ, որ 2015-ի իր ուղերձում չինացի գեներալ Սյաո Լյանը ԳՃՆ-ն նկարագրում է որպես «Պաշպանական ռազմավարություն ընդդեմ ԱՄՆ-ի ազդեցությանը արևելքում»։

Միևնույն ժամանակ Չինաստանը կարիք ունի գլոբալ տնտեսական ալիքները հասցնելու երկրի պատմականորեն միշտ անտեսված արևմտյան նահանգներ։ Հատկապես կարևորվում է տնտեսական զարգացման խթանումն արևմտյան Ցզինյան շրջանում, որի բնակչությունը հաճախ է խռովություններ բարձրացնում։ Պակաս կարևոր չէ նաև Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից էներգակիրների երկարաժամկետ, անխափան մատակարարման ապահովումը, հատկապես այն ուղիներով, որոնք հեշտ խոցելի չեն ԱՄՆ համար։

ԳՃՆ աննախադեպ աշխարհագրությունը

Եթե ավելի լայն նայենք, Չինաստանի իշխանությունները մտադիր են երկրի տնտեսության կառուցվածքը ձևափոխել այնպես, որ խուսափեն այսպես կոչված «միջին եկամտի» ծուղակից։ 1960-ից ի վեր այս բացասական սցենարը նկատվել է միջին եկամտաբերություն ունեցող երկրների մոտ 90 տոկոսի մոտ․ աշխատավարձերի աճի և կյանքի որակի բարելավման հետ մեկտեղ աճում են ցածր որակի արտադրանքի ծավալները, մինչդեռ հետագայում երկրները խնդիրներ են ունենում որակյալ աշխատուժ պահանջող բարձրորակ ապրանքների և ծառայությունների արտադրության հետ։ Պետության կողմից ֆինանսավորվող «Հասարակական գիտությունների չինական ակադեմիա» հետազոտական կենտրոնի փորձագետ Ժան Յունլինի կարծիքով ԳՃՆ-ն առաջ կբերի ներմուծման և արտահանման նոր տարբերակներ՝ այդպիսով ստեղծելով Չինաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնող նոր արտադրական շղթաներ։

Ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են հանդիպել
Չնայած այն հանգամանքին, որ մի շարք զարգացող՝ հատկապես նոր ճանապարհների, երկաթգծերի, նավահանգիստների և այլ ենթակառուցվածքների կարիք ունեցող երկրներ ողջունել են ԳՃՆ նախաձեռնությունը, այն նաև կոշտ քննադատության է արժանացել։ Ենթակառուցվածքներ ստեղծելու համար անհրաժեշտ վարկերը համեմատվում են թունավորված գավաթից գինի ըմպելու հետ։ Ի տարբերություն միջազգային օգնություն տրամադրող գրանտների՝ ԳՃՆ նախագծերը ֆինանսավորվում են ցածր տոկոսադրույքներ ունեցող վարկերով։ Բացի այդ, որոշ ԳՃՆ ներդրումներ ուղղակիորեն պահանջում են չինական ընկերությունների մասնակցություն մրցութային գործընթացներին և չեն ապահովում անհրաժեշտ թափանցիկություն։ Որպես հետևանք, կապալառուները ուռճացնում են գները, ինչն էլ հանգեցնում է նախագծերի չեղարկման և քաղաքական դիմադրության։

Նման քննադատության օրինակները քիչ չեն։ Շրի Լանկայում, նախագահ Մաիտրուպալա Սիրիսենան փորձ արեց փոփոխել Կոլոմբոյին հատկացված չինական վարկի մարման ժամկետը, սակայն Չինաստանը փոխարենն առաջարկեց ստանալ տեղական խոշոր նավահանգստի երկարաժամկետ շահագործման իրավունք․ որոշ տվյալների համաձայն 2018-ին Շրի Լանկան 13 միլիարդ դոլար պարտավորություն ուներ մարելու, այն դեպքում, երբ նույն տարվա պետական եկամուտներն ընդամենը 14 միլիարդ էին։ Մեկ այլ օրինակ է Մալազիան․ նորընտիր վարչապետ Մահատհիր բին Մոհամադը չեղարկեց նախորդ կառավարության կողմից համաձայնեցված ԳՃՆ 22 միլիարդ գումարային արժողությամբ նախագծերը, պատճառաբանելով, որ այդ գումարների մի մասը ուղղվել էր նախկին վարչապետի անմիջական վերահսկողության տակ գտնվող հիմնադրամներ։ Մալդիվների նոր կառավարությունը սկսել է սառեցնել նախորդ նախագահի կողմից ներկայացված ԳՃՆ որոշ նախագծեր։ Չինաստան-Պակիստան Տնտեսական Միջանցքը ռիսկի տակ է, քանի որ Իսլամաբադին սպառնում է վճարային հաշվեկշռի ճգնաժամը։ 2018-ին Չինաստանին ունեցած պարտքի սպասարկումը սկսել էր անդրադառնալ երկրի տնտեսության վրա և Պակիստանը, իրավիճակը կայունացնելու համար, հավելյալ վարկեր է վերցրել Սաուդյան Արաբիայից, Արժույթի Միջազգային Հիմնադրամից և ․․․ Չինաստանից։

Գլոբալ Զարգացման Կենտրոնի կազմակերպության փորձագետները (Center for Global Development) պնդում են, որ շատ հավանական է, որ այսպիսի պատմությունները շարունակական բնույթ են կրելու։ Նրանք նշում են, որ ԳՃՆ ութ երկրներ դարձել են խոցելի պարտքի ճգնաժամերի համար։ Ութից հինգը սահմանակից են Չինաստանին, իսկ երկուսը՝ Ջիբութին ու Մալդիվները, Ծովային Մետաքսե Ճանապարհի ամենակարևոր կետերն են։ Տվյալները ցույց են տալիս, որ այս երկրների արտաքին պարտքը Չինաստանին 2013-ից սկսած սրընթաց աճել է՝ որոշ երկրների դեպքում գերազանցելով սեփական տնտեսության 20 տոկոսը։

ԳՃՆ նախաձեռնության դեմ հանդես գալը, երբեմն, տարածաշրջանում մի շարք քաղաքական գործիչների օգնել է հասնել իշխանության։ Ժենշենի HSBC Business School համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Բալդինգի կարծիքով ԳՃՆ-ի այսպես կոչված «հեշտ և առանց լրացուցիչ պայմանների» տրվող վարկերը, որքան էլ որ զարմանալի լինի, ԳՃՆ-ի կողմից տարբեր նախաձեռնությունները պակաս գրավիչ են դարձրել։ Այս մոտեցումն ուղղակիորեն «խթանում է կոռուպցիան և

իշխանությունները, սեփական շահից ելնելով, մեծացնում են երկրի արտաքին պարտքը՝ առանց այն մարելու որևէ տեսլականի»։ Քաղաքական շահարկումները, թերևս, շատ քիչ տեղ ունեն ոչ ժողովրդավարական երկրներում, որոնցում իշխանությունները հանրային ճնշումների գրեթե չեն ենթարկվում և որտեղ ընդունելի է կառավարման ու բիզնեսի չինական մոդելը։ Սակայն որոշ երկրների կառավարություններ, օրինակ Քենիայի և Զամբիայի, մանրակրկիտ ուսումնասիրում են ԳՃՆ ներդրումների պայմանները՝ նախքան որևէ բան ստորագրելը, իսկ Մալազիայում, ինչպես արդեն նշվել է, քաղաքական ուժերն իշխանության են հասել ԳՃՆ-ին քննադատելով։

Ի՞նչպես է ԱՄՆ-ն արձագանքել Չինաստանի կողմից ուղղորդվող ռեգիոնալ ինտեգրացիոն գործընթացներին
Միացյալ Նահանգները կիսում է Չինսատանի իրական մտադրությունների վերաբերյալ այլ երկրների մտահոգությունները։ 2018-ին Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ներկա գտնվող երկրների առաջնորդներին հայտարարեց, որ ԱՄՆ-ն նրանց «չի առաջարկում սեղմող գոտի կամ միակողմանի ճանապարհ»։

Հարավային և կենտրոնական Ասիայի տնտեսությունների զարգացումն ԱՄՆ երկարաժամկետ ծրագիր է, որն ավելի կարևորվեց աֆղանական պատերազմից և Օբամայի ադմինիստրացիայի կողմից ասիական վեկտորի շեշտադրումից հետո։ Օբամայի աշխատակազմը հաճախ էր բարձրաձայնում Աֆղանստանի տնտեսության զարգացման և միջազգային օգնությունից կախվածության նվազեցման անհրաժեշտության մասին, և արդեն 2014-ին, Պետդեպի նախկին  փոխքարտուղար Վիլիամ Բըրնսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան և ստանձնում իր «պատմական, գլոբալ առևտրի, գաղափարների և մշակութային հանգույցի դերը»։ Այս հայտարարության տրամաբանական շարունակությունը եղավ ԱՄՆ-ի կողմից Թուրքմենստանով, Աֆղանստանով, Պակիստանով և Հնդկաստանով անցնող 10 միլիարդ դոլար արժողությամբ էներգակիր խողովակի կառուցումը։ ԱՄՆ-ն միլիարդներ է ծախսում Աֆղանստանում, և դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տնտեսական համագործակցություն նոր մեխանիզմերի ստեղծումը խթանելու նպատակով։

Թրամփի ադմինիստրացիան տարածաշրջանում ավելի ագրեսիվ ռազմավարություն որդեգրեց։ Մերժելով Օբամայի  Trans-Pacific Partnership (TTP) ծրագիրը՝ Թրամփը փորձեց չինական ԳՃՆ-ին հակադրել ԱՄՆ նոր՝ «Better Utilization of Investments Leading to Development (BUILD)» ծրագիրը, որի ներքո ստեղծվեց և USAID-ից առանձնացվեց տարեկան 60 միլիարդ դոլար բյուջեով Overseas Private Investment Corporation (OPIC) կամ Արտերկրում Մասնավոր Ներդրումների Ընկերությունը։

Այս նախաձեռնությունը, իհարկե, զիջում է ԳՃՆ կանխատեսված ֆինասավորման 1 տրիլիոն դոլարին, սակայն դրա կողմնակիցները պնդում են, որ ապագայում նախաձեռնությունը մասնավոր ներդրողների կողմից լրացուցիչ կապիտալ ներգրավելու մեծ պոտենցիալ ունի։

Կան նաև փորձագետներ, ովքեր պնդում են, որ ԱՄՆ-ն կարող է անգամ սեփական շահն ունենալ ԳՃՆ-ից։ Center for Strategic and International Studies կենտրոնից Ջոնաթան Ի․ Հիլլմանը, օրինակ, պնդում է, որ ԳՃՆ նախաձեռնության միջոցով Չինաստանը կարող է վճարել ԱՄՆ-ի համար ևս շահավետ հանդիսացող ենթակառուցվածքների ստեղծման համար։

Ո՞րն է մյուս երկրների դերը
Այս երկրները փորձել են հավասարակշռել Չինաստանի հավակնությունների վերաբերյալ մտահոգություններն ու ԳՃՆ նախաձեռնությունից ակնկալվող օգուտները։

Հնդկաստան․ Հնդկաստանը փորձել է համոզել տարածաշրջանի երկրներին, որ ԳՃՆ-ն Ասիայում գերիշխանության հասնելու ծրագիր է, զգուշացնելով, որ «Մարգարիտների թել» (String of Pearls) անվանումը ստացած աշխարհաքաղաքական նման ռազմավարությունը Չինաստանին թույլ է տալիս խոշոր պարտքերի միջոցով կառավարել Հնդկական օվկիանոսի իրենց հարևաններին և հեռանկար է ստեղծում տարածաշրջանում ռազմավարական նշանակության տրանսպորտային կետերի միանձնյա կառավարման համար։

Նյու Դելիում տասնամյակներով անհանգստացել են Չինաստանի կողմից՝ թշնամական Պակիստանի հետ սերտ համագործակցության հանգամանքով։ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակներից ի վեր ԱՄՆ-ն Հնդկաստանին դիտարկել է տարածաշրջանում ակտիվացող Չինաստանին հավասարակշռող բևեռ։

2017-ին Թրամփի ադմինիստրացիայի «Հնդկա-Խաղաղ օվկիանոսյան» ռազմավարության մեջ Հնդկաստանը նշվում է որպես հակակշիռ «աշխարհակարգի ռեպռեսիվ տեսլական» ունեցող Չինաստանին, որը հիմնված է «տնտեսական խթանների և զսպիչների, ազդեցության ընդլայնման օպերացիաների և հավանական ռազմական սպառնալիքների» վրա։ Հնդկաստանն, իր հերթին ևս ֆինանսական օգնություն է տրամադրում հարևաններին։ Կարելի է առանձնացնել, մասնավորապես, Աֆղանստանին տրամադրված երեք միլիարդ դոլարի ներդրումները, որոնք ուղղվել են ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խորհրդարանի շենքի, հիվանդանոցների և ամբարտակների կառուցմանը։

Այնուհանդերձ, չնայած ԱՄՆ-ի որոշ մտահոգություններին, Հնդկաստանը հանդիսանում է չինական՝ Ասիական Ենթակառուցվածքային Ներդրումների Բանկի (Asian Infrastructure Investment Bank (AIIB)) հիմնադիր անդամ։ Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները քայլեր են ձեռնարկում ավելի սերտ դիվանագիտական կապեր հաստատելու ուղղությամբ․ «Հնդկաստանը Չինաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման համար ունի իր դրդապատճառները«, նշում են փորձագետները։

Ճապոնիա․ Տոկիոն նույնպես փորձում է հավասարակշռել տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման հանդեպ հետաքրքրությունն ու Չինաստանի հավակնությունների նկատմամբ պատմական զգուշավորությունը։ 2016-ին Ճապոնիան պարտավորվեց 110 միլիարդ դոլար ծախսել Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Հնդկաստանի հետ միասին Ճապոնիան ևս համաձայնել է ֆինանսավորել Ասիա-Աֆրիկա Զարգացման Միջանցքը  (Asia-Africa Growth Corridor (AAGC))։ Այս նախագծով նախատեսվում է նավահանգիստների ցանցի ստեղծում Մյանմարից մինչև Արևելյան Աֆրիկա ընկած տարածքում։

Եվրոպա․ Որոշ եվրոպական երկրներ չեն կողմնորոշվում ԱՄՆ-ի հետ ավանդական կապերի և ԳՃՆ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների ընտրության հարցում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ ընդունել են ԳՃՆ ֆինանսավորումը ենթակառուցվածքների զարգացման սեփական ձախողումները շտկելու նպատակով։ Չինաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգոնության կոչ է արել  գործընկերներին՝ զգուշացնելով, որ այդ երկրները կարող «վասալ պետություններ» դառնալ։

Ռուսաստան։ Ռուսաստանը սկզբում բավականին զուսպ ընդունեց ԳՃՆ նախաձեռնությունը՝ անհանգստանալով, որ Պեկինի ծրագրերը կարող են ստվեր գցել Եվրասիական Տնտեսական Միության գաղափարի վրա և խանգարել տարածաշրջանում Մոսկվայի ավանդական շահերին։ Սակայն ներկայումս Մոսկվան հանդիսանում է ԳՃՆ հիմնական ջատագովներից մեկը։

Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց՝ նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել ԳՃՆ նախաձեռնությանը՝ այն դիտարկելով որպես Եվրասիական սեփական տեսլականի բնական շարունակություն և դրական արտահայտվելով երկու նախածերն «իրար կապելու» աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ։

սկզբնաղբյուրը՝

https://www.cfr.org