Դերրին տարբերվում է իմ եղած բոլոր քաղաքներից։ Այստեղ մարդիկ վեց անգամ ավելի հաճախ են անհայտ կորում, քան այլուր։ Եվ սա մեծահասակներին է վերաբերում։ Երեխաների դեպքում թվերը ավել վատն են։ Շատ ավելի վատը։

Չենք կարող ասել, թե որն է պատճառը, բայց այս աշխարհում որոշ մարդիկ տառապում են կոուլրոֆոբիայով, կամ մարդկային լեզվով ասած՝ սարսափում են ծաղրածուներից։

[80օր]-ի անձնակազմից և ոչ մեկս երբեք չարագործ ծաղրածուի չենք հանդիպել։ Մեզ համար ծաղրածուները յուրահատուկ դեմքեր են, ովքեր ֆոկուսներ են անում և փուչիկներ փչում երեխաների ծննդյան միջոցառումներին։ Դրանից է՞լ անմեղ զբաղմունք։ Սակայն միգուցե նման տեսարաններից սարսափող մարդիկ Սթիվեն Քինգի «Այն» (“IT”) գիրքը կարդացել են չափազանց երիտասարդ տարիքում։   

Այդ մարդկանց կոմից վերապրած և գրքի էջերից փոխանցվող սարսափազդու դրվագները այս տարի կրկին մեծ էկրանին են տեղափոխվել ի շնորհիվ ռեժիսոր Անդրես Մուսկիետտիի (Andres Muschietti), ով որոշել է իր ուրույն ոճը հաղորդել Քինգի գրական տիեզերքի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին։


Սա առաջին անգամ չէ, որ «Այն» ստեղծագործությունը ադապտացվում է ֆիլմի համար։ Ձեզանից ոմանք միգուցե հիշեն 90-ականներին նկարված մինի սերիալը (ռուսական ОРТ-ով էին ցույց տալիս, եթե չեմ սխալվում)։ Ի տարբերություն նրան, այս նոր՝ սցենարիստներ Chase Palmer, Cary Fukunaga, and Gary Dauberman – ի կողմից գրված մեկնաբանությունը՝ բառացիորեն մի այլ պատմություն է։

Եթե գրքում Քինգի պատմությունը զուգահեռաբար զարգանում է դեռահասների և մեծահասակների մասնակցությամբ, Մուսկիետտի մոտ իրադարձությունների կիզակետում են հայտնվում միայն թինեյջերները, որոնք փորձում են հասկանալ, թե դարեր շարունակ ինչ չարիք է բուն դրել Մեյն նահանգում գտնվում իրենց գողտրիկ և հարազատ՝ Դերրի քաղաքում։

Հրաշալի դերասական կազմը (Finn Wolfhard (Stranger Things), Sophia Lillis, Jaeden Lieberher (The Book of Henry), Jack Dylan Grazer և Wyatt Oleff) ամենաբարձր մակարդակով է մարնավորել դպրոցի այսպես կոչված՝ <<Ձախորդների ակումբի>> (losers’ club) անդամներին։

Ֆիլմը հրաշալի փոխանցում է Ամերիկյան՝ իրականում գոյություն չունեցող՝ Դերրի փոքրիկ քաղաքի 1988-ի (ի տարբերություն գքրի 1950-ականների) մի արևոտ ամռան տպավորությունները և հերոսների ապրումները։

Ֆիլմի սկզբում հոգին ջերմացնելու աստիճանի նոստալգիա ես ապրում. ուզեք, թե չուզեք՝ ֆիլմի հերոսներին տեսնելով մտովի տեղափոխվելու եք ձեր դպրոցական տարիները, վերապրեք անվերջ թվացող ամառները, երաժշտական ճաշակի ձևավորումը, առաջին սիրահարվածությունը…սակայն թեմայից չշեղվենք։

Ի տարբերություն այս ժանրի այլ ֆիլմերի, որտեղ երեխաները փորձում են գանքերի, կմաղքների կամ հինավուրց նավաբեկության հետքեր գտնել, այստեղ արդեն «ձախորդների» ետևից են ընկել իրենցից յուրաքանչյուրի վախերը և մտահոգությունները։

Սարսափի բանակի գլխավոր հրամանատարն է, իհարկե, Փեննիվայզ անունով պարող ծաղրածուն Բիլ Սկարսգարդի (Bill Skarsgard) մարմնավորմամբ։

[Warner Bros.]
Ինչպես արդեն նշեցի, ֆիլմում սիրտը ջերմացնող տեսարաններ և դրվագներ կան։ Սակայն դա չի «խանգարում» նրան, որ դիտելու գրեթե ողջ ընթացքում գտնվես զսպված լարվածության և անբացատրելի տհաճություն «պարգևող» սարսափազդու զարգացումների տպավորության տակ։

Միայն երաժշտությունը և Սկարսգարդի դերասանական խաղը արդեն իսկ նպաստում են անշեղ վախի մթնոլորտի ձևավորմանը։ Սրան գումարենք նաև որոշ երեխաների բարդ հարաբերությունները ծնողների հետ, թինեյջերական տարիքին բնորոշ խնդիրները…շատ չբացենք փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի նայել։

Այս ֆիլմում յուրաքանչյուրը սեփական ամենավատ վախերից կախված՝ առանձնահատուկ, իրեն բնորորոշ ձևով է առնչվում Փեննիվայզ ահարկու ծաղրածուի հետ։ Երեխաներից յուրաքանչյուրը այնքան լավ է խաղում, որ նոր կայծ է հաղորդում առանց այդ էլ հետաքրքիր սյուժեին։ Նրանց կյանքի պատմությունը քեզ ստիպում է կարեկցել, նյարդայնանալ, ատել և ավելի շատ հույզերով կապվել ֆիլմին։

[Warner Bros.]
«Այն» կարելի է աութսայդերներին կամ ձախորդներին նվիրված ձոն համարել։ Բոլորս էլ կամ տեսել ենք այդպիսի՝ ավելի ագրեսիվ դասարանցիների կողմից չընդունվող և հալածվող երեխաների կամ եղել ենք այդպիսին։ Այս ֆիլմը պատմում է, թե ինչպես են լուզերները կամ ձախորդները միավորում ուժերը և փորձում ոչնչացնել քաղաքին սպառնացող չար մի գերբնական էության։

Ֆինն Ֆոլֆհարդը տեղը տեղին կարողանում է ներկայացնել մտքին եկած առաջին իսկ բառերը օգտագործող Րիչիին, իսկ Ռեյ Թեյլորի կողմից՝ միաժամանակ ծիծաղելի և սիրվող Բենին մարմնավորումը ուղղակի հիացմունքի է արժանի։ Սոֆիա Լիլիսը կերտում է «Ձախորդների ակումբի» միակ աղջիկ և իր գեղեցկության համար ընկերուհիների կողմից հալածվող՝ Բեվերլի Մարշի հուզող կերպարը։

Դե իսկ ռեժիսորին ու սցենարիստներին պետք է ծափահարել՝ այսպիսի ինքնուրույն և անհատական խաղացողներին մեկ ընդհանուր պատմության մեջ վարպետորեն միաձուլեու համար։ Տարբեր կերպարների հաղորդակցումը և կապերի ստեղծումը ուղղակի ֆանտաստիկ մակարդակով է մտածված և իրագործված։ Նույնիսկ Բեվերլիի «վատ» օրերի փոխաբերական ապրումները հմտորեն կապվում են սյուժեին և ներկայացվում որպես թինեյջերական յուրահատուկ թիմբիլդինգի վարժություն:

[Warner Bros.]
«Այն» ֆիլմը վերջին մի քանի տարվա ընթացքում իմ տեսած լավագույն թրիլերներից է։ Իհարկե այստեղ շատ է կիրառվում սարսափ ֆիլմերի՝ դիտողներին անսպասելի վախեցնելու լավ մշակված հնարքը, սակայն այն, ինչ իրոք հաճելիորեն զարմացնում է, դա ռեժիսորի և սցենարիստների կողմից կատարված ահռելի աշխատանքն է։

Սովորաբար Ստիվեն Քինգի ստեղծագործությունները դժվարությամբ են կարողանում վերարտադրել էկրանին (Քինգի մեկ այլ՝ «Մռայլ աշտարակը» գործի այս տարվա ծայրահեղ անհաջող էկրանիզացիան ասածիս լավագույն ապացույցն է), բայց Մուսկիետիին և ընկերներին հաջողվել է ոչ միայն կոտրել գիրքը կարդացած ֆանատների նախապաշարմունքի պատը, այլ նաև ինքնուրույն և գրավիչ առանձին մի աշխարհ ստեղծել մեծ էկրանին։ Սա անվիճելի հաղթանակ է անձամբ Մուսկիետտի, ինչպես նաև Warner Brothers ընկերության համար։

Հաջորդ մի քանի տարվա մեջ մենք անկասկած հնարավորություն կստանաք դիտել նաև «Այն»-ի շարուկանությունը կամ սիքվելը, որտեղ իրադարձությունները կծավալվեն նախորդ պատմությունից 27 տարի անց և Փեննիվայզը կվերադառնա Դերրի բնակիչներին ահաբեկելու իր սիրած գործին։

Կասկած չկա, որ այդ ֆիլմը կրկին մեծ աղմուկ է բարձրացնելու։ Այնուամենայնիվ ցանկանում եմ շեշտել, որ առաջին մասը տպավորիչ է նաև նրանով, որ նույնիսկ առանց շարունակության այն առանձին և ինքնուրույն ֆիլմ է։

[Warner Bros.]

Իմ կարծիքը

Խորհուրդ եմ տալիս նայել «Այն» ֆիլմը, եթե չեք վախենում վախենալ։

Միգուցե ես ժամանակին շատ եմ սարսափ ֆիլմեր նայել և իմ վրա արդեն այդքան չի ազդում, սակայն փաստ է, որ կինոդիտման ընթացքում ինձ ծաղրածուից և սարսափազդու մթնոլորտից ավելի շատ տպավորեց այն հեռավոր և արևաշող դպրոցական ամառվա շունչը, դատարկ գրադարանում պատմական փաստաթղթեր ուսումնասիրող Բենը և անխուսափելի բաժանման հավերժ թվացող վայրկյանները։

Իսկ թե ինչ նկատի ունեմ, կհասկանաք միայն ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլիաս Ֆոգ՝ հատուկ [80օր]-ի համար