[80 հարցազրույց]-ը շարունակում է բացահայտել մեր կողքին ապրող տաղանդավոր և հետաքրքիր մարդկանց։

Նրանց կարելի է տեսնել սրճարանում կամ փողոցում և չճանաչել, սակայն նրանց հետ զրուցելը ոչ պակաս (իսկ որոշ դեպքերում ավելի) հետաքրքիր է, քան ավելի հայտնի մեր հայրենակիցների և ծանոթների։

Այսօր մեր հարցերին է պատասխանում staff.am կարիերայի օնլայն հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։


Կպատմե՞ք Ձեր մասին։ Ինչպես հայտնվեցիք staff.am – ում։

2001-2002 թվականներին, երբ նոր էր վերադարձել ԱՄՆ-ից, սկսեցի հետաքրքրվել թվային մարքեթինգով (digital marketing)։ Այդ ժամանակ Հայաստանում այդ ոլորտում ակտիվ շատ նախագծեր գոյություն չունեին, և ես հիմնականում օգտվում էի ամերիկյան աղբյուրներից։

Շատ հետաքրքիր էր ծանոթանալ իրենց փորձին։ Իմ առաջին կայքը, որը դեռ ստեղծել եմ 2004-ին, affiliate marketing-ի բիզնես մոդելի հիման վրա էր ստեղծված, (երբ եկամուտ ես ստանում գործընկերների կայքերի հղումներ տեղադրելով, այնտեղ այցելուներ ուղղորդելով և դրանից միջնորդավճար ստանալով)։

Նույնիսկ հաջողացրել եմ որոշ վաճառքներ ունենալ՝ նկարներ, e-book-ներ և այլն։

Այդ ժամանակ նաև փոքր ընկերություն ունեի, որը կայքերի պատրաստման և մարքեթինգի ծառայություններ էր մատուցում։

Այնուհետև աշխատանքի առաջարկ ստացա Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից։

Թեև երբեք չէի մտածի, որ ես նույն տեղում այդքան երկար կարող եմ աշխատել, հաջորդ 10 տարիներս անցան բանկում։

Վստահությամբ կարող եմ ասել, որ բախտս բերել էր այնքանով, որ ես այնտեղ տարբեր ստորաբաժիններում եմ աշխատել։Եվ բոլոր պաշտոններում ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվել։ Օրս երբեք չի անցել ձանձրալի, սահմանափակ գործառույթներ կատարելով՝ ինչպես որ շատերը միգուցե պատկերացնում են բանկի աշխատանքային առօրյան։

Նաև այնպես է ստացվել, որ իմ զբաղեցրած բոլոր պաշտոններում առաջին մարդը ես եմ եղել։ Այսինքն տվյալ աշխատատեղը նոր է ստեղծվել և ես անմիջական մասնակցություն եմ ունեցել դրա կայացման գործում։ Դա շատ լավ է, քանի որ ես միշտ սիրել եմ նոր բաներ սովորել և փորձել։

Այնուհետև 2016-ին եղբայրս սկսեց զբաղվել staff.am-ով։ Նա սեփական ծրագրավորման ընկերություն ուներ, և հաշվի առնելով մարքեթինգի, project management-ի և product management-ի իմ փորձը, առաջարկեց միանալ նախագծին։

Մի խոսքով, ինչ-որ փուլում staff.am-ն այնքան աճեց, որ հնարավոր չէր նրանով զբաղվել հիմնական աշխատանքից դուրս, և ես պետք է ընտրություն կատարեի, ու ես հասկացա, որ եկել է HSBC-ին հրաժեշտ տալու ժամանակը 🙂

Ի՞նչ հնարք եք օգտագործում ժամանակ խնայելու կամ թայմ մենեջմենթի համար։

Իմ տեխնիկական կրթությունը ինձ շատ է օգնում, որովհետև ամեն ինչին մոտենում եմ շատ համակարգված ձևով և դրա արդյունքում շատ բան եմ հասցնում անել․ ժամանակի խնայողության առումով՝ խնդրին ընդհանուր, համակարգված մոտենալը, կարճ լուծում տալու ամենալավ ձևն է։

Իսկ խնդիրներից խուսափելու համար պետք է 2-3 քայլ առաջ մտածել, այլ կերպ չի ստացվի։

Բայց նշեմ, որ դեռ շատ հեռու եմ թայմ մենեջմենթի իմ ցանկալի մակարդակից և ակտիվորեն աշխատում եմ այդ ուղղությամբ։

Ի՞նչն է, որ Ձեր մոտ ավելի լավ է ստացվում, քան ուրիշների: Ո՞րն է Ձեր գաղտնիքը։

Ամենալավը ինձ մոտ ինքս ինձ քննադատելն է ստացվում 🙂 : Ոչ ոք դեռ չի կարողացել գերազանցել ինձ այդ հարցում։

Իմ կարծիքով գաղտնիքը հետևյալն է․ ես համարում եմ, որ միշտ բարելավելու, կատարելագործվելու, առաջ գնալու տեղ ունեմ և հաճախ մարտահրավերներ եմ նետում ինքս ինձ։

Ի՞նչ գիրք եք կարդում հիմա։ Ի՞նչ խորհուրդ կտաք [80օր]-ի ընթերցողներին։

Գիրք շատ եմ ցանկանում կարդալ, բայց ցավոք սրտի հաճախ չի ստացվում ժամանակ գտնել։ Փոխարենը շատ օնլայն ամսագրեր եմ կարդում։ Շատ եմ հետաքրքրվում արհեստական բանականությամբ, տվյալների գիտությամբ (data science), մարքեթինգի և հաճախորդների վարքագծի վրա դրանց ազդեցությամբ։ Հիմնականում այն ամենն ինչ կարդում եմ լինում է դրա շուրջ։

Ինչպե՞ս եք լիցքաթափվում։ Ի՞նչ եք անում, որ աշխատանքի մասին մոռանաք։

Աշխատանքից դուրս ամբողջ ժամանակս թերևս ընտանիքիս հետ եմ ջանում անցկացնել։ Անչափ սիրում եմ երեխաներիս հետ հանգստանալ։ Երկու տղա ունեմ, երկուսն էլ անհատականություններ են։ Իրենց հետ կարող ես խոսել տարբեր թեմաներից։

Մեկ-մեկ, որ հոգնած գալիս եմ տուն, փոքր տղաս ասում է․ <<Գիտե՞ս ինչու ես հոգնած, քանի որ այսօր ինձ դեռ չես գրկել>>։ 🙂

Իսկ ամբողջությամբ կտրվել աշխատանքից առայժմ դեռ mission impossible է, բայց հուսով եմ այդ օրը կգա, երբ նույնիսկ արձակուրդի ժամանակ միտքս զբաղված չի լինի աշխատանքով։

Ամենասիրված վայրը Երևանում։

Երևանում իրականում շատ սիրված վայրեր ունեմ։ Անչափ սիրում եմ դեպի Արարատ բացվող տեսարանը, օրինակ մեր տան պատշգամբից։ Երբեք առիթը բաց չեմ թողնում հիանալ օրինակ Մոնումենտից կամ Նորքից դեպի քաղաք բացվող գեղեցիկ տեսարանով։

Ամենալավ խորհուրդը, որ երբևէ ստացել եք և ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ։

Ամենալավ խորհուրդը, որը ես ստացել եմ, եղել է՝ հավատա քո ուժերին, և շատ ուշադրություն մի դարձրու թե ինչ են ասում քեզ կողքից, քանի որ միայն դու գիտես ինչ ես ուզում, և իրավիճակը ամենալավը դու ես պատկերացնում։

Ինչ խորհուրդ կտայի ես․

Պետք է սիրել այն, ինչ անում ես։ Մենք դա երբեմն քիչ ենք կարևորում կյանքում, բայց իզուր, քանի որ դա թերևս, նույնքան կարևոր է, որքան շփվելն այն մարդկանց հետ, ովքեր քեզ հաճելի են, ապրել այն մարդու հետ ում սիրում ես։

Այդ պատճառով ձգտեք գտնել ձեր սիրած աշխատանքը, քանի որ դա ևս մեկ էներգիայի աղբյուր է։

Ձեր երկու սիրված ֆիլմերը։

Ֆիլմեր և վերջերս էլ TV series-ներ շատ եմ սիրում դիտել։ Եվ բնականաբար շատ դժվար է առանձնացել ընդամենը 2-ը։ Կնշեմ ուղղակի այն ֆիլմերը, որոնք այս պահին ամենաշատը կցանկանայի դիտել։

Առաջինը Ուիլ Սմիթի մասնակցությամբ “Երջանկության հետապնդում” (Pursuit of Happyness) ֆիլմն է։ Այն իրական պատմության վրա է նկարահանված, ու արդեն մի քանի անգամ դիտել եմ։

Երկրորդը՝ Ռոբերտ դե Նիրոյի և Էնն Հեթըվեյի մասնակցությամբ “Ինթերն” (Intern) ֆիլմն է։ Համեմատաբար նոր ֆիլմ է ու շատ շատ եմ սիրում։ Սա էլ պարբերաբար վերանայում եմ։

Կա ինչ-որ բան, որ պետք է ավելի շուտ սկսեիք, կամ ընդհակառակը՝ դադարեիք անել։

Ոչ, չկա 🙂 Աշխատում եմ ոչ մի բանի համար չափսոսել, ու կարծում եմ, որ ամեն-ինչ ունի իր ժամանակը։ Եթե դու այս փուլում ես, ու սկսում ես ինչ-որ բան անել, ուրեմն այդ բանը հասունացել է։

Շատ մտահաղացումներ կան, որ ուզում եմ հետո անել, ու հաստատ գիտեմ, որ կանեմ, բայց իմ կարծիքով ամեն ինչ իր ժամանակն ունի։

Սիրված թևավոր խոսքը, որ լսել եք ուսուցչից կամ դասախոսից։

Իհարկե ուսուցչից կամ համալսարանում չեմ լսել, բայց շատ շատ սիրում եմ այս խոսքը․

It always seems impossible until it’s done. – Դա միշտ անհնարին է թվում, մինչև որ այն անես։ Նելսոն Մանդելա։

Շատ, շատ ճիշտ խոսքեր են։Երբեմն նույնիսկ փոքր բաները ահնար են թվում, բայց երբ անում ես, հետ ես նայում ու տեսնում ես, որ արդեն արված է։ Այս իսկ պատճառով, բացի այն որ շատ սիրում եմ այս խոսքը, հաճախ նաև իրենով առաջնորդվում եմ։

Ամենատպավորիչ ճանապարհորդությունը՞

Երբ որ ուսանող էի ու ԱՄՆ-ում էի սովորում, կազմակերպեցինք ու ընկերուհիներով գնացինք Նյու Յորք։ Փոքրիկ հաղթանակ էր նյույորքյան այս ուղևորությունը, քանի որ այդքան շատ գումար չունեինք, և կային այլ խոչընդոտներ, բայց դե ցանկությունը մեծ էր։

Մի ամբողջ օր նվիրել էինք Նյու-Ջերսիում գտնվող amusement park այցելությանը, իսկ երեկոյան քաղաք վերադառնալիս արդեն մթնել էր։ Ովքեր եղել են Նյու Յորքում, կհասկանան իմ հիացմունքը, երբ քաղաք մտնելիս աչքերիդ առաջ հառնում են նյույորքյան լուսավորությամբ ողողված երկնաքերերը, որոնք այնքան գերող են ու նայելիս քեզ թվում է ամեն ինչի հնարավոր է հասնել այս կյանքում։

Դրանից հետո շատ եմ ճանապարհորդել, և այցելել Նյու Յորքի նման մեգապոլիսներ, բայց այդ օրվա պատկերը մինչև հիմա աչքիս առջև է։