․․․1942թ․ Նյու Յորք, երեկոյան Մանհեթն։ Կիսադատարկ ռեստորան և չորս հոգի բարի մոտ․․․
Այս նկարը լավագույնս փոխանցում է 30-40-ականների՝ Հոլիվուդի ոսկե դարի շունչը։ Ֆիլիսը տիպիկ ամերիկայն ճաշարան է․ արդեն աղջամուղջ է ու ժամանակը կանգ է առել։
Կիսամութ գիշերային տեսարանը փոխանցում է պատկերված ջերմ ու միևնույն ժամանակ լարված, նույնիսկ վտանգավոր մթնոլորտը։

Գիշերային թափառականներ
Էդուարդ Հոփփերի հանրաճանաչ «Գիշերային բազեներ» կտավը, առաջին հայացքից պարզունակ լինելով, բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ է պարունակում, որոնք կբացահայտենք ձեզ հետ միասին։ Սակայն մինչ այդ մի փոքր նախապատմություն։

Էդուարդ Հոփփերը ծնվել է 1882թ․-ին Նյու Յորքում և դեռևս վաղ տարիքից փորձել է իր ուրույն տեղը զբաղեցնել ամերիկյան մշակույթում։ Դա նրան հաջողվել է դեպի Եվրոպա կատարած մի քանի ճանապարհորդություններից հետո միայն, որոնց արդյունքում Հոփփերը էականորեն բարելավել է իր նկարչական տեխնիկան, ինչպես նաև ձեռք բերել ուրույն ոճ։

Նկարչի արվեստի վրա խորը դրոշմ է թողել 19-րդ դարեվերջի փարիզյան մշակույթը։ 1933թ․-ին` 50 տարեկան հասակում Հոփփերը վերջապես կազմակերպում է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը, սակայն, տեղի էր ունենում աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։

Հոփփերի «Գիշերային բազեները» կտավը համարվում է նկարչի գլուխգործոցն ու 20-րդ դարի ամենաճանաչված նկարներից մեկը՝ ստորև ներկայացված խորհրդավոր ու գեղեցիկ մանրամասների պատճառով։

Գաղտնի սիրեկաննե՞ր

Չորս կերպարներից առավել մտերիմ են կողք կողքի կանգնած տղամարդն ու կարմիրով զուգված երիտասարդ կինը, ով ոչ այլ ոք է, քան Ջո Հոփփերը՝ նկարչի կողակիցը։ Վերջինս ամուսնուց պահանջել է, որ Հոփփերի բոլոր աշխատանքների միակ բնորդուհին
հանդիսանա միայն ինքը։

Կնոջ կարմիր մազերը հիանալի ձևով ձուլվում են կահույքի ջերմ երանգներին։ Նրա հայացքը քարացած է ձեռքում պահված իրի վրա, որը պարզ չէ, թե ինչ է․ միգուցե թղթադրամ է կամ էլ ծխախոտ։ Եթե դա փող է, ապա կարելի է վստահաբար պնդել, որ զույգը միասին է միայն մեկ գիշերով։

Երկար քթով էլեգանտ հագնված տղամարդը Էդուարդ Հոփփերի ինքնանկարն է՝ կտավի վերնագրին համապատասխան գիշերային բազեն։ Հայտնի է, որ Հոփփերներն ունեցել են դրամատիկ հարաբերություններ՝ լի քինախնդրությամբ ու վայրագությամբ։ Նկարում երևում է, թե ինչպես են հազիվ հպվում զույգի մատները, ինչը վկայում է այն մասին, որ նկարիչն ընդունում և կիսում է իր թունավոր ամուսնության պատասխանատվությունը։

Խորհրդավոր տղամարդը

Նկարի ամենամտահոգիչ կերպարն անկասկած մեջքով նստած տղամարդու կերպարն է։ Նրա չերևացող դեմքը թույլ չի տալիս հասկանալ նրա մտադրությունները։ Ձեռքում պահված բաժակը թույլ է տալիս ենթադրել, որ նա հետևում է զույգին և սպասում ինչ- որ բանի։ Կա տեսակետ, ըստ որի միայնակ տղամարդը ևս Հոփփերը ինքնանկարն է և այսպիսով արտահայտում է իր դժբախտ ու հարաբերություններում մենակ լինելը։

Արտահայտիչ ֆիլտրերը

Բարմենի հետևում երկու ջրի ֆիլտրեր տեղադրելով՝ նկարիչը հետաքրքիր համաչափություն է ստեղծում։ Այս երկու սարքավորումները զույգի արտացոլանքն են։ Անկյանք և մեքենայի նմանվող ուրվագծերը հիշեցնում են կարմրահեր կնոջն ու տղամարդուն։ Սարքերին տրամադրած տարածքի չափերն ընդգծում են նկարչի իներցիոն հարաբերություններ ունենալու հույզերը։

Դատարկ դրամարկղ

Նկարի ծանր մթնոլորտը որոշ չափով պայմանավորված է տեսարանի գրեթե դատարկ լինելով։ Մինիմալիստական գծերը մեղմացնում և մաքրում են փողոցը և ստեղծում կանոնավորության զգացողություն։ Սակայն փողոցի հակառակ կողմում՝ ստվերում, ուրվագծվում է ինչ-որ առարկա։ Դա պատուհանի մոտ տեղադրված դատարկ դրամարկղ է, որը, հավանաբար, խորհրդանշում է այդ ժամանակվա Ամերիկյան տնտեսության վիճակը։

Հոփփերի մռայլ և խրթին շրջանը
Այս կտավի միջոցով Հոփփերը թույլ է տալիս ականատես լինել բարի մտերմությունը, միևնույն ժամանակ զգալ դատարկ փողոցի լռությունը։ Մենք և՛ ներսում ենք, և՛ դրսում։ Կերպարները թվում են փակված և հեռու ու անհնար է հասկանալ ինչ է կատարվում ներսում։ Ամեն ինչ կայուն է ու անփոփոխ, և ռեստորանի ոչ մուտքն է երևում, ոչ էլ ելքը։ Նույնիսկ բարմենն է շրջափակված վաճառասեղանով։ Լիակատար պարադոքս է, որը թույլ է տալիս մեզ տեսնել, բայց ոչ երբեք մոտենալ։

Նուրբ նկարչական հմտության շնորհիվ Հոփփերը աստիճանաբար աներևութացնում է պատը, ստեղծելով տպավորություն, որ աջ կողմում այլևս ապակի չկա։ Այս տեսարանը հետաքրքիր առասպել է ստեղծել։ Մարդիկ շարունակ փնտրում են, թե որտեղից է այն առաջացել, արդյո՞ք «Ֆիլիսը» գոյություն ունի, կամ երբևէ գոյություն  ունեցել է, թե՝ ոչ։

Ավաղ, այս առեղծվածը դեռ մնում է չբացահայտված։

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։

Հնարավորություն ունենալու դեպքում մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ Շնորհակալություն։