Մեծ պոտենցիալ ունեցող պամվածքներ

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

– Դեռ շատ են գալու… այնքան, մինչև որ կհասկանան ժամանակի էությունը։

– Այսինքն երբ հասկանան՝ չե՞ն գա։

– Չեն էլ ցանկանա…

Մի Յան աչքերը բացեց թանձր ծխի ներքո։ Մի փոքր նոսրացնել էր պետք, թե չէ շատ խեղդող էր։ Վերցրեց կլանիչն ու միացրեց արևային ճառագայթչից։ Օդի միջից մաքրվեցին այրված բենզինի ու գազի մնացորդները, քիմիական փորձարկումներից մնացած գազերը, այրված վառոդի բույրն ու ավելորդ բացասական տարրերը։

<<Հանգիստ շունչ կքաշեմ>>,-մտածեց նա և թիկնեց ճոճաթոռին։ Հանկարծ արագաթարթ աչքերը ընկան ժամացույցին։

– Օ՜հ, 69-անց կես է… նախաճաշի ժամն է։ Սօ Յի՛, ի՞նչ կա պատրաստած։

Կինը խոհանոցից դանդաղ քայլերով գնաց նրա ննջասենյակ։

– Նախաճաշը պատրաստ է։ Կարող ես գալ։ Ամեն ինչ էլ ունենք։

– Լավ է ,-ասաց Մի Յան և կանգնելով ոտքի, ուղղելով առաջ ծռված մեջքը և սրբելով ծխից սևացած աչքերը գնաց խոհանոց։

Խոհանոցից գալիս էր տաք յուղի և ծծմբի բույր։ Դրա գայթակղությունը այնքան մեծ էր, որ Մի Յան չէր համբերում, թե երբ էր վերջապես հասնելու խոհանոց։ Մեկ քայլ, երկուսը…քառասուներորդը և վերջապե՜ս, կարող էր հանգիստ նստել ու վայելել նախաճաշը։

Պատերը հանկարծակի սկսեցին ահազանգել։ Մի Յան հեռակառավարման վահանակով միացրեց պատերի թափանցիկությունը։ Դրսում խառնաշփոթ էր։ Բոլորը հավաքվել էին մի վայրում և ուշադիր զննում էին տարօրինակ և չափազանց հին մոդել ունեցող մի հրթիռ։

– Սա՞ ինչ բան է։ Այսպիսի հրթիռներ մոտավորապես քսան հազար տարի առաջ էին պատրաստում։ Ինչպե՞ս է այն հայտնվել այստեղ։- պատկերը խոշորացնելով ասաց Մի Յան։

– Ինձ թվում է դա կրկին կանաչ մոլորակից է եկել,- գլուխը տարուբերելով ասաց կինը։

– Լավ չէ…

– Տեսնես մի օր նրանց միջից դուրս կգա՞ այդ հետաքրքրասիրությունը։

– Դա հետաքրքրասիրություն չէ, ուղղակի ապրելու վայր են փնտրում… իրենք էլ դեռ դա չեն հասկանում։ Բնազդ է, անում են։

– Իրենց բավական չէ՞ այդ մոլորակը։

– Մի երկու պայթյուն էլ և վերջ… նոր տեղանք է պետք պայթյունների համար,- ասաց Մի Յան և դանդաղ քայլերով դուրս գնաց։

Իրարանցումն ավելի էր թեժացել։ Երկու նեպտունցի բռնել էին մի արարածի և փորձում էին հասկանալ նրա բառերը։

Այդ արարածը ուներ սպիտակ մաշկ, շագանակագույն աչքեր, սև մազեր և ձեռքին էլ ինչ-որ տեսախցիկ կար։

– Ո՞վ ես դու,- հարցրեց մի նեպտունցին։

– Ի՞նչն է քեզ այստեղ բերել,- բղավեց մյուսը։

Այդ արարածը շփոթված ինչ-որ բառեր էր ասում, սակայն ոչ ոք նրան չէր հասկանում։

– Նա կանաչ մոլորակից է եկել,- ասաց Մի Յան։

– Կանաչ մոլորա՞կ։

– Այո։ Դա մեզնից մոտավորապես 29.987.476 միլիոն լուսնային տարի հեռու է գտնվում։ Վերջին անգամ երկու ամիս առաջ էին եկել այնտեղից։

– Իսկ ի՞նչ եղավ նրանց։

– Րոպեն րոպեյվա վրա փոխվում էին։ Մի տեսակ կնճռոտվում, մազերը սպիտակում և անշնչանում էին։ Մենք էլ պահեցինք նրանց մարմինները մեր փորձասենյակում։ Նրանք իսկը այս արարածի նման էին,- ասաց Մի Յան և մոտեցավ այդ արարածին։

– Չեզոքացրեք նրան…

– Այո, ճիշտ եք,- ասացին նեպտունցիները և հարձակվեցին նրա վրա։ Նեպտունցիները անխնա հարվածում էին նրան։ Երբ այդ արարածը սկսեց արնահոսել, բոլորը ապշած հարցրեցին իրար. <<Սա՞ ինչ բան է։ Երբևէ տեսած կա՞յիք նման բան>>։

– Իրենց սիրելիներից է… իրենք հողերը հաճախակի են սրանով ջրում, դրա համար էլ իրենց մոլորակը քիչ-քիչ ոչնչանում է ,- ասաց Մի Յան և գրպանից հանելով մի կոտրված հայելի՝ խրեց նրա կոկորդը։

Նեպտունում ամենօրյա մթությունն էր տիրում։ Նեպտունի բնակիչներից ամեն մեկը իր գործին էր անցել. քայլել, ուտել, օդը մաքրել, լուսավորության նոր միջոցներ ստեղծել, պառկել, վեր կենալ, քայլել և այդպես շարունակ, մինչև կզգան, որ քնի կարիք ունեն։ Քնում էին, դադարում շնչել. օդը մշտապես պղտորվում էր, եթե քնած ժամանակ շնչեին՝ արթնանալը բարդ կլիներ, կարելի է ասել անհնարին։

Մի Յան ոչինչ անելու ցանկություն չուներ, առավել ևս քնելու։ Նա դանդաղ քայլերով դուրս եկավ ննջասենյակից, վերցրեց օդամաքրիչն ու դուրս գնաց։ Օդում այնքան փոշի և թունավոր գազեր կային, որ ողջ կյանքը մաքրեր՝ չէր վերջացնի։

<<Գրողի տարածները, հատ առ հատ ոչնչացնել է պետք։ Այսպես շարունակվի՝ մեր մոլորակն է ոչնչանալու>>,- մտածում էր Մի Յան և հանկարծ աչքը ընկավ մի լուսնային կետի։ Այն գնալով մեծանում էր։-<< Հրթիռ է։ 3000 լուսնային տարի... 1500-ը…արդեն 500-ը… Արագ է, ի՜նչ խոսք։ Նորի՞ց նրանք են։>>-մտածեց նա և կամաց-կամաց մոտեցավ հրթիռին։

Հրթիռից ոչ ոք դուրս չէր գալիս։ Մի Յան ինքը մոտեցավ, կոտրեց դուռը և ներս մտավ։ Հրթիռի մեջ պառկած էր մի արարած՝ նման այն մեկին, որին ինքը անցած անգամ սպանել էր։ Մի Յան քաշեց նրա ոտքից և օդ հրեց։ Այդ արարածը արթնացավ և սկսեց վախվորած արտասվել։ Կարծես ինչ-որ բան էր խնդրում։

– Երևի կյանք ես աղերսում, հա՞։ Չէ՜, չեմ սպանի։ Դու մի բան պետք է փոխանցես ձերոնց,- ասաց Մի Յան և ժեստեր օգտագործելով փորձեց հասկացնել նրան իր ասելիքը։

– Չե՞ք բավարարվում եղածով։ Իբր ստեղծում եք, բայց իրականում ոչնչացնում, անիմաստ տեղը սպանում իրար ու մոռանում, որ դուք էլ եք մեռնելու։ Ի՞նչ օգուտ սպանելու մեջ։ Ձեզ օգուտ չկա, բայց մեզ է վնաս. մեր օդում սև խոռոչներ կան, օդը խիտ է՝ լցված թունավոր գազերով։ Կապույտ կետի ձայներ են լսվում այստեղ։ Մեր երեխաները չեն քնում այդ ձայներից։ Հերի՛ք է ոչնչացնեք։ Չգա՛ք այլևս։ Դարձեք այնպիսին, ինչպիսին ստեղծվել եք։ Հեռացի՛ր և չգաս։ Մի անցեք ձեզ համար սահմանված սահմանը։ Եվս մեկ սխալ և բոլորս կործանված ենք, բոլորս,- բղավեց Մի Յան և դուրս գալով հրթիռից՝ ոտքով հարվածեց հրթիռին։ Այն թեք ընկավ հողին և պայթյուն արձակելով ետ թռիչք կատարեց։

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։ Շնորհակալություն։

Մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել հետևյալ եղանակներով․
1. Կատարելով քարտային փոխանցումներ ArCa համակարգով։
քարտի համար 5501 0401 0009 7350 (GAREGIN HARUTYUNYAN)
2. Բաժանորդագրվելով PATREON-ում այս հղումով
3․ Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։
4. PayPal։ garegin1@gmail.com

Ավելի քան հազար տարի ոչ մի օտար արարած ոտք չդրեց Նեպտուն։ Սակայն Նեպտունը ամբողջովին փոշու տակ էր անցել։ Օդը լցված էր պերմետրինով, նիտրատով, նեպտունցիները ներսից դող էին զգում, թուլություն։ Ապրելն էլ այնտեղ անիմաստ էր։ Նրանք հավաքելով իրենց իրերը լքում էին մոլորակը։ Մի Յան մի կերպ քայլելով դուրս եկավ տնից։

– Արագացրու՛, ծերու՜կ, հիմա մեր թռչող ափսեն տիեզերք կբարձրանա,- բղավեց կանաչ նեպտունցին։

– Հազա՜ր էի ասում, հարազատ մոլորակը լքելը սխալ է։ Այ որ լսեիք ինձ՝ ոչնչացնեինք դրանց, հիմա այս օրին չէինք լինի,- բղավում էր Մի Յան։

– Մեղավոր ենք… բայց ի՞նչ օգուտ։ Իրենք իրենց ոչնչացնում են։

– Դա է պատճառը, սա էլ հետևանքը։ Մենք պիտի անեինք դա, մենք սխալ էինք։

– Լռի՛ր, արագ բարձրացիր, թե չէ փոշեկույտ կդառնաս – ասաց կապույտ նեպտունցին։

Նրանք ափսե բարձրացան։ Այն արդեն բաց տիեզերք էր դուրս գալիս և հենց այդ պահին Մի Յան նկատեց, թե ինչպես են հարյուրավոր հրթիռներ թռչում դեպի Նեպտուն։

– Սա՞ ինչ բան է,- հարցրեց նեպտունցիներից մեկը։

– Կանաչ մոլորակից են։ Ողորմելիները կործանեցին իրենց մոլորակը, նորն են փնտրում։ Թող գնա՜ն, Նեպտունը փչացրին, հիմա էլ ավերելու հերթն է։

– Նրանք նույնիսկ մեկ օր չեն ապրում, ինչպե՞ս են Նեպտունում ապրելու։

– Դեռ շատ են գալու… այնքան, մինչև որ կհասկանան ժամանակի էությունը։

– Այսինքն, երբ հասկանան՝ չե՞ն գա։

– Չեն էլ ցանկանա…

Լուսանկարը՝ Wayne Haag

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։