Ինչի՞ համար են այգում խրտվիլակ տեղադրում։ Իհարկե ագռավներին և այլ թռչուններին մոլորության մեջ գցելու համար։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ բանավեճի մեջ նույնպես խրտվիլակները կարող են անփոխարինելի դեր խաղալ։ Այս դեպքում, սակայն, խրտվիլակը ոչ թե դեզից ու ճյուղերից է, այլ գաղափարական՝ հյուսված մտքերից և պնդումներից։
Բանակցող հակառակ կողմի պնդումը լսելուց հետո խրտվիլակը պատրաստում ես այնպես, որ այն փոխարինի մրցակցի պնդումը և առավելագույնս խոցելի լինի։ Այնուհետև ջանք չես խնայում գրոհելու և քո ստեղծած գաղափարային խրտվիլակը սխալ հանելու համար։
Բանավեճին կողքից հետևողները, սակայն, չպետք է նկատեն կատարված թիրախի փոփոխությունը. նրանց պետք է թվա, որ թույլ կողմեր ես գտել հենց մրցակցի սկզբնական արտահայտած դիրքորոշման մեջ։
Որպես օրինակ վերցնենք այն իրավիճակը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ժողովրդին հայտնում է, որ այսուհետ Հայաստանում ուղիղ ժողովրդավարությունը կարելի է համարել կայացած և Արցախի բանակցային գործընթացի ցանկացած արդյունքի վերջնական լինել-չլինելը քննարկվելու է հրապարակում։
Ակհայտ է, որ այստեղ խոսքը գնում է ՀՀ քաղաքացիների համար ամենազգայուն և կենսական նշանակություն ունեցող հարցում ժողովրդին տեղյակ պահելու և ժողովրդի կամքը հաշվի առնելու ցանկության մասին։
Հայտնի քաղաքական ճամբարներից վարչապետի ընդդիմախոսները փորձեցին քննադատել այս դիրքորոշումը հետևյալ փաստարկների օգնությամբ.
ա) Ինչպե՞ս կարելի է ՑԱՆԿԱՑԱԾ որոշման ընդունման համար մարդկանց հավաքել Հանրապետության հրապարակում
բ) Ինչպե՞ս կարելի է ԲՈԼՈՐ ՀՀ քաղաքացիներին հավաքել Հանրապետության հրապարակում
Երկու պնդումն ել մտացածին են և ուղղակիորեն հանդիսանում են այն խրտվիլակի ձեռքերն ու ոտքերը, որին հատուկ ստեղծում են, որպեսզի հեշտ քննադատեն։
Այսպիսի դատողությունները դասվում են համապատասխանության կամ ճշմարիտության մոլորությունների շարքին. Քննարկվող հարցին վերաբերող պնդումների փոխարեն այն թիրախավորում է այդ հարցի միտումնավոր ձևափոխված տարբերակը։
Հայտնի են այս տեխնոլոգիային հետևյալ տարբերակները։
– Ընդդիմախոսի խոսքերի կոնտեքստից դուրս մեջբերումը՝ ամբողջական կարծիքը խեղաթյուրող պնդումների միտումնավոր ընտրություն
– Իր դիրքորոշումը թույլ ներկայացնող ընդդիմախոսին պաշտպանվողի կարգավիճակում ներկայացնելը և նրա պնդումները ժխտելը՝ այդպիսով իսկ սխալ հանելով տվյալ դիրքորոշումը պաշտպանող բոլոր մարդկանց։
– Ընդդիմախոսի կարծիքի չափից դուրս պարզեցումը և հետո պարզեցված տարբերակը քննադատելը
– Ընդդիմախոսի կարծիքի չափազանցնելը և այնուհետև այդ չափազանցված կարծիքը քննադատելը։
1977-ին ԱՄՆ-ում բանկ թալանելու մի գործով դատավարության ժամանակ մեղադրող կողմը ներկայացնող դատախազը իր եզրափակիչ խոսքում ասաց հետևյալը.
«Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե բերված ապացույցները բավարար չգտնեք և ամբաստանյալին մեղավոր չճանաչեք, ապա մենք նույն հաջողությամբ կարող ենք բացել բոլոր բանկերի դռները և մարդկանց կոչ անել՝ եկեք վերցրեք փողերը, ում որքան պետք է, մեկ է՝ երբեք չենք կարողանա դատապարտել նրանց։»
Սա դատավորների վրա ազդելու խորամանկ խրտվիլակի օրինակ է։ Իրականում հասկանալի է, որ այս ՄԵԿ գործով մեղավոր չճանաչելու նախադեպը դժվար թե բերի նրան, որ ԲՈԼՈՐ բանկ թալանողները անպատիժ կմնան։
Խրտվիլակի հնարքի է մեկ այլ հայտնի օրինակ է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի այսպես կոչված “Շաշկիի ճառը”։ 1952-ին նախագահական ընտրարշավի ժամանակ Նիքսոնին մեղադրեցին ընտրարշավի բյուջեից $18,000 յուրացման և անձնական նպատակներով օգտագործման համար։
Ուղիղ եթերում անդրադառնալով այս հարցին Նիքսոնը սկսեց խոսել մեկ այլ թեմայի՝ աջակիցների կողմից նվիրված մի շան մասին։
«Այդ շունիկը մի փոքրիկ կոկեր սպանիել էր։ Հեռավոր Տեխասից նրան մեզ մոտ էին ուղարկել փայտե վանդակում։ Սև-սպիտակ, պուտավոր…Մեր վեց տարեկան դուստրը՝ Թրիշան նրան կոչեց Շաշկի։ Եվ գիտեք ինչ, մեր երեխաները, բոլոր երեխաների նման սիրեցին այդ շանը, և ես ուղղակի ցանկանում են դա ասել հենց այստեղ, անկախ այն բանից թե որ ինչ կասի, մենք նրան պահելու ենք մեզ մոտ»։
Սա դասական խրտվիլակի հնարք էր. քննադատները երբեք չքննադատեցին շանը նվեր ստանալու փաստը կամ պահանջեցին, որ շանը հետ վերադարձնեն։ Ընտրված պնդումը շատ ուժեղ էր մարկանց գումարների յուրացման թեմայից շեղելու և քննադատներին «քթի մազ» և անսիրտ որակելու առումով։ Նիքսոնը ստացավ ժողովրդի աջակցությունը։ Նա և ԱՄՆ նոր նախագահ Էյզենհաուերը ընտրվեցին ձայների ճնշող մեծամասնությամբ։
Այսօր այսքանը։ Զգուշացեք մանիպուլյատիվ և ոչ ադեկվատ խրտվիլակներից։