Իմացական կողմնակալություն (cognitive bias) տերմինը բնութագրում է դատողություններ անելու համար` ընդունված նորմից կամ ռացիոնալ մոտեցումներից համակարգային շեղումները։

Այլ կերպ ասած՝ այն դեպքերը, երբ մարդկանց և իրավիճակների վերաբերյալ դատողությունները արվում են կարծես թե անհիմն և ոչ տրամաբանական ձևով։ Այս դեպքում անհատները տվյալ իրավիճակը հիմք ընդունելով ստեղծում են իրենց սեփական «սուբյեկտիվ սոցիալական իրականությունը»։

Իմացական կողմնակալության տարածված օրինակ է այսպես կոչված Ստոկհոլմյան գնորդի սինդրոմը, կամ ապրանքը գնելուց հետո այդ գործարքին արդարացում փնտրելը և գտնելը։

Պատկերացրեք, որ նոր՝ 4K էկրանով հեռուստացույց եք գնել։ Բավական թանկ եք վճարել, դժվար էր որոշում կայացնել, քանի որ կային ավելի մատչելի տարբերակներ, կարող էիք մի քիչ սպասել և այդ գնով ավել լավը վերցնել, և այլն։ Սակայն գնելուց հետո արդեն համոզված եք, որ ճիշտ եք արել. հենց վաղվանից կկարողանաք լավ որակով ֆիլմեր նայել, հակառակ դեպքում այդ փողը կծախսեիք, և այլն։

Այսինքն, փնտրում և գտնում եք պատճառներ, որոնք կարդարացնեն ձեր՝ արդեն իսկ կայացած որոշումը և ներկա իրավիճակը. և կապ չունի, թե իրականում որքան «դեմ գործոններ կային։

Ստոկհոլմի սինդրոմ են անվանում նաև այն հոգեբանական վիճակը երբ պատանդը համակրանք է զգում և փորձում է արդարացում գտնել իրեն պատանդ վերցնողի համար։ Այս դեպքում գնորդը (պատանդը) գերի է պահվում «գնված ապրանքի կողմից (պատանդ վերցնող). և վերջ ի վերջո, գնորդն ինքն իրեն համոզում է, որ ապրանքը իրեն դուր է գալիս։