«Գլենգարի Գլեն Ռոսս» (Glengarry Glen Ross) ֆիլմը 1992թ. ամերիկյան դրամա է։ Այն սցենարիստ Դավիդ Մամեթի իր իսկ՝ համանուն թաթերական բեմադրության ադապտացիան է մեծ էկրանի համար։ 1984թ.–ին այն արժանացել է հեղինակավոր՝ «Պուլիցեր» և «Թոնի» մրցանակների։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Ֆոլին։ Եթե նրա անունը ձեզ բան չի ասում, ուղղակի նշենք, որ նա House of Cards սերիալի ռեժիսորն է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԸ (SPOILER ALERT!)
Ֆիլմը ներկայացնում է երկու օր Չիկագոյի մի անշարժ գույքի գործակալության չորս աշխատակիցների կյանքից։
Այն պատմում է, թե ինչ ծանր դրության մեջ են նրանք հայտնվում, երբ ընկերության գլխամասային գրասենյակից՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նրանց մոտ «բիզնես թրեյներ» են ուղարկում, որի դիրքորոշումը միաժամանակ և արդյունավետ և դաժան է։
Ըստ նրա՝ մոտիվացիայի բարձրացման բանաձևը հետևյալն է. մեկ շաբաթվա ընթացքում առաջին երկու տեղերից ցածր վաճառքներ ապահոված գործակալները աշխատանքից ազատվելու են։
Ֆիլմի անվանումը գալիս է երկու անշարժ գույքի գործակալությունների անվանումից՝ Գլենգարի Հայլենդզ և Գլեն Ռոսս Ֆարմզ։ Մեզ մոտ այն ավելի շատ հայտնի է ռուսական՝ «Ամերիկացիները» թարգմանությամբ։
Ֆիլմը սիմվոլիկ է այնքանով, որ անշարժ գույքի գործակալության փոխարեն՝ հանկարծակի աշխատանքը կորցնելու և պերմանենտ գործազրկության մատնվելու սպառնալիքի առջև կարող են հայտնվել ցանկացած օֆիսային կազմակերպության միջին տարիքի աշխատակիցները։
Տարիներ շարունակ Մամեթի բեմադրությունը չէր իջնում ԱՄՆ տարբեր տրամաչափի թատրոնների բեմերից։ Եվ դա չնայած այն բանի, որ այն աննախադեպ ծավալի հայհոյանքներ և կոշտ արտահայտություններ էր պարունակում։
Այս ժառանգությունը անցավ նաև ֆիլմին, որտեղ իրավիճակների նկարագրությունը և կերպարների բնավորությունն ու փոխադարձ վերաբերմունքը արտահայտվում է ամենաանկեղծ, բայց և երկակի մեկնաբանության տեղ չթողնող բառապաշարով։
Ինչ խոսք, հայերենով մեր այս ռեվյուի մեջ, ձեր հնարավոր զայրույթը բացառելու համար, մենք խուսափելու ենք մեկը մեկին թարգմանել հերոսների ընտրված արտահայտությունները, սակայն որոշ դեպքերում կփորձենք թողնել դրանց համն ու հոտը։ Վստահ ենք, որ «80օր»-ի ընթերցողները գլխի կընկնեն, թե որտեղ ինչ արահայտություն կամ բառ է օգտագործվում բնօրինակում։
Մամեթին և Ֆոլիին 8 տարի պահանջվեց Գլենարի Գլեն Ռոսսը մեծ էկրանին ներկայացնելու համար։ Դերասանական կազմը հաշվի առնելով կարելի է ասել, որ արժեր այդքան սպասել։ Ձգձգման հիմնական պատճառները երկուսն էին՝ ֆինանսական խնդիրներ և ցանկում Ալ Պաչինոյին ընգրկելու անկասելի ցանկությունը։
Ալ Պաչինոն նույնպես ցանկանում էր այդ դերը, սակայն հաշվի առնելով այլ ֆիլմերում նկարահանումները, նա երկար ժամանակ չէր կարողանում իր գրաֆիկը հարմարեցնել։
Նա վերջապես իր համաձայնությունը հայտնեց միայն այն ժամանակ, երբ նրա դերի համար կաստինգի հրավիրեցին Ալեք Բալդուինին։ Արդյունքում Բալդուինը ստանում է այն դերը, որը Մամեթը հատուկ ստեղծում է նրա համար ֆիլմում։
Կարելի է ասել, որ իրեն հատկացված ընդամենը 10 րոպեն Ալեք Բալդուինը դարձնում է իր աստղային ժամը և միաժամանակ համակրանքի և ատելության անհավանական փոթորիկ է առաջացնում ինչպես գործակալությունում, այնպես էլ դիտողների գլուխներում և սրտերում։
Եվ այսպես. գործակալության այս մասնաճյուղում աշխատում են չորս անշարժ գույքի բրոքեր՝ իր ուզածին ամեն գնով հասնող և վաճառքների առաջատար Րիկի Ռոման (Ալ Պաչինո), ժամանակին վաճառքների մեծ վարպետ և Րիկիի ուսուցիչ, սակայն արդեն հմտությունը կորցրած և հասակն առած Շելլի Լեվինը (Ջեք Լեմոն), անտաշ և բռի Դեյվ Մոսսը (Էդ Հարրիս), ով ղեկավարությանը վատություն անելու հնարավորություն բաց չի թողնում, և նյարդային Ջորջ Աարոնովը (Ալան Արկինը), ով գրեթե նույն ծանր վիճակում է՝ ինչ Շելլին։
Գործակալության փոքրիկ մասնաճյուղի այս խայատաբղետ թիմի հակապատկերն է ինքնավստահություն ճառագայթող Բլեյքը (Ալեք Բալդուին)՝ ընկերության գլխամասից՝ վաճառքների ցուցանիշը բարձրացնելու նպատակով այստեղ գործուղված սառնասիրտ ու ինքնավստահ խորհրդականը։
Նա գրասենյակ մուտք գործելուն պես առանց այս ու այն կողմ ընկնելու հայտնում է, որ այստեղի գործակալները անճար դեմքեր են ։
Երբ Դեյվը ռիսկ անում է նրան հարցնել, թե ինչ իրավունքով է այդպես խոսում, և ինչ է նրա անունը, Բլեյքը պատասխանում է առանց վարանելու.
ՔՈ ՏԻՐՈՋ ՄԵՐԸ! Սա է իմ անունը! Գիտե՞ս, թե ինչու, պարոն։ Որովհետև դու Հուինդաի-ով ես հասել այստեղ, իսկ ես 80 հազար դոլլարանոց BMW-ով։ ԱՅ ՍԱ է իմ անունը։ Իսկ ձեր բոլորի անունն այն է, որ դուք միայն ցանկանում եք։ Դուք այս տղամարդականց խաղը չեք կարողանում խաղալ. չեք կարողանում հաճախորդին վաճառել ձեր տունը։ Սա նշանակում է՝ դուք խնդիրներ ունեք, գնացեք ու ձեր կանանց պատմեք ձեր խնդիրների մասին։ Այս կյանքում միայն մեկ բան նշանակություն ունի. հաճախորդին համոձեք՝ ստորագրի պայմանագրի կետագծի տակ։
Բլեյքը այսքանով չի սահմանափակվում. ձեռքի ժամացույցը գրեթե լկտիաբար ցույց տալով ապշած գործակալներին նա ասում է.
Այս ժամացույցը ավելի թանկ արժե, քան քո մեքենան։ Ես 970.000 դոլլար եմ աշխատել անցյալ տարի։ Ինչքա՞ն եք դուք աշխատել։ Այս հիմա, ընկեր, տեսնում ես՝ ով եմ ես ու ով ես դու։
Այս ամսվա մրցույթը, հայտնում է նա հանդուգն ձայնով, նոր կանոններ կունենա. վաճառքներով առաջին տեղը զբաղեցրած գործակալը նոր կադիլլակ կստանա նվեր, երկրորդ տեղի համար խոհանոցային դանակների հավաքածու է նախատեսված, իսկ երրորդ տեղը՝ աշխատանքից ազատվելու ուղեգիրն է։
Այսպիսով, գրասենյակի անձնակազմի առնվազն կեսը աշխատանքը կորցնելու իրական և անխուսափելի վտանգի առջև է կանգնած։
Սառնասիրտ և տառակեր օֆիս-մենեջեր Ջոն Վիլյամսոնը (Կեվին Սփեյսի) դրանից միայն երջանիկ է։ Նա այդ առևտրական բրոքերներից և ոչ մեկի տանել չի կարողանում, իսկ ամենաշատը նա չունի Շելբիի հետ, ով իր հերթին երբեք առիթը բաց չի թողնում Վիլյամսոնին հիշեցնելու, որ վերջինս միայն քարտուղարուհի կարգավիճակում է և դեբիլի գործ է անում։
Այս հակամարտությունը դեռ շատ տարբեր դրսևորումներ կունենա։ Ֆիլմի առաջին ռեվյուներից մեկում գրված է, որ այն հիշեցնում է Սիգուրնի Վիվերի հերոսուհու կողմից «Օտարը» ֆանտաստիկ ֆիլմում արված արտահայտությունը.
Ես չգիտեմ, թե որ կենսաբանական որ տեսակն է ավելի վատը. դու երբեք չես տեսնի, որ մի օտարը մյուսին են բանից անի ինչ-որ անիծյալ տոկոսի համար։
Ստորացման այս թերապիայից խուսափում է միայն Ալ Պաչինոյի կերտած Րիկին Ռոման։ Նրա բախտը բերել է. նա այդ պահին գրասենյակում չէր։
Թե ինչ է անում Րիկին այդ ժամանակ չենք պատմում՝ թողնում ենք, որ վայելեք ֆիլմը դիտելիս։
Միայն ասենք, որ Ալ Պաչինոյի այս դերը հանգիստ կարող է շատ երկար և թանկարժեք վաճառնքերի սեմինարներ փոխարինել մասնագետների համար։
Բերում ենք նրա արտահայտաց մտքերից մեկը միայն.
Ես դավանում եմ հասարակական կարծիքին հակառակվելու կանոնը…եթե բոլորը մի բան են մտածում, ես խաղադրույք եմ դնում դրան հակառակ …
Սակայն վերադառնանք շիվարած գործակալներին։ Երբ Բլեյքը վերջապես գնում է գրասենյակից, հավասարակշռությունը կորցրած գործակալները ընկնում են հուսահատության տենդի մեջ։ Սակայն պետք է ինչ-որ բան անել։ Նրանց պետք է այդ աշխատանքը …
Խեղճ Շելլիին զանգում են հիվանդանոցից. նրա աղջկա բուժումը դադարեցնելու են, եթե վաղը գումարը չհասցնի…ստիպված նորից ու նորից զանգում է արդեն քանի անգամ առաջարկը մերժած պոտենցիալ հաճախորդների … «Բարև Ձեզ, սա Շելլին է, Շնորհավորում եմ ! Մեր ընկերությունը մի հատուկ առաջարկ ունի Ձեզ համար …»
Եվ ոչ ոք չի ցանկանում անշարժ գույք գնել, և հոգեմաշ անձրև է տեղում քաղաքի վրա, և կարկուտի որոտները ոչ մի լավ բան չեն խոստանում …
Լուսանկարների բոլոր իրավունքները՝ [New Line Cinema]