Իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի (1469-1527) «Տիրակալը» դարեր ի վեր գրավել է լուսավորյալ մարդկության ուշադրությունը: Նվիրված լինելով Ֆլորենցայիա իշխան Լորենցո Մեդիչիին՝ այն պետական կառավարման արվեստի բացառիկ աշխատություն է և արծարծում է երկրի ղեկավարի դերի, ժողովրդի և տիրակալի, տիրակալի և բանակի, տիրակալի և նրա մերձավորների բարդ ու նուրբ հարաբերությունների առանձնահատկությունները։

[80օր]-ը մեր ընթերցողներին է ներկայացնում գրքի նախաբանը՝ աշխատության ոգու և նշանակության վերբերյալ պատկերացում կազմելու համար, ինչպես նաև կներկայացնենք մեր կողմից ընտրված Մաքիավելիի 10 մտքեր ու եզրահանգումներ, որոնք առաջին հայացքից կարող են չափից դուրս հաշվենկատ թվալ, սակայն բացատրում են մեր օրերի քաղաքական զարգացումների շատ դրվագներ։

Հուսով ենք՝ հետաքրքիր կլինի։

Նիկոլո Մաքիավելիի դիմանկարը. Սանտի դի Տիտո

Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն Լորենցո Մեդիչիին

Տիրակալների բարեհաճությանը արժանանալու համար մարդիկ սովորաբար նվիրաբերում են իրենց ունեցած ամենաթանկարժեք իրը, կամ էլ մի այլ բան, ինչով հույս ունեն մեծագույն բավականություն պատճառել նրան, այսինքն՝ նժույգ ձի, զենք, թանկարժեք դիպակ ու քար և տիրակալների մեծությանը վայել զանազան այլ ընծաներ։ Իսկ ես, կամենալով Ձերդ պայծառափայլությանը հավաստել իմ նվիրվածությունը՝ ինչքիս մեջ չգտա առավել թանկ ու արժեքավոր մի բան, քան երևելի մարդկանց վարքի մասին իմ գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել առկա եղելությունից բազմամյա փորձի և անցյալի անցուդարձի անխոնջ ուսումնասիրության շնորհիվ։

Շատ ժամանակ ու ջանքեր ներդնելով իմ ամբարածը իմաստավորելու համար, փորձ արեցի խոհերս ամփոփել մի երկասիրության մեջ և որպես նվեր մատուցանել Ձերդ պայծառափայլությանը։ Թեև ենթադրում եմ, որ սույն մատյանը անարժան է Ձեր ուշադրությանը, այնուամենայնիվ, հուսով եմ Դուք Ձեր ներողամտությամբ հանդերձ հաճությամբ կընդունեք՝ քաջ գիտակցելով, որ ես ի զորու չեմ Ձեզ ավելի արժեքավոր նվեր մատուցանել։ Դրա շնորհիվ, կարճ միջոցում, հաղորդակից կլինեք բազում վտանգներով ու տագնապներով ձեռք բերված իմ գիտելիքների շտեմարանին։ Աստ չեմ հոգացել ոչ զարդարուն ոճի, ոչ խոսքի ճոխության, բարեհնչունության, ոչ էլ արտաքին զարդարանքի ու փայլի մասին, որոնցով բազում գրիչներ ջանում են պաճուճել իրենց երկերը։

Ցանկությունս է, որ գրվածքս մնա անհայտության մեջ, կամ էլ ճանաչ դառնա շնորհիվ նյութի անսովորության ու կարևորության։

Թող հանդգնություն չհամարվի, որ ստորին ու աննշան կոչումով մեկը հանձն է առնել քննել տիրակալների գործքն ու խորհուրդներ տալ նրանց։ Ինչպես բնանկար վրձնելիս գեղանկարիչը պետք է իջնի հովիտ՝ հայացք գցի բլուրների ու լեռների վրա և վեր բարձրանա՝ հայացքով զննի հովիտը, ճիշտ այդպես էլ ժողովրդի էությունը ըմբռնելու համար հարկ է լինել տիրակալ, իսկ տիրակալների էության մեջ թափանցելու համար պետք է սերված լինել ժողովրդի ծոցից։

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։ Շնորհակալություն։

Մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել հետևյալ եղանակներով․
1. Կատարելով քարտային փոխանցումներ ArCa համակարգով։
քարտի համար 5501 0401 0009 7350 (GAREGIN HARUTYUNYAN)
2. Բաժանորդագրվելով PATREON-ում այս հղումով
3․ Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։
4. PayPal։ garegin1@gmail.com

Ձերդ պայծառափայլությունը սույն համեստ նվերը թող ընդունի նույն զգացումով, որով ես եմ համակված։ Եթե բարեհաճեք ուշի ուշով ընթերցել իմ մատյան գիրքը ու խորհել նրա շուրջ, կզգաք, որ կամեցել եմ Ձերդ պայծառափայլությանը տեսնել այնպես վեհ, ինչպես վերուստ հաստել է ճակատագիրը Ձեր արժանիքների հանգույն։

Ու այն բարձունքից, ուր թևածում է Ձերդ պայծառափայլությունը, եթե երբևէ հայացք նետի այն ստորոտի վրա, ուր դեգերում եմ ես, կտեսնի, թե որքան անողոք է եղել ճակատագիրն իմ հանդեպ՝ պես պես ծանր փորձությունների ենթարկելով նվաստիս։


1. Չկա քաղաքին տիրելու ավելի հուսալի միջոց, քան կործանելը։ Եթե մեկը զավթի վաղնջական ժամանակներից ազատության համը տեսած քաղաքն ու խնայի այն, քաղաքը նրան չի խնայի։ Այնտեղ միշտ մի առիթ կգտնվի խռովություն բարձրացնելու համար՝ հանուն ազատության ու հին կարգերի, որոնք մոռանալ չեն ստիպի ոչ ժամանակը, ոչ էլ նոր իշխանության բարի գործերը։

2. Խելամիտ տիրակալր պետք է խուսափի այն արատներից, որոնք կարող են նրան զրկել իշխանությունից, իսկ մնացածներից ուժերի ներածին չափով ձեռնպահ մնա, բայց ոչ ավելին։ Թող տիրակալները չվախենան այնպիսի արատների համար մեղադրանքներ լսելուց, առանց որոնց դժվար կլինի պահպանել իշխանությունը, որովհետև, եթե խորը մտածենք, շատ գործեր կան, որոնք առաջին հայացքից կարող են առաքինի թվալ, բայց իրականում կործանարար են տիրակալի համար, և, ընդհակառակը, թվում է արատ է, բայց գործնականում տիրակալին բարօրություն ու անվտանգություն է բերում:

3. Մարդիկ ավելի քիչ են զգուշանում վիրավորել նրան, ում սիրում են, քան նրան, ումից վախենում են, քանզի սերը գոյատևում է երախտագիտության շնորհիվ, ինչը մարդիկ, ապիկարության պատճառով կարող են հանուն իրենց շահի քամահրել, միչդեռ վախը կենսունակ է պատժի սպառնալիքով, որը քամահրել չես կարող։

Այսուհանդերձ, տիրակալը պետք է վախն այնպես ներշնչի, որ եթե սիրո էլ չարժանանա, ապա գոնե խուսափի ատելությունից, քանզի միանգամայն հնարավոր է վախ ներշնչել առանց ատելության։ Ատելության չարժանանալու համար տիրակալը պետք է խուսափի քաղաքացիների ու հպատակների ունեցվածքի ու նրանց կանանց վրա աչք տնկելուց։ Նույնիսկ, երբ անհրաժեչտ է համարում որևէ մեկին կյանքից զրկել, ապա համապատասխան հիմնավորում ու ակնհայտ պատճառ լինելու դեպքում կարող է դա անել, բայց պետք է զգուշանա ուրիշի ունեցվածքը սեփականելուց, քանզի հնարավոր է, որ մարդիկ քեզ ներեն իրենց հոր սպանությունը, բայց ունեցվածքի կորստի հետ հաշտվել չեն կարող։

Մաքիավելլի քանդակը Ֆլորենցիայի Uffizi պատկերասրահի պատին

4. Բոլոր գազաններից տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին ու աղվեսին։ Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը՝ գայլերից, ուրեմն պետք է աղվեսի նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծի, որպեսզի գայլերին վախեցնես։ Միշտ առյուծի նմանվողը, կարող է չնկատել թակարդը։ Այդտեղից հետևում է, որ խելամիտ տիրակալը չի կարող և չպիտի հավատարիմ մնա խոստմանը, եթե դա վնաս է հասցնում իր շահերին և, առավել ևս, եթե արդեն վերացել են այն պատճառները, որոնք նրան հարկադրել են խոստում տալ։

5. Բոլոր ամրոցներից լավագույնը ժողովրդի համար ատելի չլինելն է։

6. Տիրակալին նաև հարգում են, երբ նա բացեիբաց իրեն թշնամի կամ բարեկամ է հայտարարում, այսինքն, երբ առանց տատանվելու հանդես է գալիս ի պաշտպանություն մեկի և ընդդեմ մյուսի,― դա միշտ ավելի լավ է, քան չեզոք մնալը։

7. Խելքը երեք տեսակի է լինում․ մեկը ինքն է ամեն ինչի հասու դառնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը՝ ինքը ոչնչի չի հասնում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները։

8. Քծնանքից պաշտպանվելու այլ միջոց չկա, քան մարդկանց համոզել, որ եթե նրանք քեզ ճշմարտությունն ասեն, նրանցից չես նեղանա, բայց եթե ամեն ոք քեզ ճշմարտությունն ասելու իրավունք ունենա, ապա կդադարեն քեզ պատշաճ ձևով հարգել։

9. Ես ճակատագիրը կնմանեցնեի մի կատաղահոս գետի, որը վարարելով հեղեղում է ափերը, տապալում ծառերը, ավերում տները, իր ճանապարհին սրբում֊տանում է ամեն ինչ։ Բոլորը փախչում, բոլորն ընկրկում են դրա բուռն գրոհի դեմ՝ անզոր լինելով այն կասեցնել։ Այսուամենայնիվ, մի՞թե դա մարդկանց խանգարում է նախազգուշական միջոցներ ձեռք առնել, այսինքն արգելապատնեշներ ու ամբարտակներ կառուցել, որպեսզի գետն ափերից դուրս գալով կամ հոսի դեպի ջրանցքները, կամ էլ դադարեցնի իր անզուսպ ու սպառնալի վազքը։

10. Ճակատագիրը կնոջ նման է, և, եթե մեկը կամենում է նրա հետ ընդհանուր լեզու գտնել, պետք է նրան քոթակի, այդպիսիներին նա ավելի շուտ է հանձնվում, քան նրանց, ովքեր սառնությամբ են գործի անցնում։ Ուստիև նա, որպես կին, երիտասարդների ընկերուհին է, որովհետև նրանք այնքան էլ շրջահայաց չեն, ավելի խիզախ են և ավելի մեծ հանդգնությամբ են նրան զարդեր նվիրում։

Եվ այսպես, վերադառնալով այն վեճին, թե տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե՞ նրանից վախենալը, կասեմ, որ տիրակալներին սիրում են սեփական հայեցողությամբ, բայց վախենում են տիրակալների հայեցողությամբ, ուստի խելացի տիրակալը պետք է հույսը դնի այն բանի վրա, ինչն իրենից է կախված և ոչ թե ուրիշից։ Կարևորն այստեղ լոկ այն է, որ հպատակներիդ մեջ քո հանդեպ ատելություն չհարուցես, ինչպես ասվել է վերևում։

Օգտվել ենք «Տիրակալի» Ալբերտ Բարսեղյանի հայերեն թարգմանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: