Սատանայի փաստաբան (լատիներեն՝ Advocatus diaboli) Կաթոլիկ եկեղեցու պատմական կոչումներից մեկի անվանումն է։ Սատանայի փաստաբան է կոչվել այն մարդը, ով ի պաշտոնե պարտավոր էր քննադատել և դեմ հանդես գալ սրբադասման ենթակա անձի թեկնածությանը՝ նպատակ ունենալով ի հայտ բերել և վեր հանել քննարկվող կենսագրության փաստերի խեղաթյուրումներ կամ բնավորության արատներ, որոնք խոչընդոտ կհանդիսանային նրա սրբադասման համար։
Այսպիսով՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբադասման արարողության ընթացքում Հավատքի պաշտպանը կամ լատիներեն promotor fidei (ավելի հայտնի որպես advocatus diaboli կամ սատանայի փաստաբան) փորձում էր դեմ խոսել առաջարկված թեկնածությանը և հակադրվել Աստծո փաստաբանին (advocatus Dei)։ Վերջինիս խնդիրն էր եկեղացական խորհրդին համոզել, որ ներկայացված թեկնածությունը բոլոր արժանիքներն ունի սրբադասվելու համար։
Չնայած հինավուրց ծագմանը, այս արտահայտությունը լայն տարածված է նաև ժամանակակից անգլերենում. այն օգտագործում են որևէ գաղափարին իրականում դեմ չլինելով ցուցադրաբար դրա վերաբերյալ բացասական դիրքորոշում որդեգրելու երևույթը նկարագրելու համար։
Սատանայի փաստաբան են կոչում մեկին, ով վիճարկում է մի տեսակետ, որը նրա համար անպայմանորեն անընդունելի չէ. նա հակառակն է պնդում միայն, այսպես ասած, քննարկումը ավելի հանգամանալից դաձնելու և նոր փաստեր վեր հանելու նպատակով։
advocatus diaboli եկեղեցական կոչման առաջին հիշատակումը Վատիկանի մատյաններում եղել է 1513-1521թթ, Հռոմի պապ Լևոն X-ի կողմից Վենետիկի առաջին հայրապետ Լորենզո Ջուստինիանի սրբադասման ժամանակ։
Արդեն 20-րդ դարում՝Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը սահմանափակում է սատանայի փաստաբանի լիազորությունների և գործառույթների շրջանակը։
Սրա հետևանքով սրբադասված անձանց թիվը կտրուկ աճում է։ Այսպես, եթե 1588-ից մինչև 1978 Կաթոլիկ եկեղին ուներ 330 սուրբ, 1978-2005թթ այդ թիվն արդեն 483 էր։
Մեզ մնում է միայն ավելացնել, որ սատանայի փաստաբան արտահայտությունը մեր ընթերցողներին գերակշիռ մեծամասնությանը հայտնի է նաև 1997-ին նկարահանված համանուն ֆիլմից՝ Ալ Պաչինոյի և Կիանու Րիվզի փայլուն դերասանական խաղով։ Դե ինչ, հիմա վերնագրի ընտրությունը կարծես նոր իմաստ է ստանում։
[մասամբ օգտվել ենք վիքիից]